HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Խաչիկ Հարությունյան. «Պաշտոնական նախագիծ չկա, քննարկման նյութ էլ չկա»

Մարտի 27-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Էկոլոգիական հասարակական դաշինքի S.O.S. Սևան նախաձեռնող խումբը նամակ էր հղել Ազգային ժողովին, Կառավարությանը և նախագահին` խնդրելով թույլ չտալ «Գեոպրոմայնինգ» ընկերությանը Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել: ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ լրագրողները փորձեցին ճշտել` արդյոք հանձնաժողովը ստացել է նամակը և նույնպես մտահոգված է խնդրով: Խաչիկ Հարությունյանն ասաց, որ իրենք ստացել են նամակը, այն քննարկել են հենց նախաձեռնող խմբի անդամների հետ և եկել մի եզրակացության, որ «եթե կան գործընթացներ, որոնք կարող են լինել ռիսկային և վտանգեն Սևանը, բավականին լուրջ վնասներ հասցնեն, մենք միարժեքորեն դեմ ենք, Սևանով է պայմանավորված Հայաստանի գոյությունը»: Խաչիկ Հարությունյանն ասում է, որ այսօր վտանգ չկա, քանի որ «Սևանի մասին» օրենքը թույլ չի տալիս «նման կարգի ձեռնարկության հիմնադրում» Սևանի ավազանում: Սակայն Դաշինքի անդամները կարծում են, որ օրենքը կարող է հեշտությամբ փոխվել: Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն էլ Հետքին ասել էր, որ Ազգային ժողովում արդեն «հեռավոր շշուկներ» կան օրենքի փոփոխման համար: Փորձեցինք ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձանաժողովի նախագահից ճշտել` արդյոք կա նման նախաձեռնություն: Հարությունյանն ասաց, որ այսօր նման նախագիծ չկա, բայց եթե բերեն հանձնաժողով, իրենք կքննարկեն. «Օրենքի փոփոխությունը չի կատարվում մեկ օրվա ընթացքում»: Խաչիկ Հարությունյանն առաջարկում է սպասել, մինչ ՀՀ ԳԱԱ Երկրաբանության, էկոնոսֆերային հետազոտությունների, Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտները կտան իրենց վերջնական եզրակացությունը ծրագրի մասին: Լրագրողները նաև փորձեցին ճշտել, որ եթե օրենքը փոխելու նախագիծ լինի, և ինստիտուտները դրական եզրակացություն տան, արդյոք անձամբ Խաչիկ Հարությունյանը կողմ կլինի օրենքի փոփխությանը. «Չեմ կարող կողմ լինել, դեմ եմ նման փոփոխությանը»,- ասաց Խաչիկ Հարությունյանը: Խաչիկ Հարությունյանը կարծում է, որ էկոլոգների մտահոգություններն անհիմն չեն, սակայն նաև շեշտում է, որ պաշտոնապես նման նախագիծ չկա. «Չկա նախագիծ, քննարկման նյութ էլ չկա»: Ի դեպ, երեկ Էկոլուր տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանը Հետքին ասել էր, որ ԱԺ Գյուղատնտեսության և Բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի և պատգամավորների հետ հանդիպմանը վերջիններս շատ անհագստացած են եղել և խոսք են տվել աջակցել իրենց և բռնել ընկերության ձեռքը: Սակայն Ինգա Զարաֆյանը հիշեցրեց նաև, որ երբ պետք է շահագործվեր Թեղուտի հանքավայրը, այդ ժամանակ ևս մի շարք պետական կառույցներ խոստանում էին աջակել, բայց վերջում տվեցին դրական եզրակացություն: Ինգա Զարաֆյանը հույս ունի, որ Սևանը չի արժանանա Թեղուտի ճակատագրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter