Սյունիքի քաղաքապետերը փորձում են ծրագրեր իրականացնել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ
Ապրիլի 15-ին, ԱՄՆ ՄԶ-ի (USAID)-ի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ հերթական քննարկումն էր կազմակերպել Քաջարանում: Համայնքների ղեկավարներն այս կազմակերպության հետ մեծ հույսեր են կապում ու ներկայացել էին ծրագրերով:
Իրականացվող ծրագրի անցած փուլում Քաջարան, Մեղրի, Ագարակ, Սիսիան քաղաքներին տրվել են աղբահան մեքենաներ, ինչի շնորհիվ հեշտացել են աղբահանության աշխատանքները:
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը աղբահանության մեքենաներ չի ուզում: Նա նշեց, որ Կապանն ունի մեքենաներ եւ ինքը մեկնում է Մինսկ` կնքելու պայմանագիր ևս 2 աղբահան ու 1 ջրցան մեքենաներ ձեռք բերելու համար: Փոխարենը մարզկենտրոնի քաղաքապետը առաջ քաշեց մսուր-մանկապարտեզների ջեռուցման հարցը:
«Մեր քաղաքի համար առաջնահերթն այս խնդիրն է, աղբահանությունը մեր ուժերով կանենք»,-ասաց Ա. Աթայանը:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը նշեց, որ մարդիկ դժվարությամբ են վճարում աղբահանության դիմաց գանձվող գումարները: Ավելին, հրաժարվում են նույնիսկ պայմնագրեր կնքելուց:
«Գուցե դուք իրավական մի խորհուրդ տաք, ինչ անել, որպեսզի ոչ բնակիչը տուժի, ոչ համայնքապետարանը»,-ներկաներին հարցրեց Մ. Զաքարյանը:
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանն էլ նախատեսել է փոխելու քաղաքի ջրմատակարարման ներքին ցանցը, որի համար քաղաքապետարանը կարող է միայն որոշ ներդրումներ անել:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին մտահոգում է քաղաքի նախակրթարանների, արվեստի, գեղարվեստի, դպրոցների ջեռուցման խնդիրը: Նշեց, որ այս տարի կնորոգեն մշակույթի կենտրոնի շենքը: Բացի նշվածներից, քաղաքապետը մտադիր է քաղաքի միջով հոսող Որոտան գետը փրկել էկոլոգիական աղետից:
«Գետը լցվել է աղբով, ամառը ճահիճ է գոյանում, ու մոծակներն հանգիստ չեն տալիս բնակիչներին: Էլ չենք խոսում գարշահոտության մասին»,-ասաց Սիսիանի քաղաքապետը:
Մեղրեցիները ֆինանսական ճգնաժամը կհաղթահարեն հողագործությամբ, սակայն ոռոգման ջրի ու արդեն իսկ ապրանքների իրացման խնդիր են ունենալու:
Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը նշեց նաև, որ աղբամանների պակաս ունեն: «Կոնկրետ ասեք` ինչքան ֆինանսներ եք նախատեսել, ու ես կառաջարկեմ, որ ծրագիրը ֆինանսավորեք»,-ուղղակի ԱՄՆ ՄԶ-ի ներկայացուցիչներին հարցրեց քաղաքապետը:Բայց վերջիներս շռայլ խոստումներ չտվեցին:
«Իհարկե, դոնոր կազմակերպությունների կողմից տրվող գումարները բոլորիս հասկանալի պատճառով կրճատվել են: Այդ իսկ պատճառով մինչև որևէ ծրագիր ֆինանսավորելը, պետք է ծանրութեթև անենք, տեսնենք, ո՞րն է արդյունավետ ու առավել կարևոր»,-ասաց ԱՄՆ ՄԶ-ի կապալառու ծրագրի ղեկավար Սամուել Քոքսոնը: Այնուամենայնիվ, նշենք, որ գործակալության աշխտակիցները հուսախաբ չարին քաղաքապետերին ու իրենց հետ տարան բոլոր ներկայացված ծրագրերը: Թե դրանք երբ կյանքի կկոչվեն` դժվար է ասել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել