ՀՀ քաղաքացին դատապարտվել է բաշկիրցի դպրոցականներին ծեծելու համար
Բաշկիրիայի Օկտյաբրսկ քաղաքում 43-ամյա ՀՀ քաղաքացին դատապարտվել է 10 ամսվա ուղղիչ աշխատանքների` աշխատավարձի 5 տոկոսի բռնագանձմամբ` հօգուտ պետբյուջեի: Նա մեղավոր է ճանաչվել երկու անչափահաս տղաների «Առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու» համար, որն առաջացրել է «առողջության կարճաժամկետ քայքայում»:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` դատավարությամբ ապացուցվել է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին, գտնվելով Օկտյաբրսկի հանրակրթական դպրոցներից մեկում, հայաստանցի ամբաստանյալն իր դստեր համադասարանցի 12-ամյա երկու տղաների ծեծի է ենթարկել` վերնազգեստից բռնած` նրանց գլուխներն իրար խփելով: Այնուհետեւ նա տղաներից մեկի գլուխը խփել է գրատախտակին ու սկսել բռունցքներով հարվածել վերջինիս դեմքին: Բժշկական փորձաքննության համաձայն` երկու աշակերտներն էլ ստացել են ուղեղի ցնցում:
Հայաստանցին դատաքննության ընթացքում իր մեղքն ընդունել է, սակայն նշել է, որ իր արաքն արդարացված է, քանի որ հիշյալ տղաները, ռուսերենի վատ իմացության պատճառով, նեղացրել ու ծաղրել են դստերը:
Դատարանը որոշել է նաեւ ՀՀ քաղաքացուց հօգուտ տուժողների բռնագանձել մոտ 14 հազար ռուբլի` բուժման ծախսերը փոխհատուցելու նպատակով: Դատարանի վճիռը դեռեւս օրինական ուժ չի ստացել եւ պաշտպանական կողմը կարող է այն բողոքարկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել