Ջրի մեջ՝ ջուր չունեն
Արաքսը, Սև ջուր գետը ու Սև ջրի վտակը հոսում են Արմավիրի մարզի Արաքս գյուղի կողքով: Եւ, չնայած` գյուղը կղզի է ջրերի մեջ, այդուհանդերձ ոռոգման ջուր չունի:
Սահմանամերձ Արաքսում գյուղատնտեսական նշանակության հողերի 80 տոկոսը` շուրջ 830 հա, գտնվում են հայ-թուրքական սահմանային գոտում, որտեղ գյուղացիների ելումուտը կարգավորվում է բացառապես անցագրերով և դրանցում ամրագրված ժամանակացույցով:
Սահմանային գոտում գտնվող 830 հա-ից արաքսցին մշակում է միայն 50 հա-ը: Նախ, որովհետև երաշխիքներ չունի, բերքը գողանում են, երկրորդը` ոռոգման ջուր չունեն: Դա է պատճառը, որ արգասաբեր հողը գյուղացին տրամադրել է ոչ թե պտուղ-բանջարեղեն, այլ ցորեն և առվույտ աճեցնելուն: Ասում են` այդ մշակաբույսերը «պահանջկոտ» չեն:
Ունենալով սեփականաշնորհած հող, բայց չստանալով եկամուտ, արաքսցին միևնունն է` հողի հարկ է վճարում: Չնայած, որ ինքն իրեն հողի լիիրավ սեփականտեր չի զգում, որովհետև փշալարից այն կողմ հողամասն իրենն է այնքանով, որքանով` սահմանապահ զորքերինը, այդուհանդերձ հողից հրաժարվել չի պատրաստվում: Թեև շատերը հողն անմշակ են թողել, բայց ասում են, եթե ջրի հարցը լուծվի, նորից բահը ձեռքները կառնեն:
Հողագործ Արես Շարոյանը վստահ է, որ, եթե սահմանային հողի սկզբնամասում` վայրկյանում 300-400 լիտր ջուր մղող երկու ջրհան կայան տեղադրեն, խնդիրը կլուծվի:
«Թե չէ, ի՞նչ իմաստ ունի հսկայական ծախսեր անեմ, «պրոպուսկով» մտնեմ-դուրս գամ, անուն հանեմ թե` հող եմ մշակում, բայց ցանածս անջուր թողեմ` չորացնեմ: Խիղճն էլ է լավ բան: Բա որևէ մեկը չկա՞, որ գյուղացուն հասկանա: Հո անհնարաինը չե՞նք ուզում...»:
Եթե վաթսունն անց Ա.Շարոյանին այլևս անհնար է կտրել հողից ու արմատներից, ապա երիտասարդ արաքսցիներին արմատներին կապող հողն այլևս ի զորու չէ գյուղում պահել: Արտյոմ Այդինյանի հիասթափությունն այնքան խորն է, որ երկիրը լքելու ուղիներ է փնտրում:
«Բա մարդ էլ հող ունենա, ուզենա աշխատի, որ սրա-նրա ձեռքին չնայի` խանգարեն: Մի կողմից սահմանապահներն են հողամաս մտնելու մեր ելումուտը կամայականորեն տնօրինում, մյուս կողմից` ռիսկ չենք անում թափով կպնենք հողին. բա որ ցանենք ու էս տարի՞ էլ անջուր մնա...»:
Բարեբախտաբար փշալարից այս կողմ` տնամերձերում ոռոգման խնդիր չկա: Տարիներ առաջ հորատված երեք խորքային հորերից երկուսով ապահովվում է գյուղամեջի այգիների ու բանջարանոցների ոռոգումը: Այլ է հիմնական` սեփականաշնորհած ու սահմանային գոտու հողերի հարցը:
Դրանց ոռոգման խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար Արաքսի համայանքապետարանը գյուղապետը դեռ նախորդ տարի դիմել է Արմավիրի մարզպետարան` ևս երեք խորքային հորեր հորատելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
«Եթե այդ թույլտվությունը ստանանք` սահմնային հողերի ոռոգման հարցը կփակվի: Բայց թույլ չեն տալիս»,- ասաց Արաքսի գյուղապետի տեղակալ Սուրեն Գալստյանը: Գլխավոր հաշվապահ Գևորգ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ արգելանքը վարչապետի կարգադրությամբ է: Հաշվապահի փոխանցմամբ` արգելվել է Արարատյան դաշտավայրում հորատման աշխատանքներ կատարել, ինչի հիման վրա էլ կասեցվել է իրենց թույլտվություն տրամադրելու գործընթացը:
Այլ էր Արմավիրի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի պատասխանը: Ըստ նրա` նախորդ տարիներին Բնապահպանության նախարարությունը Արաքսին արտոնել էր հորատել և շահագործել երեք խորքային հոր : Սակայն գյուղապետարանը չէր կատարել տեխնիկական պահանջների մի մասը, ինչի համար էլ կասեցվել է հաջորդ երեքի թույլտվությունը:
«Դրանից բացի, այդ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է ձկնաբուծության նպատակով խորքային հորեր հորատելու աշխատանքները, որն ուղղակիորեն ազդել է նաև գյուղնշանակության հողերի ոռոգման համար հորատվող աղբյուրների վրա»-ասաց մարզպետարանի պաշտոնյան:
Վերջինիս տեղեկացմամբ` ԲՆ-ում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն ուսումնասիրում է ստորգետնյա ջրերի մակարդակն ու ողջ ծավալը:
«Ուսումնասիրություններից հետո միայն հանձնաժողովը կորոշի արտիզյան ջրի բաշխման ստրատեգիան: Եթե ամեն դիմողին հորատման արտոնություն տրվի, ոչ հեռու ապագայում ջրի խնդիր կունենաք ընդհանրապես»,-ասաց Արթուր Այվազյանը:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել