HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Երկու հանրապետությունների օրենսդիրների համագործակցությունը շարունակվելու է

Երեկ ավարտվեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում անցկացված համատեղ երկօրյա նիստը` ԼՂՀ սոցիալական հարցերի հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի, սոցիալական հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների ու վերոնշյալ ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների մասնակցությամբ:

Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ ԱԺ առողջպահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, կարեւորելով Ղարաբաղում առողջության պահպանման առաջնային ծրագրերի ներդրման հետ կապված հարցերը, նկատեց, որ Հայաստանյան փորձը թույլ կտա բացառել սխալները եւ Արցախում ավելին անել: Նա անդրադարձավ նաեւ բժշկական ծառայությունների ֆինանսավորման խնդրին` մասնավորապես անօրինական վճարների օրինականացմանը, որի անհրաժեշտությունը, ըստ նրա, կա:

Կրթության ոլորտին վերաբերող քննարկումները հիմնականում ծավալվել էին Բոլոնիայի գործընթացի եւ ավագ դպրոցի թեմայի շուրջ: Ինչպես նշվեց աշխատանքների ամփոփման ժամանակ, Ղարաբաղում ստիպված են անցնում ավագ դպրոցին, քանի որ ՀՀ-ի հետ գտնվում են նույն դաշտում, հետեւաբար ՀՀ-ն բարոյապես պարտավոր է հնարավորինս աջակցություն ցուցաբերել բարեփոխումների ընթացքում:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հույս հայտնեց, որ երկու հանրապետությունների օրենսդիրների համագործակցությունը շարունակվելու է ոչ միայն սոցիալական ոլորտի հանձնաժողովների մակարդակով, այլեւ մյուս ոլորտներում:

Դրան ուղղված քայլերից մեկն էլ հենց կարելի է համարել այն, որ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ եւ ԼՂՀ վարչապետները պայմանավորվեն համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որն էլ աշխատելու է առողջապահական փաթեթի մշակման ուղղությամբ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ այսուհետ իրենց գործընկերներին հրավիրելու են Երեւան` մասնակցելու խորհրդարանական լսումներին:

Համատեղ նիստն ավարտելուց հետո ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանականները այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրվեցին գոյամարտի նահատակների եւ Արցախի գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին, որտեղից էլ հյուրերը մեկնեցին Երեւան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter