HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ադանայի կոտորածները Մեծ Եղեռնի նախերգանքն էին

20_04-adana«Ես անցա այդ տարածքով եւ այդ միջնադարյան թագավորության վիմապատկերային ուրվականը տեսա»,- 1936թ. անցնելով Կիլիկիայով` գրել է մի ճանապարհորդ: Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանի «Կիլիկիան եւ կիլիկիահայությունը եվրոպացի ճանապարհորդների ուղեգրություններում» զեկույցով այսօր բացվեց Ադանայի կոտորածների 100-ամյա տարելիցին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Մասնակիցներին ողջույնի ուղերձ հղելով` ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը յուրօրինակ ներդրում կլինի Հայոց պահանջատիրության հարցում, իսկ ԳԱԱ ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանը հայտարարեց, որ Ադանայի կոտորածները Մեծ Եղեռնի նախերգանքն էին, որից հայերը պիտի զգաստանային եւ հետեւություններ անեին: Զգաստանալու կոչը նա արդիական համարեց նաեւ այսօր: Գիտաժողովի առաջին օրվա թեմաներն ընդգրկուն էին. Կիլիկյան ողբերգությունը. դիտարկումներ կոտորածների հոգեբանական ասպեկտների շուջ (Հայկ Դեմոյան, ՀՑԹԻ տնօրեն), Հայկական ազգային արդիականացման կիլիկյան մոդելը (Սուրեն Մանուկայն, ՀՑԹԻ), Ադանայի դեպքերը ավստոր-հունգարական փաստաթղթերի լույսի ներքո (Արտեմ Օհանջանյան, Ավստրիա), Ավստրո-հունգարական մամուլի անդրադարձները Կիլիկիայի ողբերգության շուրջ (Եվա Մերենիչ, Բուդապեշտի համալսարան), Կիլիկիա 1909. արդյոք հնարավոր էր կանխազգալ Ցեղասպանության սպառնալիքը (Իվ Տերնոն, Ֆրանսիա) եւ այլն: Մինչ գիտաժողովը նախապատրաստվում էր, թուրքական մամուլը գրում էր, թե դրա նպատակը միսիոներների գրառումների հիման վրա հաշվարկներ կատարելն է եւ Թուրքիայից Ադանայի կոտորածների արդյունքում հայերի կրած ֆինանսական կորուստների համար փոխհատուցում պահանջելը: Այս մասին խոսելով` Արեւելագիտության ինստիտուտի տնօերն Ռուբեն Սաֆրաստյանը ափսոսանք հայտնեց, որ նման թեմա չի ընդգրկվել գիտաժողովում: «Ադանայի վիլայեթի կոտորածները որպես ցեղասպան քաղաքականության դրսեւորում» թեմայով իր զեկուցման մեջ նա ընդգծեց օտար տերությունների անտարբերությունը: «Ադանայի նավահանգիստների մոտ գտնվում էին եվրոպական եւ ռուսական ռազմական միավորումներ, որոնք կարող էին միջամտել, բայց չմիջամտեցին: Իսկ Ադանայի ինքնապաշտպանությունն արդյունք չունեցավ, որովհետեւ Բրիտանիայի փոխհյուպատոսի միջնորդությամբ ժամանակավոր համաձայնություն կնքվեց, եւ հայերը զենքերը հանձնեցին»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը եւ հետեւություն արեց, որ մենք պետք է հնարավորինս զենքով պաշտպանվենք: Ուշագրավ էին Հայկ Դեմոյանի դիտարկումները Ադանայի կոտորածի հոգեբանական նախադրյալների մասին: Ինչու տեղի ունեցավ Ադանայի կոտորածը հարցին պատասխանալեու համար Հայկ Դեմոյանն ուսումնասիրել է օտար աղբյուրները, որոնք հղում են անում այդ շրջանում Օսմանյան կայսրությունում շրջանառվող մի դատողության. «Տվեք հայերին 20 տարի ցանկացած կոտորածից հետո եւ նա պատրաստ է հաջորդ կոտորածին»: Ինչպես Դեմոյանը, այնպես էլ զեկուցող Սուրեն Մանուկյանը Ադանայի ողբերգության մեջ կրոնական եւ ազգային խտրականության պատճառներից բացի կարեւորեցին տնտեսական գործոնը. աղքատ եւ հետամնաց մուսուլման թուրքերը նախանձով էին վերաբերվում բարեկեցիկ կյանքով ապրող հայերին եւ մշտապես ունեցել են հայերի ունեցվածքին տիրանալու մղում: Ցեղասպանության ինստիտուտի փոխտնօրեն Ս. Մանուկյանի ներկայացմամբ` Ադանայի հայերը կոտորվեցին նաեւ այն բանի համար, որ կայսրության ամենամոդեռնիզացված տարրն էին: Բամբակագործական գործարաններով հայտնի Ադանան ճանապարհորդների վրա եվրոպական քաղաքի տպավորություն էր թողնում: Տնտեսական բոլոր առաջադեմ ճյուղերն Ադանայում դարասկզբին պատկանել են հայերին եւ հույներին, ինչը նախանձ էր առաջացնում թուրք բնակչության մոտ: «Պատահական չէր,- նշում է Մանուկյանը, որ հայերի կոտորածից հետո այրվեցին բամբակի բոլոր գործարանները»: Գիտնականների կողմից «Երկրորդ Եգիպտոս» անունը ստացած Ադանան գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաներն օգտագործող առաջամարտիկ-քաղաքներից էր, որի շնորհիվ հայ բնակչությունը 3 անգամ ավելի շատ բերք էր ստանում: Իբրեւ հայերի բարեկեցության նկատմամբ նախանձի մեկ այլ դրսեւորում զեկուցողը նշեց կոտորածից հետո հայերին պատկանող կալսիչ մեքենաների եւ երկաթե գութանների ոչնչացումը: Վաղը` ապրիլի 21-ին, գիտաժողովի մասնակիցները Ադանայի կոտորածները կդիտարկեն մշակութային ցեղասպանության, Հայ Ավետարանական եկեղեցու կորուստների համատեքստում: Քննարկման առանձին թեմա կդառնան նաեւ օտար աղբյուրների փաստաթղթերը կոտորածների մասին, ինչպես նաեւ կոտորածների արձագանքները գրականության եւ ժողովրդական բանահյուսության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter