HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրատարակվել է Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակը»

14-04-oskanyanbook_coverՍիվիլիթաս հիմնադրամը հրատարակել է Վարդան Օսկանյանի«Անավարտ տասնամյակ» գիրքը: Այն Վարդան Օսկանյանի արտաքին գործերի նախարարության շրջանի  ելույթների ընտրանին է: Գրքում ներառված մոտ հարյուր ելույթների մեծ մասը հնչել է աշխարհի տարբեր ամբիոններից` ՄԱԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, ավելի քան տասնյակ միջազգային գիտական կենտրոններում, ինչպես նաև սփյուռքի և Հայաստանի տարբեր հաստատություններում: Գրքում ներառված ելույթները նախորդ տասնամյակում Հայաստանի արտաքին քաղաքականության էվոլյուցիայի արտացոլումն են: Դրանք ներկայացնում են Հայաստանի տեղը, դերը և քաղաքակնությունը տասնամյա պատմության տարբեր շրջաններում, ինչպես նաև արտացոլում են աշխարհաքաղաքական զարգացումների, միջազգային և տարածաշրջանային նշանակալի իրադարձությունների դրսևորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Մանրամասն ներկայացված են միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերությունները Վարդան Օսկանյանի նախարարության տասը տարիների ընթացքում, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի զարգացումը անցած տասնամյակում: Որոշակիորեն արտացոլված են նաև կարևոր ներքաղաքական իրադարձությունները: Գիրքը հրատարակվել է երկու լեզվով` հայերեն և անգլերեն: 1998-ից 2008 թ. աշխարհի ավելի քան 30 քաղաքներում հնչեցրած այս ելույթներն ունեն մեկ ընդհանրություն, որ ձևակերպված է Վարդան Օսկանյանի կողմից գրված նախաբանում. «Որպես հինավուրց ժողովրդի ներկայացուցիչ, որը նորաստեղծ պետականություն ունի, ես ամբիոն բարձրանալու առիթներից յուրաքանչյուրը դիտարկել եմ որպես մեզ տրված հնարավորություն` պատմության առարկայից կամ վկայից վերածվելու մասնակցի ու դերակատարի համաշխարհային պատմության կերտման գործում: Ես վստահ էի, որ դիմում եմ այն մարդկանց, որոնք ազդեցություն ունեին մեր զարգացման ու ապագայի կերտման վերաբերյալ կարծիքների ձևավորման ու քաղաքականության մշակման վրա: Ես խոսում էի լսված լինելու համար»: Որպես ամփոփում, Վարդան Օսկանյանը դեռևս 2008 թ. օգոստոսին գրված նախաբանում խոսել է որպես քաղաքացիական հասարակության անդամ իր հետագա անելիքների մասին: «Հայաստանի համար վստահությունն ու հեռատեսությունը կենսական են: Սեփական ձեռքբերումներն ու ներուժը թերագնահատելը կնշանակեր արժեքավոր պաշար վատնել: Սա այն պատգամն է, որ ես բերելու եմ, շարունակելով անել այն ամենը, ինչ կարող եմ` որպես քաղաքացիական հասարակության անդամ, հատկապես քաղաքական գործընթացների միջոցով խորացնելու Հայաստանի բարգավաճումն ու հարատև կայունությունը և մեր ժողովրդի արդար ու արժանապատիվ կյանքին նպաստելու ուղղությամբ աշխատելու համար: Ինձ և մեր ողջ սերնդին այս հնարավորությունն ունենալու բախտ է վիճակվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter