HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Մինաս Ավետիսյան. «Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պետք է լինի»

minas-avetisyan_170409«Երբ Մինասն ինձ առաջին անգամ տարավ իր արվեստանոցը, ես առաջին վայրկյանից ընդունեցի եւ շատ սիրեցի իր արվեստը»,-Հետքին ասաց  Գայանե Մամաջանյանն այսօր Ազգային պատկերասրահում տեղի ունեցած  Մինաս Ավետիսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում: Նկարագրելով ամուսնուն,  Գայանե Մամաջանյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված կտավներից չկա մեկը, որ իրեն պակաս դուր գա: Ցուցահանդեսը ներառում է հեղինակի տարբեր ստեղծագործական ժամանակաշրջանները ներկայացնող 56 աշխատանք, նաեւ` 115 աշխատանքները ներկայացնող  կատալոգի շնորհանդեսը: Ցուցադրված են նաեւ նկարչի անձնական իրերը` աթոռը, ներկապնակը, վրձինները, նաեւ` պիջակը: Մինասի ստեղծագրործության մեջ տիկին Գայանեն գնահատում է ոգին, հայի առկա շունչը: «Բարություն, նպատակասալացություն, մեծ նվիրվածություն արվեստին եւ իր հարազատներին` այսպիսի  գծերով էր օժտված Մինասը»,-ասաց Գայանե Մամաջանյանը: Մինասի թոռնուհին` Գայանե Ավետիսյանը,  մեզ հետ զրույցում ասաց, որ պապիկի ամեն մի նկարը  յուրահատուկ տեղ ունի իր հոգում. «Բացի այդ մեծացել եմ այս նկարների շրջապատում, բնականաբար զգացմունքային դաշտը լրիվ ուրիշ է, հպարտ եմ: Գոնե ինձ համար չեմ կարող առանձնացնել կտավներից որեւէ մեկը»: Թոռնուհին ասաց, որ ամեն մի նկարի մեջ տեսնում է հայրենիքի մի կտորը, հայեցիությունը: Նկարչի որդին` նկարիչ Նարեկ Ավետիսյանը, խոստովանեց, որ դժվար էր խուսափել հոր ազդեցությունից.  «Ես փորձել եմ չհամաձայնել, լինել ազատ, սակայն կիսել եմ նրա այն տեսակետը, որ արվեստը պետք է լինի հավատ ներշնչող եւ ազատ: Ես էլ եկա այն եզրահանգման, որ չպետք է արվեստը սահմանենք»: Ցուցահանդեսից ներշնչված էր ԳԱԱ-ի Հայ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը: Նրան հիացրել են հատկապես գույները. «Սա գույների հաղթանակ է: Ինձ համար նկարչությունն առաջին հերթին գույնն է, հետո բովանդակությունը: Մինասի մոտ գույնի բովանդակությունն է նկարի հիմքում, ոչ ոք չի կարող նրան կրկնել»: minas-nkar1 Թատերագետ Հայկազ Երանոսյանը Մինասի նկարներում զգաց իրենց հայրենի եզերքի շունչը. «Ես Ջաջուռի բուրմունքն եմ զգում կտավներից, սա ինձ շատ է ուրախացնում: Ես ծանոթ եմ եղել Մինասի հետ եւ հիացել եմ նրա մարդկային հատկանիշներով, այսօր էլ հիանում եմ նրա արվեստով»: Հատկապես նկարների գույների թարմությունն է ոգեւորել թատերագետին, որը շատ անհատական է. «Զրնգուն, խոսող գույներ են»: Բանաստեղծուհի Մետաքսեն էլ Մինասի կտավները սիրում է, որովհետեւ «նա իր մարդկային նկարագիրն է դրել այս կտավների մեջ` չափազանց համեստ եւ ներքին այրումներով»: Ըստ գրողի` Մինասը իր հոգու շափաղ ճառագումներն է արտահայտել կտավներում: «Մինասը եւս մեկ անգամ հարցականի տակ դնելով այն ամենը, ինչ վերաբերում է առարկային, նրա ձեւին ու գույնին, հայտանգործեց, որ ներկապնակի լիարժեք կիրառումը հնարավոր է այն ոչ միայն կտավին մակերեսին տարածելով, այլ բուն մարմնի խորքը թափանցելու միջոցով: Արդյունքում նրա կտավները դառնում են ավելի խորհրդավոր ու բազմաբովանդակ, կարծես Մինասը իր վաղ շրջանի պատկերային աշխարհն ենթարկել է մի կերպարանափոխության, որը նոր խորաթափանց հայացք է պահանջում դիտարկողից եւ նրան եւս մեկ անգամ Հայաստան աշխարհը գեղագիտորեն ընկալելու նոր փորձ է ընձեռում»,- այսպես էր ժամանակին Մինասի արվեստը ներկայացրել  Գերմանիայի վաստակավոր պրոֆեսոր Վիլհելմ Շլինգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter