«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա հուլիսի 12-19-ը
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կկայանա 6-րդ անգամ հուլիսի 12-19-ը: Այս անգամ էլ փառատոնին շարունակում են աջակցել «Վիվա Սել/ՄՏՍ» ընկերությունը` որպես գլխավոր հովանավոր, և մշակույթի նախարարությունը` որպես պետական աջակից:
«Ոսկե Ծիրան»Երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ 6-րդ «Ոսկե Ծիրան»-ը կպահպանի արդեն մշակված ձևաչափը. Փառատոնը կունենա 3 հիմնական ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ինչպես նաև Հայկական համայնապատկեր մրցույթները:
Մրցութային ծրագրերի համար հայտերի ընդունումը սկսվել է հունվարից, վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Փառատոնի կազմակերպիչները ֆիլմեր դիտել, ընտրել և հրավիրել են` մասնակցելով միջազգային այնպիսի հեղինակավոր փառատոների, ինչպիսիք են Ռոտերդամինը կամ Բեռլինինը: Ֆիլմերի հայտագրման հայտարարությունը տարածվել է աշխարհի մի շարք այլ փառատոներում: Մինչև օրս ստացվել են շուրջ 300 ֆիլմեր 60 երկրներից:
Այս տարի 3-րդ անգամ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-16-ը կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, որը նպատակ ունի խթանել համատեղ ֆիլմարտադրությունը:
«Ոսկե Ծիրան»-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի եվրոպական կինոյին. փառատոնը շարունակում է համագործացկել Յունիֆրանս միջազգային ցանցի, Գյոթե ինստիտուտի և մի քանի այլ կառույցների հետ, որոնք ամեն տարի տրամադրում են լավագույն եվրոպական ֆիլմերը:
Այս տարի հատուկ ուշադրության կարժանանա լեհական կինոն, որը մեծ վերելք է ապրում վերջին տարիներին: Հետահայաց ցուցադրությունների շարքում կառանձնանա լեհական կինոյի դասականներից Եժի Սկոլիմովսկու ֆիլմերի ռետրոսպեկտիվը, որը կուղեկցվի հեղինակի մասնակցությամբ:
Արևելք-արևմուտք հավասրակշռության պահպանման համար այս տարի նույնպես կկայանա «Արաբական գիշերներ» կինոծրագիրը, որն անցյալ տարի մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում:
Հետահայաց ցուցադրությունների շարքն այս տարի կառանձնանա հայկական անուններով. մի շարք հոբելյանների առթիվ մեկական երեկո կնվիրվի հայ կինոյում իրենց հետքը թողած գործիչների` Բագրատ Հովհաննիսյանի և Արման Մանարյանի` 80-ամյա և Ներսես Հովհաննիսյանի 70-ամյա հոբելյաններին: Իսկ ՎԳԻԿ-ի 90 ամյակի առթիվ կցուցադրվեն այդ հաստատության շրջանավարտ հայ ռեժիսորների դիպլոմային աշխատանքները, որոնց թվում են Արման Մանարյանի «Տժվժիկը», Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը» և այլն:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կպահպանի նաև վարպեության դասեր անցկացնելու բարի ավանդույթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել