
Ըստ ՀՅԴ-ի մոտ կանգնած աղբյուրների` վերջին օրերին դաշնակցությունում քննարկվում է մայիսի 31-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքական կոալիցիայից դուրս գալու հարցը: Ընտրություններից առաջ ընդդիմություն խաղալու և կոալիցիայից դուրս գալու մասին «սպառնալիքներն», իհարկե, ՀՅԴ-ի համար վերջին տարիներին սովորական մարտավարություն է դարձել, ինչի միջոցով դաշնակցականներն ընդամենը մի քանի նախարարի ու մարզպետի հարց են լուծում:Սակայն այս անգամ, բացի կոալիցիայից դուրս գալուց ՀՅԴ-ում քննարկում են նաև ընտրություններից անմիջապես հետո «Ժառանգություն» կուսակցության հետ ինչ-որ ձևաչափով (ընդհուպ մինչև ազգային ժողովում երկու խմբակցությունների միավորման) համագործակցելու հարցը: Իսկ այս «պրոեկտում» «Ժառանգության» հնարավոր մասնակցությունն առնվազն հավանական չէ` հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կապը նույն սփյուռքի կառույցների հետ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ականներին, ապա, ըստ նույն աղբյուրների, իրենք էլ առանձնապես խանդավառված չեն այս հեռանկարով, սակայն հայ-թուրքական հարաբերություններից հետո կուսակցության սփյուռքի կառույցները կտրուկ պահանջել են տարանջատվել իշխանություններից:
Թերևս հենց այս համատեքստում պետք է դիտարկել ՀՅԴ-ականների վերջին շրջանի հայտարարությունները` Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությունը չբացառելու վերաբերյալ: Մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը մի քանի օր առաջ նույնիսկ հայտարարել էր, թե չի բացառում իրենց համագործակցությունը նույնիսկ Հայ ազգային կնոգրեսի հետ: Իհարկե, սա չի նշանակում, թե ամեն ինչ հենց այսպես էլ ընթանալու է: Ամենևին բացառված չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման «շոուի» ավարտից հետո (եթե դա տեղի ունենա մինչև մայիսի 31-ը) ՀՅԴ-ն ևս մի քանի փոխնախարարի պորտֆելի դիմաց շարունակի «սատարել երկրի կայունությանը» մինչև հաջորդ որևէ ընտրություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել