Հասարակությունը չի հասկանում ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանությունը Թուրքիայի հարցում
2009 թ. մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրել է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ:
Արծարծվում էր երեք թեմա՝ յուրաքանչյուրը կոնկրետ իրադարձության օրինակով. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:
«Արարատ» կենտրոնի հարցաշարին պատասխանել են հայրենի և սփյուռքահայ գիտնականներ, փորձագետներ, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցազրույցների նախնական վերլուծությունը կատարվեց այսօր` ստացված 200 պատասխանների հիման վրա:
Խորհրդարանական բոլոր խմբակցություններին, արտգործնախարարությանը, ինչպես նաեւ ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդին եւս ուղարկվել է հարցաշարը, սակայն նշված ատյաններից ոչ մի պատասխան կենտրոնը չի ստացել:
Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում. Սկսած 2007 թ. դեկտեմբերից` Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի դպրոցականների շրջանում ցուցադրում է տեսաֆիլմ, որում պատկերվում է, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրք ժողովրդին:
«Ինչպես եք գնահատում Թուրքիայի կառավարության այս քայլը» հարցին հարցվողների 96 տոկոսը խիստ բացասական գնահատական է տվել` այն որակելով որպես թշնամական, հայատյաց, ցեղասպանության քաղաքականության շարունակություն, թուրք հասարակությանը ցեղասպանի «կոմպլեքսից» ձերբազատելու փորձ եւ այլն: Մասնակիցների միայն 3,5 տոկոսն է հարաբերականորեն մեղմ արտահայտվել այդ քայլի վերաբերյալ:
Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ. «Ինչպես եք գնահատում Թուրքիայի կառավարության այս քայլը» հարցին հարցվողների 96 տոկոսը խիստ բացասական գնահատական է տվել` այն արակելով որպես թշնամական, հայատյաց, ցեղասպանության քաղաքականության շարունակություն, թուրք հասարակությանը ցեղասպանի «կոմպլեքսից» ձերբազատելու փորձ եւ այլն: Մասնակիցների միայն 3,5 տոկոսն է հարաբերականորեն մեղմ արտահայտվել այդ քայլի վերաբերյալ:
Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները խոսում են հայ-թուրքական հարաբերություններում դրական զարգացումների մասին: Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը 2009 թ. փետրվարի 19-ին հայտարարել էր, որ Ղարաբաղի հիմնահարցի նկատմամաբ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները համընկնում են, եւ որ Թուրքիան ու Ադրբեջանը այդ քաղաքականությունը մշակել եւ իրականացնում են համատեղ:
«Արդյոք այս հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությունը» հարցին պատասխանողների 11 տոկոսը, առանց վերապահումների, կողմ է արտահայտվել: 61 տոկոսը դեմ է, 6,5 տոկոսն էլ կոնկրետ պատասխան չի տվել, իսկ 1,5 տոկոսը պատասխանել է` չգիտեմ: 20 տոկոսն էլ կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններին, սակայն վերապահումներով` ոչ ի հաշիվ ազգային շահերի եւ խնդիրների, մերժելով Թուրքիայի նախապայմանները. «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»:
ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը. «Ինչպես եք գնահատում 2009 թ. փետրվարի 21-ի ՀՀ վարչապետի հրավերը Թուրքիային` մասնակցելու Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը» հարցին պատասխանողների 81.5 տոկոսը բացասական գնահատականներ է տվել, 5 տոկոսը դրական է գնահատել հրավերը, 3.5 տոկոսը չեզոք են եղել, 2.5 տոկոսն էլ վերապահումով է դրական գնահատել` պայմանով, որ Թուրքիայի ներգրավվածությունը չպետք է վնասի ազգային անվտանգությանը: 5 տոկոսը չափելի գնահատական չի տվել, իսկ 4 տոկոսը նշել է, որ չգիտի պատասխանը: Հարցվողների 92 տոկոսն էլ դեմ է թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին:
Քաղ. գիտ. դոկտոր «Արարատ» ռազմագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, ամփոփելով տվյալները, եկել է այն եզրակացության, որ հասարակությունը չի հասկանում ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանությունը, չի վստահում Թուրքիայի հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերություններ հաստատելու` ՀՀ քաղաքականության արդյունավետությանը, չի ընդունում այդ քաղաքականության կրավորականությունը:
«Առավել մտահոգիչ են իշխանությունների մի շարք վերջին գործողություններն ու հայտարարությունները` Թուրքիայի անցյալ եւ ներկա թշնամությունն անտեսելը, Հայաստանի դեմ ձեռնարկվող բազմաթիվ թշնամական քայլերն անպատասխան թողնելը, ընթացող բանակցությունների բովանդակության մասին ժողովրդին չիրազեկելը, թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի կառուցման գործընթացին մասնակից դարձնելը` նրանց որպես բաժնետեր ընդունելու համաձայնությունը»,- եզրակացրեց Արմեն Այվազյանը:
Նա գտնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության այս ընթացքն ընդունակ է առաջ բերել հայ հասարակության նոր պառակտում` արտաքին թշնամու նկատմամբ անհիմն` «բարեկամական», եւ համարժեք` թշնամական բեւեռացված դիրքավորվածություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել