HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կոռուպցիոն բնույթի 11 գործ` տարբեր ոլորտներում

Այս տարվա առաջին եռամսյակում Ղարաբաղում կատարվել է 145 հանցագործություն, որը նախորդ տարվա համեմատ 2-ով պակաս է: Առանձնապես ծանր հանցագործության 2 դեպք է գրանցվել, ծանր` 44, միջին ծանրության` 34: Քրեական հետախուզության գծով գրանցվել է 86 դեպք: Այս մասին այսօր տեղեկացրել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը` դատախազության կոլեգիայի հերթական նիստից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:

Գլխավոր դատախազն ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակի աշխատանքները, ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը: Ըստ նրա, այդ պայքարին պետք է մասնակցություն ունենան ոչ միայն իրավապահ մարմինները, այլեւ ողջ հասարակությունը: Հետքի այն հարցին թե կոռուպցիոն բնույթի քանի՞ հանցագործություն է գրանցվել առաջին եռամսյակում, Արշավիր Ղարամյանը պատասխանեց, որ դատախազության  կոռուպցիայի, սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների գործերով բաժնի կողմից իրականացված ուսումասիրությունների արդյունքում հարուցվել է վերոնշյալ բնույթի 11 քրեական գործ, որոնց հարուցման գործում մեծ դերակատարություն են ունեցել նաեւ Վերահսկիչ պալատի կողմից տրամադրված նյութերը: «Պետությանը հասցված վնասները մեծամասամբ վերականգնվել են»,-նշել է գլխավոր դատախազը`ավելացնելով, որ շուրջ 80 մլն դրամ գումար է բռնագանձվել ի օգուտ պետության: Կոռուպցիոն բնույթի գործեր հայտնաբերվել են մի շարք ոլորտներում, սակայն դրանք դեռեւս գտնվում են ուսումասիրության եւ քննարկման փուլում: Այդ ոլորտներից Ա.Ղարամյանը նշեց կրթության եւ գիտության բնագավառը: Օրինակ, Մարտունու արհեստագործական ուսումնարանում հայտնաբերվել են կեղծ դիպլոմների տրամադրման դեպքեր: Այստեղ նաեւ եղել են դեպքեր, երբ «ուսումնարանի ղեկավարը աշխատանքի է ձեւակերպել ոմն մեկին, որն ընդհանրապես աշխատանքի չի ներկայացել, բայց աշխատավարձ է փոխանցվել պետբյուջեից»: Ոլորտի հանցագործությունների թեման շարունակելով Արշավիր Ղարամյանը նշել է նաեւ Քաշաթաղի շրջանում արձանագրված փաստերը, որոնց արդյունքում որոշակի գումարներ են յուրացվել` դպրոցներին վառելափայտով ապահովելու աշխատանքների հաշվին: Վառելափայտի համար տրամադրված շուրջ 11 մլն դրամից մոտ 2,5 մլն դրամը յուրացվել է: Յուրացումներ են արձանագրվել Մարտակերտի էլեկտրացանցում, ինչպես նաեւ Մարտունու շրջանում` վարչակազմի աշխատակիցների կողմից. այստեղ 2006, 2007 թվականներին շինարարական, բերքահավաքի անկորուստ կազմակերպման նպատակներով տրամադրված պետական միջոցների վատնում է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ գլխավոր դատախազի գնահատմամբ, «կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետության տեսակետից հեռու է առաջնակարգ լինելուց»: Խոսելով անելիքների մասին, Արշավիր Ղարամյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են նաեւ ընթանում դատախազության կայք-էջի ստեղծման ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ, կայքը կսկսի գործել այս տարվա երկրորդ կիսամյակի սկզբից: Հասարակությունը կայքի միջոցով կտեղեկանա դատախազության մարմինների գործունեությանը, ինչպես նաեւ քաղաքացիներին հարց ու պատասխանի հնարավորություն կընձեռվի»,-ասաց  գլխավոր դատախազը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter