Անասո´ւն, տակա´նք...
Այս տարի կանանց նվիրված տոները Դիլիջանի թիվ 2 ռուսական դպրոցի փոխտնօրեն Մարինե Քոչարյանի համար ծանր օրեր էին: Իսկ դառն ապրումներն ու զգացումները նրան «պարգեւել» է դպրոցի տնօրեն Կամո Խաչատրյանը՝ անվանելով նրան «անասուն եւ տականք»: Եվ դա մի թեթեւ միջադեպի պատճառով, նույնիսկ, կարելի է ասել՝ անպատճառ:
Մենք կապվեցինք եւ տնօրենի եւ Մարինե Քոչարյանի հետ: վերջինս հաստատեց եղելությունը՝ ավելացնելով, որ նամակ է գրել քաղաքապետին, մարզպետին, կրթության նախարարին եւ վարչապետին, որտեղ նկարագրել է իրավիճակն ու անպատժելիության մթնոլորտը եւ ակնկալում է բարոյական աջակցություն: Սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Եթե լռություն պահպանեն նաեւ այս չինովնիկները, ապա վիրավորված արժանապատվությունը 50-ամյա փոխտնօրենը կվերականգնի դատական ճանապարհով:
Չնայած միջադեպից տեղյակ են շատ դիլիջանցիներ, էլ չենք ասում՝ ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ, սակայն պարոն Խաչատրյանը հերքեց այս ամենը, փոխարենը նկարագրեց իր կաբինետի դեկորացիան:
Նշենք նաեւ, որ դպրոցը համալրված է ընտանեկան կադրերով: Տնօրենի կինը ղեկավարում է դպրոցի ներառական բաժինը, աներձագը դպրոցի խորհրդի անդամ է, աներձագի կինը դպրոցի հաշվապահն է, փեսան՝ ուսուցիչ, խնամին՝ տնտեսական աշխատող:
Այսպիսի բարեհամբույր ու սիրալիր Կամո Խաչատրյանը Գալուստ Սահակյանի ազգականն է: Չի բացառվում, որ սահակյանի վառ անհատականությունն էլ ոգեշնչում եւ ուժ է տալիս պարոն տնօրենին, որպեսզի անարգել վիրավորի կին ուսուցիչներին: Այս տնօրենին էլ, ինչպես շատերին, հաջողվել է վախի մթնոլորտ ստեղծել դպրոցում, ինչի վառ ապացույցը միջադեպիս հետո ուսուցչական կոլեկտիվի լռությունն է: Դեռեւս ոչ ոք չի համարձակվել բարձրաձայն դժգոհություն հայտնել կամ պաշտպանել Մարինե Քոչարյանին: Նման դեպքերում գուցե լռությունն ամենաճիշտ քայլն է՝ աշխատանքը չկորցնելու համար: Սակայն, սիրելի ուսուցիչներ, չի բացառվում, որ Քոչարյանի տեղում օրերից մի օր հայտնվի ձեզնից որեւէ մեկը:
Սրված հակամարտություն
Գագիկ Բեգլարյան-Գագիկ Ծառուկյան հակասություններն այն աստիճանի են սրվել, որ այդ մասին քննարկումներն իջել են շարքային կուսակցականների մակարդակի: Բայց Սերժ Սարգսյանի մերձավորները լուրջ չեն վերաբերվում քաղաքապետի աթոռի համար այս երկու օլիգարխի հրահրած մարտերին, քանի որ վերջին 11 տարվա հայաստանյան իշխանությունը տանում է ոչ թե գաղափարական պայքար, այլ պայքար հանուն տնտեսական ու այլ ազդեցությունների: Ի վերջո, նման գզվռտոցներն ավարտվում են Պախանի հաշտեցման վերդիկտով: Լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, Բեգլարյանն ու Ծառուկյանը երկար չեն դիմակայի միմյանց. շուտով Սերժ Սարգսյանը նրանց ուղղակի իր մոտ կկանչի ու կբացատրի, թե որն է յուրաքանչյուրին հատկացված սեկտորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել