HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի շինարարները դժգոհում են «Գլենդել Հիլզ»-ից

15_04-gh_gyumriԱյսօր Գյումրիի Մուշ-2 թաղամասում մեկնարկեց անօթեւանների համար նախատեսված բնակարանների շինարարությունը: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղոթքի ներքո լցվեց առաջին բետոնը: Եվ մինչ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի պատասխանատուներն ու Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաները նկարահանման համար փոսի մեջ հատուկ դիրք էին ընդունում, վերևում գյումրեցի շինարարները լրագրողներին դժգոհում էին, թե ինչպես են «Գլենդել Հիլզի» պատասխանատուները շինարարներին խաբում, ծանր աշխատանքի դիմաց ցածր գներ են առաջարկում: «Եկել տեսել ենք, որ բանվորին 91 000 դրամ  են վճարում, արհեստավորին էլ` 138 000, հրաժարվել ենք աշխատելուց,  էդ նշանակում է ձրի աշխատել, տան մասին չմտածել: Ուղղակի վատն էն է, որ մեզ խաբեցին, հույսով արին, թե գործ կառաջարկենք, մենք էլ համ խոպանից զրկվեցինք, համ էլ մեր քաղաքը կառուցելու հաճույքից: էդ  գումարով քաղաք չեն կառուցի, պարզապես առիթն օգտագործում են, որ Գյումրին գործազուրկների հավաքավայր է, եկել ստրկական գներ են առաջարկում, ի՞նչ է` եթե աշխատատեղ չկա, օդի միջից հաշվարկ պիտի կատարե՞ն, ինչ ուզենան, կասեն, կտեսնեք, բոլորին կխաբեն ու կփախնեն»,- կանխատեսում էր Վրեժ Հովհաննիսյանը: Շինարարներից մեկը մեզ վստահեցրեց, որ տրակտորիստներին աշխատացրել ու արդեն խաբել են, գյումրեցիների փոխարեն Երևանից են բրիգադներ բերել, իսկ գյումրեցիներին իբրև թե հերթագրում են աշխատանքի ընդունելու համար, հեռախոսահամարը, անուն-ազագանունը, մասնագիտությունը գրառում են,  սակայն ոտքերը քաշելուն պես գրառված թուղթը պատռում -թափում են: «Մի շաբաթ է` կերթանք-կուգանք էն հուսով, որ ինձ կհրավիրեն աշխատանքի, բայց աչքիս առաջ թուղթը պատռին, թափին, ստեղ սաղ խաբելու վրա  է , չեն էլ ամաչում, տելեվիզորով ամպագոռգոռ խոստումներ են տալիս, երկու հազար մարդ է գրանցվել, բայց ոչ մեկին հույս չեն տալիս, պատկերացրեք` մի շաբաթվա համար  12 հոգու  30 000 դրամ փող տվեցին, նրանք էլ աշխատելուց հրաժարվեցին, փաստորեն ինչ որ խոստացել էին, խաբեցին, քիչ տվեցին»,- ասում էր վարպետ Շալիկոն: «Գլենդել Հիլզի» Գյումրիի կառուցապատման  պատասխանատու Միքայել Ներսիսյանը պարզաբանեց. «Այսօրվա դրությամբ այստեղ առանձնապես ուրիշ մարզերից աշխատողներ չկան, հնարավոր են առանձնակի դեպքեր, բայց ընդհանուր շեշտը դրվում է գյումրեցիների վրա: Մենք օգտագործելու ենք Գյումրիի աշխատուժը: Որ ասում են Երևանից են բրիգադներ բերել, դա իրականությանը չի համապատասխանում,  հնարավոր է բրիգադիրը բերվի Երևանից, բայց աշխատողները գյումրեցիներ են: Իսկ գների հետ կապված ասեմ, որ ես  անձամբ, մի քանի օր առաջ էլ հավաքված էին որոշակի քանակությամբ մարդիկ,  գնացուցակը որոշ չափով ներկայացրի, և դրանից հետո դժգոհության ոչ մի արձագանք չեղավ, մարդիկ հասկացան, ընդունեցին իմ ասածը և դրանից հետո փակցվեցին նաև գնացուցակները և այսօրվա դրությամբ դեռևս ոչ մի դժգոհություն չեմ լսել»: Մենք ականատես եղանք այն փաստին, որ բնակարանաշինության պաշտոնական մեկնարկից հետո աշխատանքից ազատեցին Գյումրիի վեց հոգուց բաղկացած մի  բրիգադի: Վարպետ Մարտինի ասելով` պատճառն այն է, որ իրենց աշխատատեղը խոստացել էին երևանցիներին: «Մատերիալը ստացանք, կրինք բերինք, եկանք հարթեցրինք, արմատուրները կտրեցինք, երկու օր գիշեր-ցերեկ տքնաջան աշխատեցինք, մեկ էլ իրենց մարդկանց բերեցին ` ասելով, թե էս մեր տարածքն է` ուզենք` կթողնենք աշխատեք, չենք ուզի` չենք թողնի, բայց մոռանում են, որ սա իմ քաղաքն է, ես իմ ձեռքերով եմ այն կառուցել: Իսկական կկվի պատմությունն է` էս սարն իմն է, էս ծառն իմն է»,- ասում է վարպետ Մարտինը: Նրանց բրիգադիրը` Սուրիկը,  այս պատմությունը ներկայացրեց «Գլենդել Հիլզի» Գյումրիի պատասխանատու Միքայել Ներսիսյանին, սակայն վերջինս պատասխան չգտնելով` նստեց  իր շքեղ մեքենան ու արագ հեռացավ: Շինհրապարակում հիասթափված շինարարները երկար ժամանակ դեռ բորբոքված խոսում էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter