ՄԻ պաշտպանը դատապարտում է
Ապրիլի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել բողոք այն մասին, որ մի խումբ անձանց ոստիկանության աշխատակիցները Բաղրամյան փողոցից, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկել ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Արաբկիրի բաժին և նրանց, մարմնական վնասվածքներ ստացած վիճակում, պահում են այնտեղ: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն անմիջապես այցելել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Այսօր պաշտպանի գրասենյակն այս առնչությամբ տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.
«Ժամը 11:55-ին Պաշտպանի ներկայացուցիչներին ընդունել է Արաբկիրի բաժնի պետ Վ. Ադամյանը, որը հայտնել է, որ «ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար լուսադեմին բաժին են բերվել հինգ քաղաքացիներ», նրանց կարգավիճակի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար առաջարկել է զրուցել բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Հ. Սիմոնյանի հետ:
Հ. Սիմոնյանը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բաժին բերման ենթարկված քաղաքացիները ժամը 2-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում վիճաբանել են միմյանց հետ` տալով սեռական բնույթի հայհոյանքներ: Նշվածը նկատելով` տվյալ պահին վերակարգում գտնվող և իրենց ծառայողական պարտականությունները կատարող, ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի երկու աշխատակիցները մոտեցել են նրանց` փորձելով կարգի հրավիրել: Սակայն, ըստ Հ. Սիմոնյանի, վերջիններս չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին` հարձակվել և ծեծի են ենթարկել նրանց: Ծեծված ոստիկանների ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները և օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել ոստիկանության աշխատակիցներին ծեծի ենթարկած անձանց: Ըստ Հ. Սիմոնյանի հայտնած տեղեկությունների` բաժին բերման ենթարկված բոլոր հինգ անձանց վերաբերյալ կազմվել են ձերբակալման արձանագրություններ, սակայն այդ արձանագրությունները Պաշտպանի ներկայացուցիչներին չեն ներկայացվել: Մինչդեռ հետաքննիչ Վ. Բաբայանը, հայտնել է, որ նշված անձինք չեն ձերբակալվել, ուստի ձերբակալման արձանագրություններ չեն կազմվել:
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են բաժին բերման ենթրակված և մինչև այդ պահը այնտեղ պահվող բոլոր հինգ անձանց` ՀՀ քաղաքացի Գևորգ Փ-ի և ՌԴ քաղաքացիներ Արման Ղ-ի, Զորիկ Գ-ի, Արթուր Ղ-ի և Արսեն Մ-ի հետ: Վերջիններս Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ գիշերը ժամը 01:30-ից 02-ն ընկած ժամանակահատվածում, վերադառնալով Արման Ղ-ի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքից, գտնվել են Բաղրամյան փողոցում, որտեղից ցանկացել են տաքսի կանգնեցնել որպեսզի գնան տուն: Այդ պահին իրենց մոտ կանգնել է սպիտակ գույնի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա: Քաղաքացիական հագուստով միջին տարիքի մի անձնավորություն իջնելով մեքենայից` իրենց հրահանգել է կանգնել և երբ իրենք հարցրել են թե ինչու, այդ անձնավորությունը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իրենց հասցեին, այնուհետև, հարվածել է տղաներից մեկին, որից հետո, մեքենայից իջել և մոտեցել է ևս մեկը` ոստիկանի համազգեստով և նույնպես հարվածել իրենց: Որոշ ժամանակ անց եկել են մի շարք ոստիկաններ և իրենց ծեծի ենթարկելով նստեցրել են մեքենա և բերել ոստիկանության բաժին:
Բերման ենթարկվածներից Գևորգ Փ-ն հայտնել է, որ գիշերը պահվել է բաժնի աշխատասենյակներից մեկում` քնելու և սնվելու հնարավորություն չի ունեցել: Բաժնում իրեն առաջարկվել է ստորագրել մի փաստաթուղթ, որի վերնագիրը չի հիշում, սակայն ինքը հրաժարվել է այն ստորագրել:
Արման Ղ-ն հայտնել է, որ իրեն մեքենան նստեցնելիս հարվածել են և ինքն ուշաթափվել է: Բաժնում իրեն առաջարկվել է ստորագրել մի փաստաթուղթ, սակայն ինքը հրաժարվել է այն ստորագրել, քանի որ հայերեն գրել և կարդալ չգիտի: Պաշտպանի ներկայացուցիչների հարցին պատասխանել է, որ իր վերնաշապիկի վրայի արյան հետքն իր մորաքրոջ տղայի` Արսենինն է: Հայտնել է նաև, որ գիշերն անցկացրել է բաժնի պահման խցերից մեկում` քնելու և սնվելու հնարավորություն չի ունեցել:
Զորիկ Գ-ն հայտնել է, որ գիշերն անցկացրել է բաժնի պահման խցերից մեկում, չի քնել և չի սնվել: Բաժնում իրեն առաջարկվել է ստորագրել մի փաստաթուղթ, սակայն ինքը հրաժարվել է այն ստորագրել, քանի որ հայերեն գրել և կարդալ չգիտի:
Պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպման պահին Զորիկ Գ-ի քթից արյուն է հոսել, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ դա հետևանքն է այն բանի, որ իրեն բաժին բերման ենթարկելուց հարվածել են դեմքին: Պաշտպանի ներկայացուցիչների հարցին պատասխանել է, որ ինքը զրկված է բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:
Արթուր Ղ-ն հայտնել է, որ որ իրեն մեքենան նստեցնելիս ոտքով հարվածել են թիկունքին, այնուհետև, երբ բերել են բաժին ոստիկանության աշխատակիցներից մեկը ապտակել է իրեն: Ինքը Գևորգ Փ-ի հետ գիշերը պահվել է բաժնի աշխատասենյակներից մեկում` քնելու և սնվելու հնարավորություն չի ունեցել: Գիշերը պարբերաբար աշխատասենյակ են մտել ոստիկանության աշխատակիցներ և հայհոյել իրենց: Հայտնել է նաև, որ բաժնում իրեն առաջարկվել է ստորագրել մի փաստաթուղթ, սակայն ինքը հրաժարվել է այն ստորագրել, քանի որ հայերեն գրել և կարդալ չգիտի:
Արսեն Մ-ն հայտնել է, որ գիշերն անցկացրել է բաժնի պահման խցերից մեկում` քնելու և սնվելու հնարավորություն չի ունեցել: Բաժնում իրեն առաջարկվել է ստորագրել մի փաստաթուղթ, սակայն ինքը հրաժարվել է այն ստորագրել, քանի որ հայրեն գրել և կարդալ չգիտե: Արսեն Մ-ի դեմքին, վերջույթներին, ձախ ուսագլխին և որովայնի շրջանում առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ դրանք առաջացել են ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն բաժին բերման ենթարկելու ժամանակ ծեծի հետևանքով: Արսեն Մ-ն հայտնել է նաև, որ իրեն որևէ բժշկական օգնություն չի առաջարկվել և չի ցուցաբերվել:
Պաշտպանի ներկայացուցիչները հետաքննության բաժանմունքի պետ Հ. Սիմոնյանից պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել Զորիկ Գ-ին և Արսեն Մ-ին շտապ բժշկական օգնություն ապահովելու համար, որը խոստացել է որ այն կապահովեն:
Այնուհետև, Պաշտպանի ներկայացուցիչները ցանկացել են ուսումնասիրել բերման ենթարկվածների հաշվառման մատյանը, սակայն ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հերթապահ մասի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննիսյանը հրաժարվել է այն տրամադրելուց, պատճառաբանելով, որ դա իրեն արգելել է բաժնի պետը:
Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ վերը նշված անձինք արգելանքի են վերցվել և ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում անազատության մեջ պահվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածով սահմանված կարգի խախտմամբ, խախտվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով ամրագրված նրանց իրավունքները:
Պաշտպանի աշխատակազմում առկա են խոշտանգումների մասին վկայող լուսանկարներ:
Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունները, անընդունելի է համարում նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի և նրա աշխատակիցների կողմից Պաշտպանի ներկայացուցիչների նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջներն անտեսելու փաստը:
Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական գրությամբ դիմել է ոստիկանության պետին և Հատուկ քննչական ծառայության պետին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել