HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա. Այվազյան. «Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս կոպիտ սխալներ»

14_04-a_ayvazyan«Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ թույլ են տալիս այնպիսի կոպիտ, «թվաբանական» սխալներ, որոնք կարող են ունենալ կործանարար հետեւանքներ: Այդ սխալ ուղեգծի ջատագով է նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: Խոսքը վերաբերում է հայ-թուրքական հակամարտության խնդիրներին»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Քաղ. գիտ. դոկտոր, «Արարատ» ռազմագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նա ներկայացրեց սխալների շարքը, որը մտահոգիչ է, քանի որ մեր իշխանությունները Թուրքիան դիտում են ոչ այնպես, ինչպես կա` թշնամի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները շարունակաբար գնահատվում են իբրեւ «խիզախ գործընկերներ», «նորմալ մարդիկ». «Ապրիլի 9-ին ՀՀ նախագահը հենց այդպես` «նորմալ մարդ» գնահատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը հայության դեմ ռասիստական քաղաքականության ղեկավարն է, 2005 թ. Նախիջեւանում հայկական հուշարձանները ոչնչացնելու հանցագործ հրամանի հեղինակը»: Անդրադառնալով նախագահի` իր պաշտոնավարման մեկամյակի առթիվ ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ նա նշել էր, թե մինչ այժմ չգիտի, թե Թուրքիան ինչպիսի իրական նպատակներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ որ «իհարկե, հնարավոր է», որ «ֆուտբոլային դիվանագիտության» հույսերն ու հաշվարկները սխալ դուրս գան, Արմեն Այվազյանը մի շարք հարցեր է առաջադրում: «Եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչու չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, ինչու չեն կազմակերպում հրապարակային բանավեճեր: Եթե դեռ չգիտեն Թուրքիայի նպատակները, ինչու էր նախագահն անցյալ աշնանը համաձայնում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումներում, ինչու էր հայտարարում, որ նրանք, ովքեր չեն հավատում Թուրքիայի` Ղարաբաղյան խնդրում աջակցելու կարողությանը, «աննորմալ են»»,- հարցնում է Արմեն Այվազյանը: «Ինչու»-ների շարքը շարունակական է, օրինակ` ինչու են հայկական հեռուստաեթերում թուրքամետ անզուսպ արշավ կազմակերպել, ինչու են թուրքական ընկերություններին առաջարկում դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր, ինչու հասարակությունը տեղյակ չէ հայ-թուրքական բանակցություններից, ինչ բովանդակություն ունի ՀՀ Հանրային եւ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունների միջեւ 2008 թ. աշնանը կնքված պայմանագիրը եւ այլն: Արմեն Այվազյանը նշեց, որ հայ-թուրքական հակամարտության կարգավորումն այսօր քարոզվող արագ, «սպորտային» միջոցներով անհնար է: «Այս իրավիճակը հայ հասարակության ավանդական-հայրենասիրական դիրքորոշումներ ունեցող շերտերի մեջ առաջացրել է անապահովության, անպաշտպանվածության սուր զգացում, ազգային արժանապատվությունն ու կենսական շահերը պետական մակարդակով ոտնահարելու դառը մտորումներ, իբրեւ արդյունք` ՀՀ կառավարության նկատմամբ խոր անվստահություն»,- եզրափակեց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter