
Երևանի նախկին քաղաքապետ, ներկայումս կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի տրամադրության տակ օրերս հայտնվել է «Լեքսուս»` LS 460 «Լոնգ»-ը: «Լեքսուսը» նույն «Տոյոտան» է, բայց տեղը տեղին, գործարանային պայմաններում «տյունինգ» արած: Եվ ուրեմն` բնական է, որ այն ձեռք է բերվել Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունից:
Ընկերությունում թերթին հայտնել են, որ այդ մոդելն արժե 120 հազար ԱՄՆ դոլար: Կադաստրից չհաջողվեց պարզել, թե ինչ միջոցներով է Երվանդ Զախարյանի համար գնվել այս ճոխ լիմուզինը: Այդ իսկ պատճառով` կդիտարկենք մի քանի տարբերակ: Տարբերակ ա. Մեքենան գնվել է պետական բյուջեից: Դե` 120 հազար դոլար որ մնար բյուջեում, պիտի մտածեին, թե ինչպես ծախսեին, վիճելու էին, բանավիճելու էին, լուծումներ չգտնեին, տխրեին ու չկարողանային պայքարել ճգնաժամի բացասական հետևանքների դեմ: Իսկ այդպես բյուջեն դատարկվում է ու մտածելու կարիքն էլ հետը վերանում: Տարբերակ բ. Զախարյանը այն գնել է սեփական միջոցներով: Նրա աշխատավարձը հաշվի առնելով` 120 հազար դոլարը պետք է հավաքվեր ուղիղ 10 տարվա ընթացքում, և այն էլ այն դեպքում, որ Զախարյանը այդ 10 տարիներին ոչ հաց է կերել, ոչ ջուր է խմել: Հնարավոր է: Ո՞վ է այսքան ժամանակ տեսել Զախարյանին հաց ուտելիս: Չենք տեսել, ուրեմն չի կերել: Տարբերակ գ. ընկերներն են նվիրել: Զախարյանը լիքը հարուստ ընկերներ ունի: Իսկ ամենամոտ ընկերներից մեկին նա ձեռք է բերել «մազութի գործի» քննության ժամանակ: Այն ժամանակ նա` որպես տրանսպորտի փոխնախարար գրեթե կասկածյալ էր, իսկ Աղվան Հովսեփյանը` քննիչ: Այդ ժամանակներից նա Աղվան Հովսեփյանի և այլ հարուստների ամենամոտ ընկերն է:
Ամենահավանական տարբերակն այն է, որ Երվանդ Զախարյանը նոր պաշտոն ստանալուց հետո մի օր աշխատանքի գնալիս մի ծառի տակ տեսել է անտեր, խեղճ ու կրակ, նոփ-նոր «Լեքսուս»: Մի քիչ կանգնել է կողքին, տեսել ` մեքենան տեր չունի, վերցրել է իրեն, որ տանի տուն, պահի:
Կոալիցիոն կռիվ և էլի՞ կրակոցներ
ՀՀԿ-ից անպակաս են լուրջ վեճերը: Ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, օրերս «Չերի» ռեստորանում ընդհարում է տեղի ունեցել ռեստորանի տիրոջ և ԱԺ հանրապետական պատգամավոր Հարություն Փամբուկյանի ու Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի միջև: Վերջիններս, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրենրը, փորձել են ռեստորանատիրոջը համոզել, որ նա Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ աշխատի Գագիկ Բեգլարյանի համար: Ավելին, ըստ որոշ լուրերի, «Չերիի» տիրոջը անձամբ Գագիկ Բեգլարյանի ստորագրությամբ հողհատկացման թուլտվություն է տրվել: Ռեստորանատերը, սակայն, չի համաձայնել աշխատել Բեգլարյանի համար, ինչի արդյունքում տեղի է ունեցել լեզվակռիվ և քաշքշոց:
Ըստ իշխանական թերթի աղբյուրների` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները ընտրություններից առաջ բավականին լարվել են: ՀՀԿ-ից հիասթափված բազմաթիվ անձանց որոշ մասն անցել է ԲՀԿ-ի թևի տակ: ՀՀԿ-ն փորձում է այս մարդկանց ետ բերել, բայց չի կարողանում: Երեկ էլ քաղաքում համառ լուրեր էին պտտվում, թե նախօրեին կրակոցներ էին հնչել: Ըստ այդ լուրերի, սկզբում սկեց շրջանառվել, թե կրակոցները հնչել են Երևանի Կիլիկիա թաղամասում, և որ բախումը եղել է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև:
Որոշակի լարում է առաջացել նաև ՀՀԿ-ՕԵԿ և ՀՀԿ-ՀՅԴ հարաբերություններում: Ըստ թերթի տեղեկությունների, ՀՀկ-ն ցանկանում է ընտրական հանձնաժողովներում բոլոր տեղերն իրենով անել: Բայց ոչ ՕԵԿ-ը, ոչ ՀՅԴ-ն, ոչ էլ ԲՀԿ-ն չեն ցանկանում այդ տեղերը տալ: Քանի որ «վերևից» նրանց այդ մասով հրահանգ չի իջեցվել, կոալիցիոն գործընկերները ցանկանում են գոնե փող աշխատել սույն տեղերը հանձնելու դիմաց: Այսիքն` Գագիկ Բեգլարյանը հիմա ստիպված է պարզապես փողով գնել ընտրական հանձնաժողովների այդ տեղերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել