Կառավարությունը որոշել է Շիրակի մարզում ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ
Պարկի ստեղծումը նպատակ ունի ապահովել Եղնախաղի լեռնաշղթայի արեւելյան եւ Ջավախքի լեռնաշղթայի հարավ արեւմտյան լանջերի ու դրանց միջեւ ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային եւ խոնավ տարածքների էկոհամակարգերի պահպանությունը:
Նպատակներից է նաեւ ապահովել Արփի եւ Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների եւ դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումը:
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան եւ նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի էկոհամակարգերի, լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիտորինգի, ինչպես նաեւ պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է։
Որոշվել է նաեւ հիմնադրման միջոցով ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։
Պարկի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ՀՀ բնապահպանության նախարարությունն է, որին վերապահվում են «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները։
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2009թ. պահպանման ծախսերը, ինչպես նաեւ «Արփի լիճ» ազգային պարկի անտառշինական ու հողաշինարարական քարտեզների հիման վրա քարտեզագրումը, գոտիավորման սխեմայի կազմումը, պարկի եւ դրա պահպանման գոտու սահմանների ճշտումը իրականացվելու է Գերմանիայի Դաշնության կողմից Վերակառուցման եւ զարգացման բանկի միջոցով տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել