HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

6 ամսվա ընթացքում Քաշաթաղի շրջանում վերաբնակեցվել է ևս 150 ընտանիք

Բերձորում Մուրադ Մարգարյանի բազամազավակ ընտանիքին բոլորը գիտեն: Ամուսինները 11 երեխա են դաստիարակում: Երբ մենք այցելեցինք նրանց, տանը միայն կինն էր`Փառանձեմը, աղջիկների և երկու փոքր տղաների հետ: Երեք որդիները գնացել էին մոտակա ձոր` մոշ հավաքելու:

Փառանձեմն ասում է, որ ինքը չի ուզում, որ որդիները գնան մոշ հավաքելու, բայց, մյուս կողմից էլ, չի կարող արգելել, քանի որ դրա կարիքն ունեն:

Ընտանիքի եկամտի աղբյուրը երեխաներին հասնող 96 հազար դրամ նպաստն է և ամուսնու 45 հազար դրամ աշխատավարձը: Փառանձեմը չի աշխատում և ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար տնամերձ հողամասում մի փոքրիկ բանջարանոց է մշակում:

Նա խոստովանում է, որ կցանկանար ողջ հողամասը մշակել, բայց ջուր չկա: Օրվա ընթացքում հազիվ մեկ ժամ ջուր են տալիս, բակում դրված ջրամանն էլ չի հասցնում լցվել, որից երկու ընտանիք է օգտվում: Ջրի պակասից ամեն ինչ չորանում է:

«1998թ. մենք 4 երեխաների հետ Լոռու մարզի Լեռնապատ գյուղից տեղափոխվեցինք Արցախ: Լեռնապատ գյուղի բնակիչ էինք, բայց աշխատանքի պատճառով Սպիտակ քաղաքում վարձով էինք ապրում: Ամուսինս էր միայն աշխատում, իսկ նրա աշխատավարձով հազիվ յոլա էինք գնում»,- ասում է տիկին Փառանձեմը:

Որպես բազմազավակ ընտանիք` 2009թ.-ին 4 սենյականոց սեփական տուն է հատկացվել Մարգարյաններին: Փառանձեմն ասում է, որ 13 հոգուն չորս սենյակն էլ չի հերիքում: Հին տունը տրամադրել են նոր վերաբնակիչների` մինչև վերջիններիս բնակարանով ապահովելը:

«Ամռանը հեշտ է: Հենց ցրտերն ու անձրևները սկսվում են, խնդիրներն էլ հետն են ավելանում: Տանիքը լավ չեն ծածկել, ու անձրևաջրերից առաստաղը խոնավանում է: Մենք էլ տունը միայն մեկ վառարանով ենք տաքացնում, էն էլ չի հասցնում խոնավ պատերը չորացնել»,- պատմում է կինը:

Չնայած դժվարություններին` Փառանձեմը վստահեցնում է, որ Բերձորում ապրելն ավելի հեշտ է, քան ՀՀ-ում: Վերաբնակիչները մի շարք արտոնություններից են օգտվում` տուն կամ 2 միլիոն դրամի չափ շինանյութ է հատկացվում, մոտ 240 հազար դրամի չափ անասնավարկ է տրամադրվում, տեղափոխվելուն պես միանվագ գումար է տրվում, և յուրաքանչյուր շնչի համար 60 կ\վատ էլեկտրաէներգիան անվճար է:

Հեռանալու մասին Մարգարյանները երբեք չեն մտածել: Փառանձեմը, սակայն, չի կարող վստահեցնել, որ երեխաներն էլ կցանկանան մնալ: Նա ասում է, որ իր տեղը Բերձորն է:

Երբ արդեն պատրաստվում էինք դուրս գալ, տղաներից մեկը` Անդրանիկը, ներխուժեց սենյակ և մեզ չնկատելով՝ մորն ուրախ ասաց. «Երկու դույլ մոշը վաճառեցինք, նորից ենք գնում հավաքելու»:

13-ամյա տղան պատմում է, որ օրական հաջողվում է անգամ 10 դույլ մոշ հավաքել: Մեկ դույլը տղաները վաճառում են 3000 դրամով: Ողջ գումարն էլ տալիս է մորը տան ծախսերի համար:

Մեր այն հարցին, թե իրեն ոչ մի բան այդ գումարով չի՞ գնում, Անդրանիկն ասաց, որ երբ մայրիկը փող է տալիս, այդ ժամանակ էլ ծախսում է:

Մելիքյանների ընտանիքը Բերձոր է տեղափոխվել 2001թ., երբ Աշտարակում նրանց աշխատանքի վայրերում կրճատումներ են սկսել: Ընտանիքի բոլոր անդամներն եկած օրվանից աշխատում են, և Բերձորի չափանիշներով նրանց ընտանիքը համարվում է սոցիալապես ապահով:

Տիկին Գայանեն պատմում է, որ տեղափոխվելու գաղափարը որդունը` Գարիկինն էր: Վերջինս հյուր էր եկել ընկերոջ մոտ` Բերձոր, և շատ էր հավանել քաղաքը: Մի որոշ ժամանակ անց ողջ ընտանիքով տեղափոխվել են:

«Այս 10 տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Մարդկանց մեծամասնությունն աշխատանք ունի: Ով էլ չի աշխատում, իր հողամասն է մշակում: Խնդիրներ իհարկե կան, որոնցից առաջնահերթը ջրի հարցն է: Այսօր մենք ժամով ենք ջուր ստանում, ինչը մանավանդ ամառային ամիսներին ընդհանրապես չի հերիքում»,- ասում է տիկին Գայանեն:

Այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում ակտիվորեն խոսվում է զիջումների մասին, այդ թվում և տարածքային, տիկին Գայանեին մտավախություններ չի պատճառում: 

«Ինձ չի թվում, որ Բերձորը կամ մեկ ուրիշ տարածք կզիջեն: Ես այստեղ վախ չեմ զգում, այլապես իմ ողջ ընտանիքով այստեղ չեմ ապրի: Այդքան տղաների արյան գնով ազատագրած հողերն այդպես հեշտությամբ չեն զիջում»,- համոզված է նա:

Արդեն 4 ամիս է, ինչ Գագիկ Զուռնաչյանը ընտանիքով Բերձորում է ապրում: Կինը` Հասմիկը, պատմում է, որ Աշտարակում, որտեղ ապրում էին, ամուսինը տրակտորիստ էր և աշխատանքն էլ սեզոնային էր:

«Բերձորում ամուսնուս ծանոթներից մեկը տեղի վարչակազմում վարորդի մշտական աշխատանք առաջարկեց, ամուսինս էլ համաձայնեց: Երկու փոքրիկներիս հետ եկանք, երրորդ երեխան այստեղ ծնվեց»,- ասում է Հասմիկը:

Կինը համոզված չէ` մշտական կմնա՞ն Բերձորում, թե՞ չէ: Այսօր նրանք ապրում են ուրիշի տանը, իսկ իրենց խոստացված տունը դեռ չեն հատկացրել: Ներկայիս տանը ձմռանը երեք փոքր երեխաների հետ ապրել չի լինի: Տունը անմխիթար վիճակում է:

Հասմիկը խոստովանում է նաև, որ Աշտարակում մնալու դեպքում իրենց վիճակը ավելի լավ չէր լինել: «Ամուսնուս 60 հազար դրամ աշխատավարձով և երեխայի 15 հազար դրամ նպաստով հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում: Եթե գոնե մեր սեփական տունն ունենայինք, տնամերձ հողամասը կմշակենք, էլի որ հնարավոր կլիներ նորմալ ապրել: Իսկ ներկա պայմաններում, երբ ամեն ինչ խանութից ենք գնում, անհնար է»,- ասում է նա:

Հասմիկը խոստովանում է, որ կամաց-կամաց հարմարվում է նոր միջավայրին, միայն թե վախի զգացողություն կա: Բանն այն է, որ արցախյան պատերազմի տարիներին իրենց գյուղը` Ծավը (Սյունիքի մարզ), նույնպես տուժել է:

Թեև բերձորցիների մեծամասնությունն ապահովված է աշխատանքով և մշտական եկամտի աղբյուր ունի, միևնույն է, նրանց մեծ մասը սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության իրերը շարունակում է պարտքով գնել:

Մուշեղը Գորիսից է տեղափոխվել Բերձոր և արդեն 16 տարի է, ինչ իր սեփական խանութն է աշխատեցնում: Նա ասում է, որ ստացած եկամուտով կարողանում է հոգալ ընտանիքի ծախսերը: Հաճախորդներից էլ խանութպանը չի բողոքում, միայն թե այսօր էլ մեծամասնությունը շարունակում է պարտքով գնումներ անել:

Ըստ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանի` շրջանի վերաբնակեցման գործընթացը ակտիվորեն շարունակվում է` շեշտը դնելով փախստականների վրա, ովքեր չունեն այլ բնակության վայր: Իսկ դա, Ա. Մխիթարյանի խոսքով, ենթադրում է, որ Քաշաթաղի շրջանը կդառնա մշտական բնակության վայր ոչ միայն նրանց, այլև սերունդների համար:

2011թ. հունվարից մինչ հուլիս 150 ընտանիք` մոտ 500 մարդ է վերաբնակեցվել Քաշաթաղի շրջանում: Ներկայումս շրջանում ապրում է մոտ 10 հազար բնակիչ:

«Վերաբնակչների նոր հոսք ենք սպասում սեպտեմբերի սկզբներին: Կան այնպիսի ընտանիքներ, որ միայն տան հայրն է եկել բնակարանային հարցերը լուծելու համար, որից հետո՝ մինչև դպրոցներում դասընթացները սկսելը, ընտանիքը կտեղափոխի»,- ասում է Ա.Մխիթարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որքան մարդ են նախատեսվում վերաբնակեցնել շրջանում, Ա.Մխիթարյանն ասաց, որ թվային նպատակներ իրենց առջև չեն դրել:

«Ուզում ենք շրջանը զարգացած և Արցախն ուժեղացած տեսնել: Ներկայիս երկակի, եռակի ստանդարտների պարագայում տեսնում ենք, որը իրավունքն ուժեղինն է: Իսկ ուժը ոչ միայն մարտունակ բանակն է, որը մենք ունենք, այլև տնտեսական զարգացումը, ինչի նախադրյալները ևս ունենք»,- համոզված է Ա.Մխիթարյանը:

Խոսելով ղարաբաղյան հինախնդրի բանակցային գոծընթացի, տարածքների զիջումների մասին` Ա.Մխիթարյանն ասաց, որ ինչպես բազմիցս է ասել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, մենք ունենք ոչ թե ազատագրած, այլ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ:

«Այստեղ յուրաքանչյուր բնակիչ, ով բահը ձեռքին փորում է հողը, պատրաստ է վաղը պետք եղած դեպում այդ նույն բահով պայքարելու: Միայն երբեմն-երբեմն Երևանից ենք լսում տարածքներ հետ տալու վերաբերյալ զրույցներ: Այստեղ ոչ ոք նման բան չի մտածում, մենք տալու հող չունենք: Արյան գնով ազատագրված հողերը չեմ կարծում, որ ինչ-որ մեկը գրչի հարվածով մեկ ուրիշին կտա»,- վստահեցնում է Ա.Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է տեղում եղած խնդրիներին, Ա.Մխիթարյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատաքներ կատարվում են: Ներկայումս նոր հիվանդանոց, դպրոցներ ու մանկապարտեզ են կառուցվում շրջկենտրոնում և տարբեր համայնքներում:

Ինչ վերաբերում է շինարարության համար անհրաժեշտ միջոցների հատկացմանը, Ա.Մխիթարյանն ասաց, որ, բացի պետական միջոցներից, կան նաև մի շարք բարերարներ: Չնայած մեր խնդրանքին` Ա.Մխիթարյանը որևէ կոնկրետ բարերարի անուն չտվեց և բացատրեց, որ չի ցանկանա մեկին նշել, մյուսին անտեսել:

Մեկնաբանություններ (9)

mahmouzian
Hasmig Gagig go see Mahrineh in karigah maybe she can put you on the list for the next housing project of friend of Armenia mi housahadir we will get to you all of us want you there . thank you.Mihran
mahmouzian
since we have Souren as governor the all admosphere as change this guy try to help every one. after 18 year in this area it is the first time tha we have a governor that care for the people .friend of armenia are involved in fixing the houses we are up to 40 now and projectihg another 22 next year we also did in the village of mirik a communautie house .the village of Sous. is getting 9 houses fixed .all that thanks to friend of armenia and the new administration who care for the people thank you friend of Armenia thank you Souren and thank you Marineh to have done this work. the village of karegha had 34 houses fixed and i billieve the village of aravno is in the first stage of constrution.the young people will stay if we help themwe need them to stay .thank you all
Ռոբերտ
Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել ինձ, Ձեր բոլոր հարցերին կտամ սպառիչ պատասխան: Հեռ. 094-277-500 Ռոբերտ Մաթևոսյան
maro
Hovo, gna Berdzor yev timi Kashataghi varchutiun. Nayev garogh es portsel Karabaghi nergacchutiun Yerevan. Yeridasartnere mishd amenurek ashxarum tsktum en turs kal kiughits payts shadere gan vor avardum en yev veratarnum en kiugh. Verchi 2 darinerin vijage shad parelavets kashatagh. Tjvarutiuner gan payts joghovurti hokepanutiune yev vijage yertalov parelavum e. shad lav abroghner chgan payts gan kiugher vor aveli lav en kan shad kiugher karabagh gam hayasdan - hadkabes ashxadoghi martu hamar.
Vardan
Dook karogh ek deghkootyoon sdanal Tufenkian hasdadootyoonix yerevanoom
Vardan
Dook karogh ek dimel Tufenkian Hasdadootyan Yerevanoom, nrank xez ke ognen ays kabakxootyamb
Hovo
vortex petq e dimel Qashataxum bnakvelu hamar?
Natik Qocaman
Вопреки фактам Армения лицемерно заявляет, что Нагорный Карабах (в переводе с тюркского: черный сад) и прилегающие к нему другие оккупированные земли не заселяются армянами. Спасибо, Hetq.am за объективную информацию.
Armen
Կեցցեն եւ ապրին, աճին ու աւելիով բազմանան, լեցնեն մեր երկիրը այս տեսակ քաջ որդիներով, իմանալով որ իւրաքանչիւր ապրող հայ Հայաստանի մէջ աւելիով կը զօրացնէ մեր պապենական սուրբ երկիրը։ Երանի՜ թէ այս բազմազաւակութեան երեւոյթը վարակիչ դառնար բոլորին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter