
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, լսվում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի գործը: Այսօրվա նիստում դատարանն ավարտեց գործով որպես վկա անցնող 4 դատական կարգադրիչների հարցաքննությունը:
- Ձեզ վկաների հարցաքննությունը չի՞ հետաքրքրում, ինչո՞ւ եք թերթ կարդում,- Գոհար Վեզիրյանին հարցրեց դատավորը:
- Ոչ, չի հետաքրքրում:
- Ես արգելում եմ Ձեզ նիստի ժամանակ մամուլ կարդալ, հակառակ դեպքում դա կդիտարկեմ որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Հուսով եմ` արդեն ծանոթ եք դրա հետեւանքներին:
- Ոչ, ծանոթ չեմ. դեռ դատավարություն է ընթանում,- նկատեց Վեզիրյանը եւ շարունակեց կարդալ, բայց արդեն` քրեական գործի նյութերը: Նա հրաժարվեց վկաներին հարցեր ուղղելուց:

Լրագրող Գոհար Վեզիրյանը մեղադրվում է հենց «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» դրսեւորելու մեջ: Մեղադրանքի հիմքում դրված են վկա-կարգադրիչների` Շահեն Օհանյանի, Արթուր Փիլոսյանի, Ռաֆայել Ստեփանյանի եւ Մուրադ Գրիգորյանի ցուցմունքները: Վերջիններս միջադեպի օրը «անհարգալից վերաբերմունքի» համար դատարանի դահլիճից դուրս հանելիս Գոհարի նկատմամբ կիրառել են բռնություն: Դրա հետքերը դատաբժիշկը թեեւ արձանագրել է, սակայն իր եզրակացության մեջ վնասվածքները չի աստիճանավորել: Իսկ քննիչ Գայանե Երիցյանը կարգադրիչների գործողությունները գնահատել է իրավաչափ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2008 թ. օգոստոսի 6-ին` Սմբատ

Այվազյանի դատավարության ժամանակ: Չնայած դահլիճում եղել են բազմաթիվ մարդիկ, բայց Գոհարի կողմից դատավոր Գագիկ Ավետիսյանին հասցեագրված վիրավորական խոսքերը լսել են միայն դատական նիստերի քարտուղար Հասմիկ Ջալալյանը եւ կարգադրիչները: Հենց նրանք էլ միակ դատակոչված վկաներն են:
Նախորդ նիստում Հասմիկ Ջալալյանը դատարանին հայտնեց, որ նշյալ դատի ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանը կարգադրիչի հետ խոսելու պատճառով Վեզիրյանին կարգադրել է ոտքի կանգնել, ինչին չենթարկվելու համար էլ վերջինս դահլիճից հեռացվել է: Նրա խոսքերով` դռան մոտ Գոհարն ասել է` «առաջ կարգին մարդիկ էին, էս չմո, անտաշի հետ ի՞նչ գործ ունեք», որը, իր ընկալմամբ, ուղղված է եղել դատավորին:
Այսօր վկա-կարգադրիչները ցուցմունք տվեցին, թե դատավոր Ավետիսյանը Գոհարին դահլիճից հեռացրել է նիստը չձայնագրելու իր կարգադրությանը չենթարկվելու համար:
«Դատավորի կարգադրությանը բոլոր լրագրողները ենթարկվեցին, բայց Վեզիրյանը շարունակում էր ցուցադրաբար ձայնագրել: Դատավոր Ավետիսյանն ասաց` ոտքի կանգնիր, բայց Վեզիրյանը չենթարկվեց ու դատավորի հետ մտավ բանավեճի մեջ` ասելով «դու ո՞վ ես, որ ոտքի կանգնեմ, ես արդեն մի անգամ կանգնել եմ»,- պատմեց կարգադրիչ Շահեն Օհանյանը: Վկան մանրամասնեց, որ լրագրողը դատավորին անվանել է «շիզոֆրենիկ», «կամակատար» եւ «վեցնոց»:
Պաշտպան Հովիկ Արսենյանը հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս օգոստոսի 11-ին հետաքննիչին չի հայտնել, որ Վեզիրյանը դատարանի հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ: Սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը հարցը հանեց` «այդ նյութերը որպես ապացույց դատարանի կողմից հետազոտված չլինելու պատճառով»:
Մյուս վկան` Արթուր Փիլոսյանն էլ նշեց, թե Գոհարը ձեռքն ուղղել է դատավոր Ավետիսյանի կողմը եւ ասել` «այ շիզոֆրենիկ, կամակատար, դու ո՞վ ես, որ ինձ նման կարգադրություն ես անում (ոտքի կանգնիր)», իսկ արդեն դռան մոտ, ըստ վկայի,լրագրողը սկսել է դատավորին հայհոյել:
Պաշտպանը հետաքրքրվեց, թե այդ ինչպե՞ս է, որ դատական նիստի ձայնագրման կրիչում այդ արտահայտությունները բացակայում են:
«Ես չգիտեմ` դա ինչ տեխնոլոգիա է, բայց կային բառեր, որ Վեզիրյանը բարձր էր ասում, որպեսզի բոլորը լսեն, բայց որոշ բաներ էլ ցածր էր ասում: Գուցե դրա համար էլ չի ձայնագրվել,- ասաց կարգադրիչների ստորաբաժանման պետ Ա. Փիլոսյանը եւ հավելեց,- բայց ես ու իմ տղաները լսել ենք»: Նրա հարցաքննությունից հետո պաշտպան Հովիկ Արսենյանը հրաժարվեց մյուս երկու վկա-կարգադրիչներին հարցեր ուղղելուց` «նկարագրված վիրտուալ իրականության պատճառով»:
Սակայն պաշտպանը, այնուամենայնիվ, կարգադրիչ Մուրադ Գրիգորյանին խնդրեց որպես տղամարդ անկեղծ պատասխանել մեկ հարցի` «նախաքննության ընթացքում քննիչը Ձեզ տվե՞լ է վկաներից որեւէ մեկի ցուցմունքը, որպեսզի արտագրեք»:
«Ոչ»,- հնչեց Գրիգորյանի պատասխանը: Մինչդեռ կարգադրիչների նախաքննական ցուցմունքները, ըստ Հովիկ Արսենյանի, ոչ միայն բառացի, այլեւ կետադրական նշաններով նույնական են:
Գոհար Վեզիրյանը, «քանի որ վկաների կողմից նոր իրավիճակ ներկայացվեց», ցուցմունք տալու համար դատարանին խնդրեց նիստը հետաձգել:
Դատավարությունը կշարունակվի ապրիլի 28-ին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել