
Սամվել Ալեքսանյանի «Yerevan City»-ում վաճառվում են ժամկետանց մանկական շիլաներ (վիդեո)
Տաթևիկ Ղարիբյանը մեկ շաբաթ առաջ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի «Yerevan City» սուպերմարկետից գնել է «Preston» ֆիրմայի վարսակի շիլա: Շիլան Տաթևիկը գնել է աղեստամոքսային խնդիրներով հիվանդանոցում պառկած 4-ամյա երեխայի համար: Սակայն պատրաստելիս վատ հոտ է զգացել և համտեսել է այն: Համն էլ Տաթևիկին դուր չի եկել: Չնայած գնելու ժամանակ ժամկետին նայել է՝ տհաճ հոտից հետո փորձել է մեկ անգամ ևս ստուգել պիտանելիության ժամկետները: Տաթևիկը նկատել է, որ ժամկետի մասին ազդարարող փոքրիկ գրությունը առանձին սոսնձած է շիլայի փաթեթին, իսկ պոկելով այն` մեկ տարվանից ավելի վաղեմություն ունեցող ժամկետ է հայտնաբերել:
Տաթևիկի պատմածի հետքերով մենք էլ այցելեցինք Ծերեթելի փողոցում գտնվող «Yerevan City» խանութ: Վաճառքի դրած երկու տարբեր տուփերում սոսնձած ժամկետի պիտակներով շիլաներ կային: Փորձնական գնեցինք երկու տուփից էլ մեկական փաթեթ շիլա: 15.07.11 ժամկետի տակ հայտնաբերվեց 15.08.10 ժամկետը:
Մանկական սննդի բաժնի պատասխանատուն ինքն էլ փորձեց նույնը, և հին ժամկետը հայտնաբերելուց հետո կանչեց մենեջերին: «Մենք դա ֆիրմայից ստացել ենք»,- ասաց մենեջեր Լուսինեն և ավելացրեց, որ պահեստապետերն են ստուգում և ստանում շիլաները: Նույնում համոզվեց նաև մենեջերը` բացելով մեկ այլ ժամկետանց շիլայի վրա սոսնձած գրությունը, որից հետո կանչեցին խանութի փոխտնօրենին, այնուհետև նաև տնօրենին: Վերջիններս նույնիսկ համեմատելու համար ժամկետի մեջ եղած և արդեն ժամկետանց մեկական տուփ շիլա բացեցին, որպեսզի համոզվեն հոտերի տարբերության և շիլայի հին լինելու մեջ: Տարբերություն կար ոչ միայն հոտերի, այլ նաև շիլաների գույների մեջ:
Փոխտնօրեն Արտակ Գաբրիելյանն ասաց, որ դրանում իրենց մեղքը չկա, քանի որ իրենք ստանում են մատակարարից, սակայն թե ով է մատակարարը, այդպես էլ հրաժարվեցին անուն նշել` պատճառաբանելով, որ քիչ անց կմոտենա, և ինքներս կկարողանանք նրան հարցեր տալ: Փոխտնօրենը նշեց, որ հավանաբար ինչ-որ կերպ մատակարարը այն խցկել է տուփերի մեջ:
«Ինքը փակ բլոկով է բերվել, երևի բլոկի մեջ է եղել, անցկացրել են»,- ավելացրեց տնօրեն Վահե Մովսիսյանը: Մեր հարցին, թե իրենք չեն ստուգում ստացած ապրանքները, փոխտնօրենը հավաստիացրեց, որ իրենք «ներքևում էլ են ստուգում, վերևում են ստուգում, աշխատողներն էլ են ստուգում»:
Շուրջ 40 րոպե սպասեցինք, որ մոտենա մատակարարը: Մատակարարն այդպես էլ չժամանեց: Շուրջ 1 ժամ անց «Yerevan City» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանը զանգահարեց և ասաց, որ մատակարարն արդեն եկել է, կարող ենք նրան տեսնել Տիգրան Մեծ փողոցի «Yerevan City» սուպերմարկետում:
Վահրամ Կիրակոսյանը սկզբից ամեն կերպ փորձեց կանխել հոդվածի հրապարակումը` իրենց ամբողջ աշխատանքը ջուրը չլցնելու հիմնավորմամբ: Քիչ հետո առաջարկեց հոդվածը չհրապարակելու դիմաց փակել «Հետքի» խմբագրության ֆինանսական ծախսերը: Իսկ երբ ասացինք, որ հոդվածը միևնույն է՝ տպագրվելու, և պնդեցինք, որ հրավիրի մատակարարին, ի վերջո կանչեց նաև նրան` ոմն Աշոտ Ստեփանյանին:
Աշոտն էլ պատմեց, որ ինքը «Preston»-ի կերերը գնել է Մոսկվայի խանութներից մեկում` իբր իր երեխաների համար, սակայն երեխաները չեն կերել, ինքն էլ այն 90 դրամով հանձնել է «Yerevan City»-ին:
Մեր դիտարկմանը, թե արդյոք «Yerevan City»-ն առանց ստուգումների պատահական մարդկանցից նմանատիպ ապրանք է վերցնում, Վահրամ Կիրակոսյանը նշեց, որ քանի որ առկա է եղել սերտիֆիկատ, իրենք վերցրել են: Խնդրեցինք ցույց տալ այդ սերտիֆիկատը (չնայած Մոսկվայի խանութներում սովորական գնորդներին ապրանքի սերտիֆիկատներ չեն տալիս), Աշոտ Ստեփանյանն ասաց, որ մոտը չէ, տանն է: Առաջարկեցինք գնալ իրենց տուն` սերտիֆիկատը տեսնելու համար: Այստեղ սպառվեց Վահրամ Կիրակոսյանի համբերությունը, և նա դադարեցրեց զրույցը. «Գնացեք, ինչ ուզում եք գրեք, հետո կտեսնենք»:
Մեկնաբանություններ (80)
Մեկնաբանել