HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման

20_04-s_hatspanyanՓաստաբան Հովիկ Արսենյանը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ֆրանսահայ Սարգիս Հացպանյանի դառավճռի դեմ: Սակայն նրա խոսքերով` հույսն ավելի շատ քաղաքական իրադրության փոփոխության վրա է: Հակառակ դեպքում, ըստ Արսենյանի, բողոքը կմերժվի, «որովհետեւ այս հարցը, դժբախտաբար, ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում է»: Ապրիլի 9-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, Սարգիս Հացպանյանին «Սուտ մատնության» համար դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման: Ընդդիմությունը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը Հացպանյանին դասում է քաղբանտարկյալների շարքին: Սարգիս Հացպանյանը մասնակցել է Արցախի գոյամարտին, մեր երկրում ներկայացրել է սփյուռքահայ տարբեր կազմակերպություններ, իսկ 1990 թ. ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո մշտապես Ազատության հրապարակում էր. ապրում էր վրանում: Նա 4 օր հացադուլ հայտարարեց եւ այն դադարեցրեց միայն Տեր-Պետրոսյանի հորդորով: Ազատության հրապարակում Սարգիս Հացպանյանը հարթակից ելույթներ էր ունենում, քննադատում իշխանություններին: 2008 թ. փետրվարի 27-ի հանրահավաքում Հացպանյանը հայտարարեց, որ ոստիկանները փորձել են խուզարկել իր տունը, սակայն կինն ու երեխան նրանց առջեւ դուռը չեն բացել: Ավելի ուշ Սարգիս Հացպանյանը թերթերից մեկին պատմել էր, որ փետրվարի 24-ից իր յուրաքանչյուր ելույթից հետո օրական գոնե երկու անգամ բարձրաստիճան ոստիկանները մոտեցել են իրեն եւ հրավիրել բաժին` զրուցելու. «Ես էլ նրանց ասում էի` եթե ձեր հրավերը Հայաստանում գործող օրենքներին համապատասխան արվի, որեւէ խնդիր չեմ տեսնում, անմիջապես կներկայանամ»: Փետրվարի 28-ից մինչեւ մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը մի շարք անձանց, այդ թվում` Սարգիս Հացպանյանի մասով հայցադիմում ներկայացրեց Վարչական դատարան` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելու» համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հացպանյանը տուգանվեց նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Մարտի 1-ից հետո, թեեւ Ս. Հացպանյանի նկատմամբ հետախուզում հայտարարված չէր, սակայն վերջինս ընդհատակում էր: Իր արարքը նա 2008 թ. հուլիսին մամուլին տված հարցազրույցում բացատրել էր նրանով, որ «թեկուզ իբրեւ սովորական վկա դատախազություն կանչվող բոլորովին անմեղ մարդուն վկայից կասկածյալ, իսկ կասկածյալից մեղադրյալ դարձնելն ընդամենը մեկ քայլ է»: Ընդհատակից դուրս գալու պարագայում «մի՞թե պարզ չէ իր նման օտարահպատակ մեկի հետ լինելիքը»,- հարցնում էր նա: Ընդհատակում գտնվող Հացպանյանը մամուլին պատմել էր նաեւ, որ մարտի 1-ի առավոտյան հատուկ ջոկատայիններն իրեն նույնպես դաժանաբար ծեծել էին, ինչի պատճառով «մարդու նման ինքնուրույն ոտքի կանգնելն ու շարժվելս երեք, իսկ նախկին վիճակս վերգտնելը հինգ շաբաթ տեւեց: Այդ օրվանից առայսօր գտնվում եմ ազատագրված տարածքներում»: Հոկտեմբերի 6-ին Սարգիս Հացպանյանը վերադարձավ տուն, սակայն ընտանիքի անդամների հետ փակվեց իր երեւանյան բնակարանում եւ դուռը ոչ մեկի առաջ չէր բացում, քանի որ իրավապահները շրջապատել էին նրա բնակարանը: Պարզվեց, որ դեռ մարտի 10-ին, երբ Երեւանում հայտարարված էր արտակարգ դրություն, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ Հացպանյանը զրկվել էր Հայաստանում բնակվելու իրավունք տվող հատուկ կարգավիճակից: Սարգիս Հացպանյանը Հայաստանում հատուկ կացության կարգավիճակ առաջին անգամ ստացել էր 1990 թ., որը վավեր է եղել մինչեւ 2006 թ: Նույն թվականին նրա կարգավիճակը երկարաձգվել էր մինչև 2016 թվականը: Քոչարյանի կարգադրությամբ այդ կարգավիճակից զրկվելով` ստացվում էր, որ ընդհատակից տուն վերադառնալով` Հացպանյանը Հայաստանի տարածքը հատել էր ապօրինի: Հենց այս հիմքով էլ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը նրան ենթարկեց 50 հազար դրամ տուգանքի: Մյուս կողմից` Քոչարյանի կարգադրությունը սահմանում էր, որ Հացպանյանը Հայաստանի սահմանը պետք է լքի հնգօրյա ժամկետում: Ուստի շրջանառության մեջ դրվեցին Սարգիս Հացպանյանին արտաքսելու մասին խոսակցությունները: Անմիջապես մի շարք մտավորականներ, տարբեր կազմակերպություններ եւ ընդդիմադիր ուժեր հանդես եկան դատապարտող հայտարարություններով` պահանջելով «անհապաղ դադարեցնել Արցախի հերոսներից մեկի նկատմամբ հալածանքն ու հետապնդումը»: Հայտարարություններում ընդգծվում էր, թե Հացպանյանին ուզում են արտաքսել «իր տեսակի եւ այլակարծության համար»: Արտաքսման մասին խոսակցություններն ու քննարկումները սկսել էին մարել, երբ նոյեմբերի 4-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով Սարգիս Հացպանյանը հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվում է մահափորձ: «Դրա համար մշակված է մի քանի սցենար: Դա կարող է լինել ինչ-որ միջազգային ճանապարհորդության ընթացքում օդանավի անսարքության պատճառով տեղի ունեցող «ավիավթարի», նախագահի աշխատակազմում գտնվող մի «նախկին դաշնակցական Նաիրի Հունանյան-2»-ի կամ էլ «ոչ մի թիզ հող թշնամուն» ասող արցախցի մի «քաջ ֆիդայու» միջոցով»,- ասել էր Հացպանյանը։ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվեց քրեական գործ` «Պետական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածով։ Նոյեմբերի 7-ին Հացպանյանը ձերբակալվեց, իսկ 3 օր անց կալանավորվեց. նրան մեղադրանք առաջադրվեց «Սուտ մատնություն» կատարելու համար: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի «խափանման միջոցը` կալանավորում» ընտրելու որոշումը: «Քրեական գործի հարուցումն աբսուրդ էր: Եթե անձը պետական իշխանական մարմիններին հաղորդում կամ գրավոր հայտարարություն է ներկայացնում, այնուհետեւ պարզվում է, որ դա մատնություն է, վրա է հասնում Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը («Սուտ մատնություն»): Իսկ Հացպանյանն ընդամենը հարցազրույց է տվել թերթին եւ հայտնել իր կասկածները, որ նախագահի նկատմամբ հնարավոր է կատարվի ոտնձգություն: Հայրենասեր լինելով` իր անհանգստության մասին նա բարձրաձայնել է հանուն պետականության կայունության»,- ասում է փաստաբան Հովիկ Արսենյանը: Մյուս կողմից, վերջինիս հավաստմամբ` Ս. Հացպանյանի արարքում հանցակազմի բացակայությունը փաստվում է հենց քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ: «Դրա մեջ գրել են, որ Սարգիս Հացպանյանը նպատակ է ունեցել իր անձի գերազանցությունը ցույց տալ քաղաքական մարմինների առաջ: Այս պարագայում էլ ի՞նչ քրեական հետապնդման մասին է խոսքը»,- զարմանում է Արսենյանը: Հացպանյանին ազատ արձակելու` տարբեր մարդկանց եւ ուժերի հորդորների պես ապարդյուն եղավ նաեւ Սարգիս Հացպանյանի ակցիան. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նա շուրջ մեկ ամիս հացադուլ արեց, իսկ վերջին մի քանի օրը հրաժարվեց նաեւ ջրից` «իրեն եւ քաղբանտարկյալներին» ազատ արձակելու պահանջով: 2009 թ. մարտին Սարգիս Հացպանյանի գործն ուղարկվեց դատարան: Վերջինս դատավարության ժամանակ պնդեց, որ իր դեմ հարուցված քրեական գործը հորինված է. «Քննիչը որտեղի՞ց գիտե, որ գիտակցորեն սուտ եմ ասել կամ կեղծ տվյալներ եմ հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Պատրաստ եմ փաստել, թե իրականում ով է սուտ մատնություն անում»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալ Հացպանյանը: Ըստ նրա` ինքը որեւէ մեկին չի մեղադրել, այլ պարզապես նշել է Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի հարցում շահագրգիռ ուժերին` «Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի «օտարահաճ սպասավորներ»»: Մեղադրողի այն հարցին, թե ինչու՞ նախապատրաստվող հանցագործության մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, Սարգիս Հացպանյանը պատասխանեց, թե «իշխանության թեւերից վստահում է միայն «չորրորդ իշխանությանը», որին էլ հայտնել է այդ մասին»: Դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդել էր Հացպանյանին դատապարտել 4,5 տարվա ազատազրկման: «Շատ տարօրինակ էր այս պահանջը, քանի որ դեռ նախաքննության ընթացքում հերքվել էր սուտ մատնության հանցակազմը,- մեկնաբանում է պաշտպան Հ. Արսենյանը: - Ազգային անվտանգության ծառայության երեք գլխավոր վարչություններ` ռազմական հետախուզության, հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի, վարույթն իրականացնող մարմնի հարցմանը պատասխանել են, թե հոդվածում նշված փաստերը վերացական են, կոնկրետություն, որոշակիություն գոյություն չունի: Այլեւս ակնհայտ էր, որ քրեական գործը պետք է կարճվեր, այնինչ մարդիկ պահանջում էին կիրառել առավելագույն պատիժ»: Դատավոր Գագիկ Ավետիսյանը մեղադրողի միջնորդությունը բավարարեց մասնակի` Սարգիս Հացպանյանին դատապարտելով 3,5 տարվա ազատազրկման: Իր վերջին խոսքում Հացպանյանը նշել էր, թե «քրեորեն պատժելի ոչ մի հանցանք չի կատարել», եւ ցանկացած մեղադրական դատավճիռ անհրաժեշտության դեպքում բողոքարկելու է Եվրադատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter