HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկան հրավիրվել է հարցաքննության` դատարանում հնչեցրած հայտարարության համար

20_04-genproc«Յոթի գործից» անջատված Ալեքսան Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարության ժամանակ ապրիլի 17-ին վկա Գագիկ Ավդալյանը հայտարարել է, որ նախորդ տարվա մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառվել են խորթ մեթոդներ: Մասնավորապես վկան նշել է, թե 2008թ. մարտին,  ոստիկանության կազմակերպաված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ վարչությունում դիմակավորված ոստիկանների կողմից ենթարկվել է ծեծի և իր նախաքննական ցուցմունքները տվել է ծեծի ազդեցության տակ: «Նկատի ունենալով, որ վկայի հայտարարությունը վերաբերում է ոստիկանների կողմից քրեորեն հետապնդելի գործողություններ կատարելուն՝ գլխավոր դատախազը հանձնարարել է Հատուկ քննչական ծառայությանը ստուգել հայտարարության մեջ մատնանշված հանգամանքները»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Հատուկ քննչական ծառայությունը Գ. Ավդալյանին  ապրիլի 21-ին հրավիրել է հնչեցրած հայտարարությունների շուրջ ցուցմունք տալու: Միաժամանակ  հիշեցնում ենք, որ  Գ. Ավդալյանը նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաև 2008 թվականի ամռանը՝ ԶԼՄ-ներին, մասնավորապես «Ազատությունե ռադիոկայանին հայտնելով, թե իր նկատմամբ նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից կիրառվել են բռնության մեթոդներ եւ պատրաստակամություն հայտնել այդ մասին ցուցմունք տալ՝ Հատուկ քննչական ծառայությանը՝ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում: ՀՔԾ-ն 2008 թվականի օգոստոսի 6-ին հեռախոսագիր եւ ծանուցագիր էր ուղարկել  ոստիկանության Մաշտոցի բաժին՝ Գ. Ավդալյանին ՀՔԾ հրավիրելու համար: Օգոստոսի 7-ին ոստիկանությունից ստացվել էր հեռախոսագիր Գ. Ավդալյանի՝ բնակության վայրից բացակայելու մասին: 2008 թվականի ամռանը Գ. Ավդալյանը խուսափել է ներկայանալ ՀՔԾ՝ չնայած տրված երաշխիքներին, ցուցմունք չի տվել ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ՝ այդպիսով զրկելով իրավապահներին իր իսկ հնեչեցրած հայտարարության հավաստիությունը ստուգելու եւ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի` Ա. Արզումանյանին եւ Ս. Սուրենյանին առաջադրված մեղադրանքն ըստ էության քննելիս ապրիլի 20-ի դրությամբ հարցաքննվել է 10 վկա, որոնցից միայն Գ. Ավդալյանն է հայտարարել կիրառված քննությանը խորթ մեթոդների մասին: «Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ օրենքով սահմանված կարգով, ընթացք են տրվելու նախաքննության կամ դատաքննության ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների, նրանց դիրքորոշման, ազատ արտահայտվելու իրավունքի վրա անօրինական ներգործության վերաբերյալ ցանկացած հայտարարություն՝ ձեռնարկելով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցներ»,- վստահեցնում է դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter