Դատարանում տված վկայությունը հակասում է նախաքննական ցուցմունքին
Ընդմիջումից հետո Ալ. Արզումանյանի և Ս. Սիրունյանի գործող ցուցմունք տվեց նաև նախորդ նիստին առանց անձը հաստատող փաստաթղթի ներկայացած Աշոտ Հարությունյանը:
Վկան հաստատեց, որ ճանաչում է Ալեքսանդր Արզումանյանին որպես նախկին արտգործանախարարի, իսկ Սուրեն Սիրունյանին տեսել է, բայց անունը դատարանում չհիշեց:
Ըստ վկայի` ինքը մարտի 1-ին տանից դուրս է եկել, իմացել է, որ ժողովուրդը հավաքվում է Մյասնիկյանի արձանի մոտ և ժամը 13-15-ն ընկած ժամանակահատվածում ինքն էլ է գնացել այնտեղ, մնացել մինչև ժամը 19:00-ի սահմանները: Աշոտ Հարությունյանը նշեց, որ այդ ընթացքում ինքը տեսել է Դավիթ Շահնազարյանին, Արարատ Զուրաբյանին և Ալեքսանդր Արզումանյանին: Լսել է նաև Ալ. Արզումանյանի ելույթը, սակայն թե ինչ թեմայով էր ելույթ ունենում և ինչ էր ասում, չհիշեց. «Չեմ հիշում` կոնկրետ ինչ էր ասում, բայց ասում էին, որ ընտրությունների կեղծման մասին է խոսում»:
Ալ. Արզումանյանի հստակեցնող հարցին, թե ինչպես է տեսել իրեն և Ա. Զուրաբյանին, եթե նախաքաննությամբ պարզվել է, որ երկուսն էլ Մյասնիկյանի արձանի մոտ եկել են երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, վկան սկսեց տարակուսել. «Դե ասում էին, որ այնտեղ եք»: Արզումանյանի մյուս հարցերին, թե ինքը անձամբ տեսե՞լ է կռիվ, ղալմաղալ կամ նմանատիպ այլ բաներ, որոնք վկան նշել է իր նախաքննական ցուցմունքում, վկան հաստատեց, որ անձամբ չի տեսել. «Դե բոլորն էլ դա տեսել են հեռուստատեսությամբ»:
Քանի որ վկայի դատարանում տված ցուցմունքի ու նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև ակնհայտ հակասություններ կային, հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը: Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի` ինքը փետրվարի 26-ին մինչև գիշերվա ժամը 4-ը մնացել է Ազատության հրապարակում և օգտվել այնտեղ բաժանված սննդից, սակայն դատարանում ցուցմունք տալու ժամանակ վկան չհաստատեց, թե հենց բաժանված սննդի՞ց է օգտվել, թե կողքի հարևանի հյուրասիրությունից: Պարզվեց` իր ցուցմունք նշած այն հանգամանքը, որ ինքը նկատել է, թե Ազատության հրապարակում փող էին բաժանում ժողովրդին, ոչ թե անձամբ իր աչքերով է տեսել, այլ` «լսել էր ժողովրդից»: Քիչ անց պարզվեց, որ վկան նախաքննության ընթացքում իր տված վկայությունները տեսել է հեռուստացույցով, իսկ ինքը անձամբ ոչ թե տեսել է, այլ լսել այնտեղ հավաքված ժողովրդից: «Դե ասում էին, որ 5-6 հազար դրամ փող են բաժանում»:
Կորյուն Փիլոյանի հարցին, թե ինքը իր նախաքննական ցուցմունքը ճի՞շտ է գրել, Աշոտ Հարությունյանը պատասխանեց` այո, իսկ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե այդ դեպքում ինքը դատարանում սու՞տ վկայություն է, տալիս, որ նման հակասություններ են առաջանում, վկան պատասխանեց. «Սուտ չեմ ասում, ինչ եղել է` դա եմ ասում»:
Նույն հարցերի ճշգրիտ պատասխանների ակնկալիքով պաշտպանները նորից կրկնում էին հարցերը, սակայն վկան տարբեր պատասխաններ էր տալիս և հաստատում էր, որ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը ճիշտ է, նաև ասում, որ դատարանում ասում է այն, ինչ եղել է:
Այլ վկաներ այսօր դատարան չէին ներկայացել: Դատարանը հրապարակեց նաև Լիանա Մելքոնյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը: Լիանա Մելքոնյանը բացակայում էր երկրից, այդ պատճառով դատարանին խնդրել էր հաշվի առնել իր նախաքննական ցուցմունքը, որը վերաբերում էր Սուրեն Սիրունյանի և իր հեռախոսային խոսակցությանը, որ Սուրեն Սիրունյանը Վրաստանում եղած ժամանակ զանգահարել է Լիանա Մելքոնյանին և ասել, որ ինքը Վրաստանում է:
Դատախազ Կորյուն Փիլոյանը հրաժարվեց վկաներ Մայիս Սահակյանի և Հովհաննես Մխեյանի ցուցմունքներից, քանի որ նրանց նախաքննական ցուցմունքերը չեն վերաբերում քրեական գործին: Սակայն Կորյուն Փիլոյանի մյուս առաջարկին` շարունակել դատական նիստը ամբաստանյալների հարցաքննությամբ մինչև մյուս նիստին դատակոչվեն վկաները, Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Սիրունյանը չհամաձայնեցին:
«Բերման ենթարկեք մյուս վկաներին, ամփոփենք նրանց վկայությունը, տեսնենք, թե ինչ կասեն, ըստ այդմ` ես իմանամ, թե ինչ եմ ասելու իմ ցուցմունքում ու հայտարարություններում»,-ասաց Ալ. Արզումանյանը:
Վկաների ապահովման համար դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 22-ը, ժամը 11:30-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել