HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրան-Հայաստան. անգազ գազամուղ

hj12Սերժ Սարգսյանը հերթական դիվանագիտական հաղթանակը տարավ. նա կարողացավ պաշտոնական այց կպցնել դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն: Եվ ահա այդ այցի արդյունքներով հերթական աշխարհացունց հայտարարություններն են հնչում` աշխարհացունց նախագծերի վերաբերյալ: Բայց հայ-իրանական հերթական նախագծերի փայլի նշանակությունը հասկանալու համար պետք է վերհիշել, թե ինչ ճակատագրի է արժանացել այսօրինակ նախորդ նախագիծը` Իրան-Հայաստան գազամուղը: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` գազամուղը կառուցված-ավարտված է, ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ գազամուղով 1 խմ գազ անգամ Հայաստան չի մտել: Ի սկզբանե պլանավորվում էր, որ այդ խողովակաշարով գազը պետք է հասնի Հրազդան, այստեղի ՋԵԿ-ում դառնա էլեկտրական հոսանք և արտահանվի Իրան: Նման բան, սակայն, մինչ օրս տեղի չի ունեցել` այն պարզ պատճառով, որ հայ-իրանական այս նախագծերը հընթացս հասցրին կորցնել իրենց կարգավիճակը: Իրան-Հայաստան խողովակաշարը դարձավ ռուսական, Հրազդանի ՋԵԿ-ը նույնպես, և այդպես էլ ոչ գազ է գալիս Հայաստան, ոչ էլ հոսանք է գնում Իրան: Ու քանի որ այս նախագիծը Հայաստանի իշխանություններն ավարտված են համարում, արդեն 6 ամիս խոսում են դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասին. մի պրոցես, որը, ըստ պաշտոնական հայտարարությունների, պետք է սկսվի այս ապրիլին: Բայց մի կողմ թողնենք Թուրքիան և անդրադառնանք Իրանին: Եթե հայ-պարսկական նախագծերն իրականացվում են համատեղ խողովակաշարի տրամաբանությամբ, նշանակում է` Արաքս գետի վրա հիդրոկայան ենք կառուցելու դրանում սազան աճեցնելու համար: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղին էլ դառնալու է սիզախոտ աճեցնելու պալիգոն: Համենայնդեպս, այսօր այդպիսին է Իրան-Հայաստան խողովակաշարի ողջ երթուղին: Փաստն այն է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում, անգամ ակտիվության պիկի վրա, ցուցաբերում են զարմանալի ամլություն: Այդ հարաբերություններում կա անսահման ջանջիգյար, նույնիսկ գործնական քայլեր կան, իսկ ահա կոնկրետ արդյունքներ կամ որակական նոր դրսևորումներ այդպես էլ ի հայտ չեն գալիս: Հարաբերությունների այս որակի սիմվոլը, թերևս, հենց Իրան-Հայաստան` կառուցված, բայց այդպես էլ չգործող գազամուղն է, իսկ այսօրինակ վիճակի պատճառը ավելի շատ քաղաքական է. Հայաստանը չունի Իրանի հետ գործուն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ անկախություն, իսկ Իրանի հարավկովկասյան և ընդհանրապես` արտաքին քաղաքականության ամբիցիաները չափազանց մեծ են` Հայաստանի հետ բեղմնավոր հարաբերություններ հաստատելու համար: Իսկ այս պայմաններում Իրանը Հայաստանի համար շարունակում է մնալ վթարային ճանապարհ, իսկ Հայաստանը Իրանի համար մնում է որպես պոտենցիալ աղանդեր: Կարճ ասած` հայ-իրանական հարաբերությունները այս տրամաբանությամբ գործնականություն կստանան միայն տարածաշրջանային վթարի պայմաններում: Իսկ սա նշանակում է, որ այդ հարաբերությունները լրջագույն բուժման կարիք ունեն. հանգամանք, որի գիտակցումը կարծես թե բացակայում է Արաքսի երկու ափերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter