HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ռուսաստանը հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ

Այսօր ԵՊՀ-ում հանդիսավոր արարողությամբ նշվեց «Ռուսկի Միր» հիմնադրամի հովանու ներքո գործող Ռուսական կենտրոնի տարեդարձը: Ռուսական կենտրոնը տեղեկատվական և ուսուցողական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ռուսաց լեզուն և մշակույթը և Ռուսաստանից ստանալ տեղեկատվություն կրթության վերաբերյալ: Տարեդարձի կապակցությամբ Հայաստան ժամանած «Ռուսկի Միր» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը նշեց, որ այս տարի իրենք ևս 20 կենտրոններ են բացել տարբեր երկրներում: «Սակայն պատմության մեջ արդեն գրվել է առաջին կենտրոնը` ԵՊՀ Ռուսական կենտրոնը, որը մեզ համար ամենասիրելին է և որը շատ լավ է աշխատում: Ռուսերենն ամբողջ աշխարհում օգտագործվող 4-5-րդ լեզուն է, և մենք այսօր էլ տեսնում ենք աճող հետաքրքրություն ռուսաց լեզուն ուսումնասիրելու առումով, վերջերս ուսումնասիրություն է իրականացվել և պարզ է դարձել, որ մարդիկ, ովքեր գիտեն օտար լեզու, ավելի երկար կյանք են ունենում, այնպես որ` սովորեք ռուսաց լեզու և եղեք երջանիկ»,- ասաց նա: Վյաչեսլավ Նիկոնովը տեղեկացրեց նաև, որ տարեդարձի կապակցությամբ ևս 1000 գրքով կհամալրվի կենտրոնը: Հայտնի ռուս քաղաքագետ Վ. Նիկոնովը նաև պատասխանեց լրագրողների քաղաքական բնույթի հարցերին: Նա մասնավորապես նշեց, որ այսօր Ռուսաստանը մեծ ուշադրությամբ հետևում է հայ-թուրքական հարաբերություններում առկա տեղաշարժերին: Ըստ նրա` ակնհայտ է առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում, որին օժանդակում են և' Ռուսաստանը, և' ԱՄՆ-ը, և' Թուրքայի էլիտայի մի հատվածը, և' Հայաստանի իշխանությունները. «Իհարկե, այն, ինչ փլուզվել է կամ բացայակել է տասնյակ տարիներ, չի կարող վայրկյանների ընթացքում վերականգնվել, բայց գործընթացը սկսվել է, ես շատ դրական եմ համարում իրադարձությունների նման ընթացքը, որը կնպաստի Ռուսաստանի շահերի իրականացմանը, քանի որ ավելի հեշտ կլինի մեզ համար իրականացնել ծրագրեր և առաջին հերթին տնտեսական ծրագրեր ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ»: Նիկոնովի կարծիքով` տեղաշարժն, իսկապես, պատմական շրջադարձ է, որն անխոս կփոխի աշխարհաքաղաքական պատկերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ կովկասյան տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում: Թուրքիան, ըստ նրա, վերջին տարիներին բավականին ինքնուրույն դիրք է զբաղեցնում շատ հարցերի առումով: Չնայած այն ՆԱՏՕ-ի անդամ է, բայց առաջ է տանում սեփական ազգային շահերը, որոնք կարող են որոշ դեպքերում չհամապատասխանել Ամերիկայի շահերի հետ: «Թուրքիայի ազդեցությունը կարող է լինել նաև դրական, քանի որ այն շատ հզոր տնտեսական խաղացող է, և հայ-թուրքական կապերը կարող են նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչով Ռուսաստանը հետաքրքրված է: Բացի այդ` առաջանում է տրանզիտ Թուրքիայով, որը նույնպես կարևոր է ռուսական բիզնեսի համար»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, որը, քաղաքագետի խոսքերով, հիվանդագին է ընդունում ամեն ինչ, ինչ կապված է Հայաստանի հետ, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Դրա արդյունքում Ադրբեջանը կարող է է'լ ավելի սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարող է և վիրավորվածություն ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ: Վ. Նիկոնովը նաև հայտարարեց, որ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգություն համակարգի դերը գնալով ավելի է կարևորվում, չնայած չեն պատրաստվում ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծել: Քաղաքագետի խոսքերով` օպերատիվ արձագանքման խմբերը, որի ստեղծման մասին վերջերս կնքվեց պայմանագիր, իրենցից կարող են ռեալ ուժ ներկայացնել, որոնք կարող են օգտագործվել տարբեր թեժ կետերում: Հետքի հարցին` արդյոք դրանք կարող են մեր ռեգիոնում օգտագործվել, պատասխանեց. «Երբեք մի ասեք երբեք, բայց, իհարկե, կցանկանայի, որ այդ ուժերը երբեք այստեղ պետք չգային»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter