HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հայտարարությունները

Վահան Իշխանյան

Երեկ վերջապես կարողացա տեսակցել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հետ: Սարգիսը երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտվել մի նախադասության համար, «Հայկական ժամանակ» օրաթերթում տված հարցազրույցում ասել է, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպվում:

Նրան հանցավոր են ճանաչել սուտ մատնության համար:  Ինչի՞ եմ ասում վերջապես հանդիպեցի, քանի որ արդարադատության նախարարությունը մի քանի անգամ խախտեց օրենքը ու ինձ տեսակցության թույլտվություն չտվեց: Օրենքը պարզ ասում է, որ կալանավորը իրավուք ունի հանդիպել լրագրողի, հարազատի, ընկերոջ մի խոսքով ում հետ ուզի, իսկ իմ գրավոր նամակին նախարարությունը գրավոր մերժեց, հետո հեռախոսով մի քանի անգամ զանգեցի, ասեցի, որ ուզում եմ որպես ընկեր հանդիպել, էլի ասեցին գրավոր դիմի: Վերջը թողեցին հանդիպել որպես ընկեր և ոչ որպես լրագրող: Այսուհանդերձ, ես միակ լրագրողն եմ, որ հանդիպել է Սարգիսի հետ էն էլ ընկերոջ անվան տակ: Ինչի եմ սա շեշտում, քանի որ անվանի քաղբանտարկյալների հետ լրագրողները պարբերաբար հանդիպում են: Սարգիսը ֆրանսիայի քաղաքացի է, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, ակտիվորեն աջակցել է լևոնական շարժմանը: Հանդիպման ու մեր խոսակցության մասին կգրեմ հետո: Ներկայացնում եմ Սարգիսի հայտարարությունները ուղղված զանգվածային լրատվական միջոցներին. Հայկական ԶԼՄ-ներին Չորս ամսից ավելի Վարդաշենի բանտում Եղիշե Չարենց և Հրանտ Մաթևոսյան եմ թարգմանում: Տեսողությունս գնալով վատանում է: Դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, որ ինձ տրամադրեն անձնական համակարգիչս`թարգմանչական ծրարգրեով, որպեսզի բանտախցում ունենամ 21-րդ դարին համապատասխան ստեղծագործական աշխատանք կատարելու հնարավորություն: Սկզբում պահանջս ընդունեցին, խոստանալով, որ «այսօր, վաղը» կստանամ, սակայն հետո չգիտեմ թե ինչ պատահեց, մերժեցին: Բազմիցս դիմել եմ բոլոր գերատեսչություններին, հայտնելով, որ, հավանաբար, բացի ինձնից Հայաստանի տարբեր բանտերում այն կալանավորը, որ ցանկանում է ունենում է համակարգիչ և հարցրել, թե ինչն է պատճառը իմ նկատմամբ ցուցաբերված խտրականության: Բայց պատասխանը` «ձայն բարբառոյ յանապատի»: Այս կապակցությամբ դիմում եմ ձեզ, որ հրապարակեք սույն հայտարարությունս, որպեսզի համապատասխան թույլտվությունը տվող պետական մարմինները պարզաբանեն, իրենք ի՞մ, թե՞ 1937թ. զոհ Եղիշե Չարենցին են դեմ: Կանխավ շնորհակալություն Սարգիս Հացպանյան,Վարդաշեն ՔԿՀ, 16 ապրիլ, 2009թ. Հայկական ԶԼՄ-ներին Գտնվելով «Վարդաշենի» քրեակատարողական հիմնարկում որպես կալանվոր ես իրավունք ունեմ շաբաթը երկու անգամ զանգահարել հարազատներիս: Մինչև հիմա մշտապես առանց խոչընդոտի օգտվել եմ իմ այդ իրավունքից: Ծնողներս ապրում են Եվրոպայում, հայրս անբուժելի հիվանդության պատճառում հիվանդանոցում է, մայրս էլ նրա մոտ է մնում որպես խնամող: Քանի որ Հայաստանը Եվրոպայի հետ +3 ժամային տարբերություն ունի, ստիպված եմ նրանց հետ խոսել խոսել երեկոյան 21.30-ից հետո: Հիմնարկի նախկին պետի գրավոր թույլտվությամբ կարողացել եմ այդ ժամին ծնողներիս հետ խոսել: Հիմնարկի նոր պետը ինձ համար անհասկանալի կարգադրութամբ երեկոները ծնողներիս հետ խոսելու հնարավորությունը նախ արգելեց, ապա միայն շաբաթը մեկ անգամ` երկուշաբթի օրերին թույլատրեց: Հիմնարկի պետին ուղղված գրավոր դիմումներս, ցավոք, դրական արդյունք չտվեցին, որի պատճառով այսօրվանից` ապրիլի 16-ից ես ինքնակամ հրաժարվեցի ծնողներիս զանգելու իրավունքից: Սույն հայտարարությունը գրվել է իմ ձեռագրով, խնդրում եմ այն տարածել ձեր օգնությամբ: Կանխավ շնորհակալություն` Սարգիս Հացպանյան, Վարդաշեն ՔԿՀ, 16 ապրիլ, 2009թ. Սիրելիներ Ինձ հայտնել են, որ եկող երկուշաբթի շագանակագեղձի հետազոտման համար կրկնակի անգամ արյան անալիզ պետք է հանձնեմ, որի արդյունքներից հետո Հայաստանի գլխավոր ուռոլոգ Վ Բադալյանի(Խիրուրգիայի ինստիտուտ, Զեյթուն) եզրակացության հիման վրա կպարզվի, թե ինչ է ինձ սպասվում: Կարող է բուժելու խնդիր լինի և ինձ մեկուսարանից այլ տեղ տեղափոխեն: Իսկ եթե գործողություն անելու կարիք լինի, ապա ես չեմ ցանկանա, որ այն այստեղ Հայաստանում արվի ու կպահանջեմ, որ վիրահատությունը կատարվի ֆրանսիայում: Իսկ այդ դեպքում, պետք է իմ խափանման միջոցը փոխվի, սակայն ես արդեն դատապարտվածի կարգավիճակում եմ, այսինքն բուժման մեկնելու համար իրավական անհեթեթ խոչընդոտ կա, որի լուծումը անհայտ է: Իմ ընտանիքում (թե հոր, թե մոր կողմից) գրեթե բոլոր տղամարդիկ երիտասարդ տարիքում մահացել են շագանակագեղձի, երիկամների, թոքի քաղցկեղից: Այժմ հայրս երիկամի քաղցկեղով մահամերձ վիճակում հիվանդանոցում է գտնվում, 56 տարեկան մեծ եղբայրս նման հիվանդություն ունի և բուժվում է: Ես դեռ չգիտեմ թե իմ առողջական վիճակը ինչպես է կամ որքան լուրջ է այն, այսուհանդերձ իմանալուց հետո ուզում եմ իրավիճակին համապատասխան անպայման լուծումներ գտնել:

Սարգիս Հացպանյան, Վարդաշեն ՔԿՀ, 16 ապրիլ, 2009թ. http://www.tert.am/blog/?p=691

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter