HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

S.O.S. Սեւանն ուժեղացնում է պայքարը Սեւանի փրկության համար

16_02-sevanՀետքն արդեն անդրադարձել է Էկոլոգիական հասարակական դաշինքի S.O.S. Սեւան նախաձեռնող խմբի ծավալած գործունեությանը:  Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նախաձեռնել է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման ծրագիր: Ձեռնարկության կառուցումը, ըստ նախաձեռնող խմբի, Սևանը կդարձնի էկոլոգիական աղետի գոտի: S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը երեկ Թեքեյան կենտրոնում  հերթական քննարկումն էր կազմակերպել և հրավիրել Սևանում վերամշակման գործարանի հնարավոր կառուցման հետ առնչություն ունեցող կողմերին` «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցչին, ՀՀ պետական գերատեսչություններին, ՀՀ ԳԱԱ նախագահին և Երկրաբանական գիտությունների, Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներկայացուցիչներին: Սակայն քննարկման մասնակիցները հիմնականում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին: «Գեոպրոմայնինգ» ընկերությունից որևէ մեկը չէր ներկայացել, չկային նաև  հրավիրված պետական գերատեսչություններից շատերի ներկայացուցիչները: Այդ բացակայությունները, սակայն, չխանգարեցին, որ շատ բուռն քննարկում ծավալվի ու տրվեն որոշ հարցերի պատասխաններ, չնայած դրանք չէին բավարարում Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներին: Հասարակական սեկտորի ներկայացուցիչները կրկին ներկայացրին բնապահպանական վտանգները, որոնք, ըստ նրանց, սպառնում են Հայաստանին Սևանի ավազանում ոսկու վերամշակման գործարանի կառուցման դեպքում: «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանը մասնավորպես ուշադրություն հրավիրեց ծրագրի քաղաքական   վտանգների վրա: «Սոտքը գտնվում է Քելբաջարի սահմանի վրա, վտանգավոր օբյկետի կառուցումը կարող է դառնալ քաղաքական սպեկուլյացիաների առարկա, ռազմական գործողությունների և կրակահերթերի և ահաբեկչական գործողությունների վտանգ կա: Այդ դեպքում անգամ պետք չի լինի մտածել այն մասին, թե ինչպես կարելի է ատոմակայանը պաշտպանել, քանի որ արդեն հասկանալի է, որ այդ օբյեկտը չի ունենա երաշխավորված անվտանգություն ու հնարավոր կլինի մեկ հարվածով շարքից հանել Հայաստանի ողջ տնտեսական և սոցիալական կյանքը: Մենք կտեսնենք էկոլոգիական միգրացիա, որն անվերադարձ է, և եթե կառուցվի գործարանը, ապա Արարատի ֆաբրիկան կդադարի գործել և, հետևաբար, լրացուցիչ աշխատատեղեր էլ չեն ստեղծվի»,- ասաց Ի. Զարաֆյանը: Նա համոզված է, որ խնդիրը քաղաքական է և այն լուծելու համար քաղաքական կամք է պահանջվում: Հիմնական  քննարկման առարկա դարձավ այն տեղեկությունը, թե մարտի 2-ին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է «Գեոպրոմայնինգի» ներկայացրած հայեցակարգային փաստաթուղթը: Դաշինքի անդամների ձեռքի տակ գտնվող փաստաթղթի կրկնօրինակում գրված է, որ գործարանի կառուցումն անվտանգ է և շնորհակալություն է հայտնվում աջակցության և խորհրդատվության համար բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: Բնապահահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն ասաց, որ իրենք որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել ընկերությունից: «Սևանի մասին» օրենքի 10-րդ հոդվածն արգելում է այդպիսի գործունեություն Սևանի ավազանում և մենք առաջնորդվում ենք այդ օրենքով: Նախկինում նման դիմում եղել է հնդիկների (հանքավայրի նախկին սեփականատերերը-հեղ) կողմից, մենք տվել ենք բացասական պատասխան»,- ասաց փոխնախարարը: Հետքի հարցին` այդ դեպքում ինչ է քննարկվել մարտի 2-ին, Սիմոն Պապյանը պատասխանեց. «Քննարկում չի եղել, եղել է շնորհանդես, այդ կազմակերպությունը ներկայացրել է հանքավայրի շահագործման իր տարբերակները»: Երբ անդրադաձ եղավ նրան, որ Երկրաբանական գիտությունների, Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտները գործարանի կառուցման համար ուսումնասիրություն կատարելու պատվեր են ստացել և տվել դրական եզրակացություն, Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական քարտուղար Էվելինա Ղուկասյանը հայտարարեց, որ ինստիտուտին տրամադրվել են միջոցներ գիտական հետազոտություններ իրականացնելու համար, և իրենք չէին կարող հրաժարվել նման միջոցներից, քանի որ 80 տարի շարունակ ինստիտուտն է զբաղվում Սևանի հիմնախնդրով: «Մենք պարտավոր էինք կատարել այդ հետազոտությունները,  բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ ինստիտուտի կողմից նախնական եզրակացությունը, որ ներկայացվել  է այդ կառույցին, իր մեջ չի պարունակել ոչ մի դրական եզրակացություն, այնտեղ եղել են ընդամենը նախնական տվյալներ՝ հիմնված մի քանի ամսվա հետազոտության արդյունքների վրա: Մինչդեռ նման եզրակացություն տալու համար պետք են երկարատև լուրջ հետազոտություններ և անգամ այս պարագայում մենք  բացասական կարծիք ենք հայտնում Սևանի ավազանում ցանկացած հանքահարստացուցիչ կոմբինատի հետ կապված»,- ասաց Էվելինա Ղուկասյանը: Է. Ղուկասյանը նշեց, որ ինստիտուտը չի կարող ներկայացնել հաշվետվությունը, քանի որ այն հանդիսանում է «Գեոպրոմայնինգի» սեփականությունը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սա առաջին դեպքն է, որ գիտական հետազոտությունների արդյունքները քննարկվում են փակ դռների ետևում: Սակայն դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը նշեց, որ Գիտությունների ակադեմիան պետք է ի սկզբանե հրաժարվեր բոլոր տեսակի հետազոտություններից, քանի որ «Սևանի մասին» օրենքը  թույլ չի տալիս հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվել Սևանի ավազանում: Նախագահին կից Սևանի հարցերով հանձնաժողովի  փոխնախագահ Յուրի Ջավադյանն էլ ասաց, որ իրենք որպես շահագրգիռ հանձնաժողով չեն ուզում, որ փորձանք գա Սևանի գլխին. «Մենք ուզում ենք փրկել Սևանը, ոչ թե կործանել, բայց  քանի որ օրենքով չի թույլատրվում հանքարդյունաբերության իրականացումը, դրա համար էլ նման բան մեր մտքով չի անցել, որ  նման վտանգ կա, ու մենք շարժվելու ենք միայն օրենքով»: «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը հակադարձեց, որ օրենքը շատ արագ կարող է փոխվել, և իրենք հենց դրանից էլ վախենում են: «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Հետքի հետ զրույցում նշեց, որ օրենք փոխելու շշուկներ եղել են: Նա համոզված է, որ եթե նման փոփոխություն առաջարկվի, անպայման կանցնի: «Եթե իշխանական համաձայանություն չլիներ, որևէ մեկը նախնակաան աշխատանքներ չէր տանի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և նրան հետաքրքրում է` արդյոք  Սերժ Սարգսյանը շարունակելու է այդ «հանցավոր» ծրագիրը: Իսկ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ Սևանի հետ կապված ցանկացած սխալ` գիտակից, թե անգիտակից, Սևանի համար կարող է լինել անդառնալի: «Ես կարծում եմ, որ նման խնդիրները պահանջում են շատ ավելի լուրջ մասնագիտական քննարկում: Ավելին՝ ես համարում եմ, որ նման քննարկումներին անպայման պետք է մասնակցեն այն անձինք, ովքեր ունեն դրական կարծիք նախագծի վերաբերյալ, և նաև նրանք, ովքեր կներկայացնեն հակափաստարկները: Ավելին, ես կարծում եմ` նման քննարկումները պետք է ծավալվեն նաև պետական գերատեսչությունների մասնակցությամբ և ցավում եմ` այսօր տեսնելով նման մեծ բացակայություն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter