Գյումրիում ավտոբուսների ուղեվարձը 20 դրամով թանկացել է
Մինչ Շիրակի մարզպետարանի ներմարզային երթուղիները սպասարկող կազմակերպությունների մրցութային հանձնաժողովը մի քանի օր է մտորում է` թույլատրե՞լ գյուղերը սպասարկող գծատերերին հիսուն դրամով թանկացնել իրենց ծառայությունը, թե` ոչ, այսօր Գյումրիի քաղաքապետարանն առանց քննարկելու թանկացրեց ավտոբուսների ուղեվարձը` 50-ից դարձնելով 70 դրամ:
Վարորդները պարզաբանում են, որ թանկացումն անխուսափելի է. ոչ միայն բարձրացել է բնական գազի գինը, այլ գազալցակայաններում ցածրացել է գազի ճնշումը:
Թանկացումը նոր հարված է սոցիալապես անապահով խավերին, հատկապես թոշակառուներին ու ուսանողներին, որոնք տրանսպորտի այս տեսակը գերադասում էին էժան լինելու պատճառով:
«Որքանո՞վ է հիմնավոր այս թանկացումը»,-Հետքի հարցին Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանն ասաց, որ դժվարանում են այն հիմնավոր համարել: Իսկ պատճառը, ըստ նրանց , այն է, որ Գյումրիի քաղաքապետարանը խախտելով «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը` երթուղիները տրամադրում է առանց մրցույթի, հետևաբար և այստեղ երթուղու օրինական տեր չկա, ով նաեւ կկարողանար կարգը պահպանելով ուղեվարձերը բարձրացնելու վերաբերյալ հիմնավոր պատճառաբանություն ներկայացնել:
Այսօր խուճապի մեջ էին ոչ միայն ուղեւորները, այլև` վարորդները, ուղևորները հրաժարվում են ավտոբուս նստել` գերադասելով կամ ոտքով կամ միկրովտոբուսով երթևեկել, վարորդներն էլ ժամերով կանգառներում կանգնելով ուղեւոր էին փնտրում:
«30 դրամի համար չաժե քեզ կոտորել ու ավտոբուսով շուրջերկյա ճանապարհորդություն կատարել, կարելի է հարյուր դրամ տալ ու միկրոավտոբուսով ավելի արագ տեղ հասնել»,-ասաց ուղեւորներից մեկը :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել