HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետը խորհրդակցությունն անցկացրեց Ալավերդիում

16_04-xorhrdakcutyunԱյսօր Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մարզպետարանի վարչության պետերի հետ Ալավերդու քաղաքապետարանում անցկացրեց  Թումանյանի տարածաշրջանի թվով 32 համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն, որտեղ  քննարկվեցին համայնքների բյուջեի եկամուտների հավաքագրման, գարնանացանի և վերջին օրերի տարածաշրջանի այգիներին ցրտահարության հասցրած վնասների մասին հարցեր: Մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը հավաքվածներին ներկայացրեց 2009թ. անցած ժամանակաշրջանում սեփական հարկային եկամուտների հավաքագրման գործում թերացած համայնքների ցուցակը: «Ցածր հավաքագրում ունեն Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքներ, այդ թվում մինչև 20% հարկային եկամուտների հավաքագրում ապահովել են 3 համայնք` Չկալովը, Քարկոպը, Քարինջը: Մինչև 30% սեփական հարկային եկամուտների հավաքագրում ունեն 7 համայնք` Այգեհատ, Արդվին, Հագվի, Ճոճկան, Շամուտ, Ջիլիզա, Օձուն: Մինչև 40% հավաքագրում են ապահովել 5 համայնք` Աթան, Ահնիձոր, Աքորի, Լորուտ, Կաճաճկուտ: Իհարկե, նման ցածր հավաքագրումը բերում է նրան, որ ընդհանուր Թումանյանի տարածաշրջանի հավաքագրումը կազմել է 48,8%: Սա մեզ գոհացնել չի կարող և  պետք է միջոցներ ձեռնարկվի»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը սեփական հարկային եկամուտների հավաքագրման գործում թերացող համայնքապետերին հարցրեց.«Նման վիճակում, երբ համայնքի ղեկավարն այսպես է աշխատում, ո՞նց եք հարմար գտնում, նման համայնքապետի՝ իր տեղում մնալու խնդիրը: Ձեռք է տալիս նման համայնքի ղեկավարի աշխատանքը, խնդրեմ, ինձ էլ է ձեռք տալիս, բայց չեմ կարծում, որ համայնքներում մարդիկ շիտակ չեն ասի, որ այո, այս մարդը մեզ հոգնեցրել է, և գտնում ենք , որ արդեն ժամանակն է գնա, որովհետև չի կարողանում աշխատել: Ամոթ ա, հետո՞: Հիմա կսկսեք հեքիաթներ պատմել, մարդկանց վիճակը լավ չի,  սոցիալական խնդիրներ կան: Այո, ֆինանսական տնտեսական ճգնաժամի պատճառով բավականին փոխվել է վիճակը, բավականին պրոբլեմներ կան, բայց գոնե այս պայմաններում, երբ պետությունն իր պարտավորությունները կատարում է, դոտացիան ժամանակին  և սահմանված չափով տալիս է , դուք ինչու՞ Ձեր պարտականությունները չեք կատարում: Ի՞նչ է, դոտացիան տալիս ենք, որ դուք ուռճացնե՞ք Ձեր ապարատները, կամ այլ կարգի ծախսեր անե՞ք ոչ նպատակային»: Ցավոք, մարզպետն օրինակներով, որոնք բազմաթիվ են տարածաշրջանում, չփաստեց իր նախատինքը: «Ուղիղ կեսը, Թումանյանի տարածաշրջանի  համայնքների ղեկավարների 40%-ից ցածր հարկային եկամուտների հավաքագրման մակարդակ ունեն: Հանեք այն համայնքապետերի ցուցակը, որոնք կարող են սեփական հարկային եկամուտների մուտքերը ապահովել, բայց չեն կատարում»,- մարզպետարանի ֆինանսական վարչության պետին հանձնարարեց մարզպետը: «Հատուկենտ համայնքի ղեկավարներ կան, որ ասում են դատի ենք տվել, հարկ չտվող հարկատուին, ինչու՞ եք լավամարդի լինում, ի՞նչ խնդիր ունեք, բա  ճիշտ ա, որ ցածր եկամուտ ունեցող մարդն իր հարկային պարտավորությունները կատարում է, նրա կողքին ավելի ունեցողը չի անում: Հասկանում եմ, գյուղում դժվար է, խնամի, բարեկամ, ընկերություն` հարաբերության խնդիր ունեք, բայց մարդիկ, եթե Ձեզ արհամարհում են, Ձեզ բանի տեղ չեն դնում, էդ դեպքում դուք ինչի՞ եք լավամարդ լինում: Չե՞ք հասկանում, որ դրա հետևանքով չեք կարողանում համայնքում ծրագրեր իրականացնել»,- համայնքապետերի վրա ներղսրտեց մարզպետը: Արամ Քոչարյանը  համայնքապետերին հիշեցրեց ՀՀ տարածքայի կառավարման նախարարության հանձնարարականը` այն համայնքներում, որտեղ սեփական եկամուտների հավաքագրումը 70%-ից ցածր է, այդ համայնքներում որևէ ծրագիր պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսավորման աղբյուրներով չկատարել, «բայց ունենք բազմաթիվ համայնքներ, որտեղ նախատեսված ծրագրեր ունենք, դադարեցնե՞նք դրանք»,- համայնքապետերին հարց ուղղեց նա: Մարզպետը հայտարարեց, որ մայիսից կսկսվի կոնկրետ խոսակցություններ արդեն համայնքներում, անհրաժեշտության դեպքում մարզպետի կողմից կհրավիրվի  համայնքի ընդհանուր ժողով` բնակիչների հետ հարկերի հավաքագրման խնդիրը քննարկելու համար: «Նախկին համայնքապետերը  նոր ընտրված համայնքապետերին շատ տխուր ժառանգություն են թողել: Իրենց աշխատավարձի կուտակված պարտքերի մի մասը, ամեն տարի իրենց արձակուրդը տեղափոխելու պատճառով է առաջացել, 3-4 տարվա արձակուրդը չեն գնում, մի քանի ամիս ձևակերպեցին ընտրություններից առաջ, մի հատ կլորիկ գումար թողեցին նոր ընտրված համայնքապետի վրա ու գնացին մարդիկ: Ես դրանց աշխատավարձը չեմ տալու, որքան էլ  անօրինական լինի,  չեմ տալու»,- ասաց Արամ Քոչարյանը: Համայնքապետերին հանձնարարվեց, այսուհետև արձակուդ գնալ ամենամյա գրաֆիկով սահմանված կարգով: «Ինչ որ ասացի հասկացաք չէ՞»,-այս հարցադրումով էլ մարզպետը ամփոփեց հարցի քննարկումը: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության  պետ  Վոլոդյա Բունիաթյանը խորհրդակցությունում անդրադարձավ  անասունների անասնաբուժական պատվաստումներին, ապրիլի 13-14-ին Թումանյանի տարածաշրջանում ցրտահարության հարցրած վնասներին և անդրադարձավ մասնավորապես  Օձունի ենթաշրջանի համայնքների, ինչպես նաև Սանահին և Ակներ գյուղերի գյուղացիների կողմից հողօգտագործման անբավարար վիճակին: Նա համայնքապետերին հանձնարարեց պատվաստումների դանդաղումների դեպքում տեղեկացնել մարզպետարանին, հայտնեց, որ մարզպետարանում ցրտահարության վնասներն ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, ցրտահարության հետևանքները կպարզվեն 7-10 օրվա ընթացքում: Հողօգտագործման համար Վոլոդյա Բունիաթյանը գյուղապետերից պահանջեց գյուղացիների հետ տանել բացատրական աշխատանքներ, անտեսելով այն հանգամանքը, որ հողի մշակման գործում գյուղացիներին ոչ թե բացատրական աշխատանք, այլ գործնական աջակցություն է հարկավոր, ասենք` թեկուզ Օձունում հակակարկտային կայանի տեղադրման տեսքով, չէ որ վերջին տարիներին հողին հանձնած գյուղացիների ներդրումները փոշիացել են մասնավորապես կարկուտի հետևանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter