HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնում գրասենյակային աշխատանք գտնելն անհնար է

Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, Էջմիածնի տարածաշրջանին (ընդհանուր առմամբ 43 համայնք) սպասարկող զբաղվածության կենտրոնում գրանցվել է 1038 գործազուրկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվն ավելին է եղել` 1124 քաղաքացի: Սակայն, այս տարի ավելացել է աշխատանք փնտրողների թիվը 1254 հոգի` նախորդ տարվա 1247-ի փոխարեն: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարի Էջմիածնի զբաղվածության կենտրոնի աջակցությամբ աշխատանքի են տեղավորվել 48 մարդ, իսկ այս տարի 39: Աշխատանք փնտրողների 73 տոկոսը կանայք են: Իրականում գործազուրկների թիվը շատ ավելին է, պարզապես գործազուրկ չեն համարվում այն գյուղացիները ովքեր թեեւ հող չեն մշակում, սակայն ունեն սեփականաշնորհված հողատարածք: «Հետքի» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Մկրտիչ Զոհրաբյանը նշեց, որ իրենց կենտրոն դիմած աշխատանք փնտրողների միջին տարիքը 40 եւ ավելին է: Հավանաբար երիտասարդները չեն գնում զբաղվածության կենտրոններում գրանցվեն, քանի որ հատկապես Էջմիածնում դժվար է գրասենյակային որեւէ աշխատանք գտնելը` գործատուների մեծամասնությունը բանվորներ են պահանջում: «Այս տարվա աշխատանքի տեղավորվածների մեծ մասը բանվորի, պահակի, վարորդի, հավաքարարի գործի է տեղավորվել: Թեեւ ասեմ, որ մեկական հոգի էլ տեղավորվել ու աշխատում են որպես վաճառողուհի, մանկապարտեզում դայակ, հիվանդանոցում սանիտարկա, փականագործ, հսկիչ, մենեջեր եւ դիմահարդար: Գործատուները հիմնականում երիտասարդ մասնագետներ են պահանջում, սակայն մեզ մոտ երիտասարդները քիչ են: Օրինակ, Մայր Աթոռից են մեզ դիմել եւ պահանջում են գրախանութների ցանցի տնօրեն, հաշվապահ, ֆինանսիստ-տնտեսագետ, բայց գիտելիքների իմացության պայմաններն էլ են շատ խիստ դրել: Հիմա փնտրում ենք, տեսնենք կգտնե՞նք նման մասնագետներ, որոնք նաեւ համակարգչային գիտելիքներ էլ կունենան: Փառք Աստծու, մինչեւ հիմա տնտեսական ճգնաժամը մենք չենք զգացել, հուսով եմ այդպես էլ կշարունակվի»,-ասաց կենտրոնի տնօրենը: Նրա խոսքերով, տղամարդկանց համար ավելի հեշտ է աշխատանք գտնելը, քան կանանց, թեեւ վաճառողի, հավաքարարի աշխատանքներում էլ գործատուները կին են պահանջում: Պարոն Զոհրաբյանի խոսքերով, այս օրերին կենտրոնը 8 հաշմանդամ համար փականագործի 4-ամսյա ուսուցողական ծրագիր է իրականացնում, որի ավարտից հետո բոլորն էլ կտեղավորվեն աշխատանքի: «Նրանց մեծամասնությունը կույրեր են ու ծրագրի ավարտից անմիջապես հետո աշխատանքի կտեղավորվեն Էջմիածնի կույրերի միավորումում: Այս ծրագիրը հաջողվել է այն պատճառով, որ պետական բյուջեից գումար է հատկացվում այն գործատուներին, որոնք կհամաձայնվեն իրենց մոտ աշխատանքի ընդունել զբաղվածության կենտրոններում գրանցված խոցելի խմբերին: Պետությունը գործատուներին փոխհատուցում է խոցելի խմբերին տրվող աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձը»,-ավելացրեց Մ. Զոհրաբյանը: Նշենք, որ այս տարի Էջմիածնում առաջին անգամ իրականացվելու է «Այլ վայր աշխատանքի գործուղման ծրագիրը»: Բացի Երեւան քաղաքից մարզերի գործազուրկները կարող են աշխատանքի տեղավորվել հանրապետության ցանկացած վայրում: Կառավարությունը պետբյուջի միջոցներից հոգում է աշխատողի եւ նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ գույքի տեղափոխման, օրապահիկի, բնակարանի վարձակալության, կոմունալ ծախսերի վճարները: Բացի դա, տարին 4 անգամ էլ պետբյուջեից հատկացվող գումարների հաշվին այլ վայր աշխատանքի անցած քաղաքացին կարող է գնալ իր բնակավայր: «Արդեն 2 հոգի ունենք, որոնք պատրաստակամ են մեկնել այլ վայր աշխատելու, սակայ այս պահին թափուր աշխատատեղ չկա: Երկուսն էլ ուսուցչուհիներ են` մեկը կենսաբանության ու քիմիայի, մյուսը՝ ռուսաց լեզվի»,-ասաց պարոն Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter