
«Ես չգիտեմ` հայոց իշխանություններն ինչ են դնում օրակարգում, բայց բովանդակությունից խուսափում են: Եթե արտաքին գերատեսչության ղեկավարի շուրթերով հնչեցվում է, որ չեն քննում Ղարաբաղի, ոչ էլ ցեղասպանության հարցը, ուրեմն հարց է, թե ի՞նչը»,-այսօր Հայացք ակումբում, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հարցին, ասել է Ժառանգություն կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ շատ է խոսվում ֆուտբոլային դիվանագիտության մասին, բայց պետք չէ պատրանք տածել, թե սա չին-ամերիկյան ավանդույթների շարունակությունն է: Ըստ բանախոսի` այնտեղ գոնե սիմետրիա կար, այնտեղ երկու գերտերություններ կային, իսկ մեզ մոտ կա ասիմետրիա` մի կողմը հայրենազրկված պետություն, իսկ մյուս կողմը` պաշտոնապես ուրացման քաղաքականություն վարող:
«Հայաստանի իշխանությունը պետք է վերջապես հասկանա պահի լրջությունը եւ այն իրավական, հանրային մանդատը, որ նա չստացավ ընտրությունների միջոցով, գոնե իր քայլերի միջոցով կարողանա փաստարկել, որ ինքը ներկայացնում է հայ ժողովրդի եւ ազգի շահերը, պահը մոտեցել է, Հայաստանը պետք է կարողանա իր դիրքը ապահովել»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ակնկալեց նաեւ անմիջական քայլեր` ներքաղաքական, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների եւ ժողովրդվարական ինստիտուտների վերականգնման առումով:
Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ Ադրբեջանն իր քայլերը կատարում է եւ փորձում է իր քաղաքականությունն իրացնել Թուրքիայում, սակայն բացի Ադրբեջանից, բանախոսը նշեց Ռուսաստանը, որը եւս շահեր է հետապնդում: Ուստի նա խորհուրդ է տալիս մակերեսային լուծումներից անցում կատարել խորքային քաղաքականության:
«Ես զգում եմ, որ Հայաստանի իշխանությունն արժանավույնս չի հետապնդել Հայաստանի ազգային շահն այս ուղղությամբ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել