
Թերթի տեղեկություններով` վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 28-ին այցելու է «Նաիրիտ գործարան»: Իսկ նրա այցը նախապատրաստելու համար ապրիլի 10-ին «Նաիրիտում» է եղել Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ համապատասխան ցուցումներ է տվել: Գործարանում կարգի են բերվել այն տարածքները, որտեղով անցնելու է վարչապետը, նախօրոք որոշվել են այն բանվորները, որոնք հանդիպելու են վարչապետի հետ եւ որոնք տալու են նախապես գրված հարցերը: Մի խոսքով` Տ. Սարգսյանին ընդունելու են Բրեժնեւի պես:
Մի խոսքով, Տ. Սարգսյանը, որն ուժերի ներածին չափով ստիպում է Հայաստանի առեւտրային բանկերին վարկեր տալ «Նաիրիտին», գործարանում հավուր պատշաճի ընդունելության կարժանանա: Կա բրեժնեւյան ժամանակների մասին հիշեցնող ավելի ցնցող մի փաստ եւս: Պարզվում է` հերթական վարկը «հայթայթելու» նպատակով մի ծրագիր է շրջանառվում, որի համաձայն` ընդլայնվելու է Վանաձորի քիմիական գործարանի կողմից թողարկվող կարբիդի արտադրությունը, եւ այդ կարբիդը հետագայում օգտագործվելու է` ացետիլեն, դրա հիման վրա էլ` քլորոպրենային կաուչուկ ստանալու համար: Այսօր աշխարհում կաուչուկ արտադրող գործարանների մեծ մասն աշխատում է բութադիենի հիմքի վրա: «Նաիրիտը» եւս ԽՍՀՄ վերջին տարիներին աշխատում էր այս եղանակով, որը ավելի շահավետ եւ անվտանգ է, քան ացետիլենային եղանակը:
Կարող է թվալ, թե այս ծրագրով մի գնդակով երկու նապաստակ է
«խփվում»` մի կողմից «Նաիրիտն» ազատվում է թանկացող բնական գազն օգտագործելով կաուչուկ արտադրելուց, մյուս կողմից` Վանաձորի Քիմպրոմն ավելի շատ կարբիդ է թողարկում` ավելացնելով աշխատատեղերը: Սակայն իրականում այս ծրագիրը ընդհանրապես չի կարող հիմնավորված լինել: Նախ` կարբիդ ստանալու համար անհրաժեշտ է ոչ միայն կրաքար, որի պաշարներով Հայաստանը հարուստ է, այլ նաեւ ածուխ, որը բավականին թանկարժեք է եւ ներկրվելու է արտերկրից: Ըստ փորձ ունեցող մասնագետի` 1 տոննա կաուչուկ ստանալու համար անհրաժեշտ է ծախսել 4 տոննա կարբիդ, եւ բոլոր դեպքերում 4 տոննա կարբիդի գինը միջազգային շուկայում շատ ավելի թանկ է, քան մեկ տոննա կաուչուկի գինը: Այսինքն` այս ձեւով կաուչուկ արտադրելիս հումքն ավելի թանկ է արժենում, քան այդ հումքը վերամշակելուց հետո ստացվող արտադրանքը: Ավելին, թեեւ պերոլիզի ացետիլենով կաուչուկ ստանալը պայթյունավտանգ եւ վնասակար է էկոլոգիական տեսակետից, սակայն շատ ավելի քիչ է վնասում շրջակա միջավայրին, քան կարբիդի օգտագործման դեպքում: Երբ ՀԽՍՀ-ում կարբիդի ացետիլենով կաուչուկ էր արտադրվում, օրական 30 տոննա փոշի էր նստում Երեւանում: Այնպես որ, այս ծրագիրն ամբողջությամբ բլեֆ է, թեեւ փորձոը ցույց է տալսի, որ Հայաստանում հենց նման «ծրագրերն են իրագործվում»:
Ուստի բացառված չէ, որ նաեւ կրթությամբ տնտեսագետ Տ. Սարգսյանի շնորհիվ ունենանք մի գործարան, որի թողարկած արտադրանքի գինը մի քանի անգամ զիջի այդ արտադրանքը թողարկելու համար օգտագործվող հիմնական հումքատեսակի գնին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել