HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնեցի 1081 աշակերտի կյանք վտանգի տակ է

15_04-dprocԷջմիածին քաղաքի թիվ 2 դպրոցում  վերանորոգման աշխատանքներ են ընթացել դեռեւս 2004 թվականից: Սկզբում վերանորոգվել է դպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները, անցկացվել է լոկալ ջեռուցում, սակայն շինարարական աշխատանքները թերի են մնացել: Բանն այն է, որ դպրոցի շենքը 70 տարվա պատմություն ունի, մինչդեռ պետբյուջեից հատկացված գումարներով որոշվել է միջնածածկի փայտե ամրացում անել, ինչին էլ դեմ է եղել դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը: Տնօրենի ասելով, փայտե ամրացումը ժամանակով է եւ շատ-շատ գոյատեւի 10 տարի, որից հետո դարձյալ վերանորոգման կարիք կզգացվի: Վերանորոգման աշխատանքների կեսից ամբողջ նախագիծը փոխվել է եւ հարմարեցվել երկաթբետոնյա ծածկի համար, սակայն կառավարության հատկացրած գումարը նախատեսված էր փայտե ամրացման համար եւ աշխատանքների կեսից գումարը վերջացել է: Դպրոցը բաղկացած է 3 մասնաշենքից եւ արդեն 2 տարի է 27 դասարանից բաղկացած գլխավոր մասնաշենքը քարուքանդ վիճակում է: Սեյսմոլոգները դպրոցի տնօրենին խորհուրդ են տվել, որ այդ մասնաշենքում դասերը15_04-dproc24 դադարեցվեն, քանի որ շենքը վտանգ է ներկայացնում աշակերտների կյանքին: Աշակերտների անվտանգությունն ապահովելու համար, փայտերով փակել են կենտրոնական մասնաշենք տանող բոլոր մուտքերը: Դրսից դպրոցը հիանալի տեսք ունի եւ քչերի մտքով կանցնի, որ ներսից ավերակ է: Նշենք, որ Էջմիածնի թիվ 2 դպրոցը Արմավիրի մարզի ամենամեծ դպրոցն է եւ այստեղ սովորում ենն 1081 աշակերտ: Դասերը կազմակերպելու համար ստիպված մի քանի հերթով են երեխաները դպրոց գալիս, որպեսզի դասասենյակները հերիքի: ՙ «Մեր դպրոցի խնդրով մտահոգված է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ես անձամբ, բազմիցս դիմել եմ տարբեր պաշտոնյաների, բայց պատասխան չեմ ստացել: Դպրոցը վթարային է դարձել եւ իրենից լուրջ վտանգ է ներկայացնում: Վերանորոգվել են ավելի բարվոք դպրոցները, բայց մեր դպրոցը մնացել է այս վիճակում: Դպրոցի վիճակը սարսափելի է նաեւ դասերը կազմակերպելու առումով՝ չգիտենք, որ դասարանցիներին առաջին հերթ գցենք, որոնց երկրորդ»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Սուսաննա Նազարյանը: Ի՞նչ են մտածում դպրոցի աշակերտները Սմբատյան Թամարա, 8-րդ դասարան. «Իմ կարծիքով, այս անմխիթար վիճակը շատ պաշտոնյաների մեղքով է: Օրինակ, Երեւանում շատ դպրոցներ կան, որտեղ երեխաները լավ պայմաններում են սովորում, իսկ մեր վիճակը սարսափելի է: Ես ինձ վիրավորված եմ զգում, որ ուրիշ դպրոցներից աշակերտներ են գալիս մեր դպրոց ու տեսնում են այս ավերակ վիճակը: Ինչու՞ պիտի դասարանների մեծ մասը փակ լինի, որ չկարողանաինք օգտագործել եւ անհարմարություններ ստեղծվեր մեզ համար»: Սվետա Սահակյան, 8-րդ դասարան. «Ես կուզենայի, որ մեր դպրոցին շատ ավելի ուշադրություն դարձնեին: Էջմիածնում կան դպրոցներ, որտեղ երեխաներն այնքան էլ լավ չեն սովորում, բայց այդ դպրոցները վերանորոգված են: Ես մտածում եմ, որ դպրոցը պետք է պետության հոգածության տակ լինի: Կրթության նախարարությունը պետք է մի քիչ ջանի, որ դպրոցն անապահով չմնա, որովհետեւ շենքի կեսը վթարային է: Շատ եմ ցանկանում որ մեր դպրոցի աշակերտները համախմբվեն եւ գրավոր նամակով դիմենք պաշտոնյաներին, որ մեզ էլ ուշադրություն դարձնեն»: Մարինե Ասկարյան, 10-րդ դասարան. «Մեր միակ ցանկությունն այն է, որ դպրոցի վերանորոգման ֆինանսավորումը շուտ արվի: Ուսուցիչները ժամանակի մեջ չեն տեղավորվում, մենք էլ դժգոհում ենք: Ֆիզիկա ու քիմիա առարկաների դասերի մի մասը պետք է արվի լաբորատորիայում, սակայն արդեն 2 տարի է զրկված են լաբորատորիայից, քանի որ այն մնացել է վթարային մասում»: Կարինե Փոթեյան, 6-րդ դասարան. «Ես կցանկանայի առաջին հերթով սովորել, որովհետեւ հիմա ուշ ենք տուն գնում, հոգնած ենք լինում ու դասերին քիչ ենք ժամանակ հատկացնում: Մայրիկս չի թողնում, որ երեկոյան լույսի տակ դասերս պարապեմ,  որովհետեւ ասում է աչքերիդ վնաս է, առավոտյան էլ չեմ հասցնում»: Սամվել Խաչատրյան,6-րդ դասարան. «Եթե առավոտյան գանք դպրոց ավելի թարմ ուղեղ կունենանք: Անգլերեն եմ հիմա պարապում, ժամը 6-ին դպրոցում դասերս վերջացնում եմ ու վազելով գնում եմ պարապմունքի: Առավոտյան էլ կարող ա մի դեպք պատահի ու դասերս չսովորեմ: Առաջ գերազանցիկ էի, հիմա հարվածային եմ դարձել: Երկրորդ հերթը ինձ շատ է վնասում: Ես կցանկանաի, որ բոլոր դպրոցներում էլ առաջին հերթով երեխաները դասի գնային»: Ստեղծված իրավիճակից դժգոհ են նաեւ ծնողները: Նրանցից մեկը՝ Գայանե Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր երկու երեխաներն էլ սովորում են այս դպրոցում. «Մեր տունը շատ հեռու է դպրոցից, բայց հաշվի առնելով դպրոցի որակական կողմերը, երեխաներիս այս դպրոց եմ ուղարկում, թեեւ հիմա նրանք երկրորդ հերթով են սովորում: Այս պայմաններին ստիպված հարմարվում ենք ու հարմարվելը հայերիս բնորոշ բան է դարձել: Սակայն, այս հարցը պետք է վերջնական լուծում ստանա, այսպես շարունակվել չի կարող: Եթե մեր պետությունը մի քիչ շատ մտածի մեր երեխաների մասին անպայման գումար կգտնվի դպրոցի վերանորոգման համար»,-ավելացրեց տիկին Գայանեն: 15_04-dproc1Հանրահաշվի ուսուցչուհի Հասմիկ Սամսոնյանի ասելով, 6-րդ դասարանում նախորդ տարի եղել է 8 գերազանցիկ աշակերտ, սակայն երկրորդ հերթի պատճառով այս տարի գերազանցիկ է մնացել նրանցից միայն մեկը: «Ես խնդրում եմ հանրապետության նախագահին, վարչապետին, որ մարզում լինելով իր որակով ու մեծությամբ առաջին դպրոցը, ընդառաջեն եւ կիսատ մնացած շինաշխատանքներն ավարտին հասցնեն, մանավանդ, որ այս տարի դառնալու ենք ավագ դպրոց,-ասաց ուսուցչուհին ու ավելացրեց,- առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 6-ը դպրոցում եմ եւ ստանում եմ այնքան աշխատավարձ, ինչքան մյուս դպրոցների ուսուցիչները, բայց նրանք ժամը 1-2-ին արդեն տուն են գնում: Պարզապես մեր տնօրենին շատ ենք սիրում եւ այդ նվիրվածությունից ելնելով աշխատում ենք: Սա ելք չէ, չենք կարողանում նույնիսկ բժիշկի կամ մեր հարցերով քաղաքապետարան մտնել՝ ժամը 18:30-ին ո՞վ է աշխատում, որ մենք էլ գնանք քաղաքապետարան մեր հարցերը լուծենք: Արդեն 2 տարի է այս վիճակով ենք աշխատում: Առաջ ետ ընկնող աշակերտներին լրացուցիչ ժամանակ էինք հատկացնում, պարապում էինք, բայց հիմա դրան էլ ժամանակ չի մնում: Շատ միջոցառումներ, բաց դասեր էինք անում, դրանք էլ են ետին պլան մղվել: Այն ծրագրերը, որոնք նախատեսել էինք իրականացնել, հիմա ազատ դասարան չենք գտնում, որ նույնիսկ փորձերն անենք»,-ասաց Հասմիկ Սամսոնյանը Արմավիրի մարզպետարանում քաջ տեղյակ են դպրոցի խնդիրների մասին: «Այս դպրոցի խնդիրն իրոք մտահոգիչ է: Այս տարի ամեն ինչ կանենք, որ հարցը լուծվի»,-ասաց մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter