HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ինչո՞ւ է քաղաքապետը շրջանցում ուղեւորափոխադրումների ոլորտի խնդիրները

20_04-stepanakert

Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը քաղաքապետարանի 2008թ. գործունեության հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ շատ քիչ է խոսել տրանսպորտի բնագավառից: Նա միայն շեշտել է, որ ներքաղաքային երթուղիներում սահմանված կարգով երթեւեկելու ուղղությամբտրանսպորտային տեսչության մասնագետների հետ համատեղ անց են կացվել ստուգումներ` մի շարք ընկերությունների կողմից սպասարկվող երթուղագծերում, սակայն քաղաքապետը չի նշել, թե հաստատված կարգը քանի ընկերություն է խախտել, որոնք են եւ այլն: Միայն  տեղեկացրել է, որ թերությունները վերացնելու համար հանձնարարականներ է տրվել:

«Որոշ երթուղագծերում անց են կացվել տրանսպորտային միջոցների փոփոխման եւ համալրման մրցույթների անցկացման աշխատանքներ»,-ավելացրել է քաղաքապետը:

Սա այն ամենն է, ինչը քաղաքապետն ասել է տրանսպորտի բնագավառի մասին: Իսկ այն, որ այս ոլորտից դժգոհությունները շատ են` դա գիտեն եւ շարքային քաղաքացիները, եւ իշխանություններն ու պատասխանատու մարմինները: Մայրաքաղաքի երթուղային տաքսիների սպասարկման վիճակի մասին բազմիցս է խոսվել, սակայն փոփոխություններն այնքան էլ ակնառու չեն: Օրինակ, Ստեփանակերտի նման փոքր քաղաքում ոչ ճիշտ են բաշխված երթուղիներն ու երթուղային տաքսիների քանակը:

«Իհարկե, կենտրոնական փողոցով ավելի շատ երթուղի պետք է անցնի, սակայն անընդունելի է, որ այնտեղ լինեն երթուղայինների կուտակումներ, իսկ ծայրամասային փողոցների բնակիչները երկար սպասեն միակ երթուղու շատ անգամ մեկ կամ երկու երթուղայինների ժամանմանը»,-ասում է հին Արմենավան թաղամասի բնակիչներից մեկը:

Այս երթուղում աշխատում է  ընդամենը 2 մեքենա, այն էլ, լավագույն դեպքում` մինչեւ ժամը 19:00-20:00:  Բնակիչները տարիներ շարունակ բողոքում են՝ արդեն որերորդ քաղաքապետին, սակայն վիճակը մնում է նույնը: Նման պատկեր է նաեւ Ստեփանակերտի Սասունցի Դավիթ փողոցում, որն այնքան էլ հեռու չէ մայրաքաղաքի կենտրոնական փողոցից: Այստեղ քաղաքացիները նույնպես երկար են սպասում իրենց երթուղայինին: Նման մի քանի թաղամասեր էլ կան: Իսկ ի՞նչ վիճակում են կենտրոնական փողոցի երթուղիների մեքենաների վիճակը: Սրանք իհարկե ինչ-որ չափով տարբերվում են ծայրամասային փողոցների բնակիչներին սպասարկող երթուղային տաքսիներից, սակայն վիճակը դարձյալ հեռու է բավարար լինելուց: Ոչ կենտրոնական, այդ թվում նաեւ ծայրամասային փողոցներով երթեւեկելիս կարելի է  հանդիպել հին, անսարք, կեղտի մեջ կորած մեքենաների:

«Ես հաճախակի եմ երթեւեկում 16 համարի երթուղայինով, ու ասեմ, որ ամեն անգամ իջնելուց պարզվում է, որ շոշերս լրիվությամբ կեղտոտվել են: Էլ չեմ ասում, որ այդ երթուղայինը համարյա օրվա բոլոր ժամերին ուղեւորներով լցված է լինում ու կանգնելու տեղ էլ չի լինում: Չի՞ կարելի մի քանի մեքենա էլ ավելացնեն, որ մարդիկ մարդավարի երթեւեկեն: Ենթադրենք ես շուկա եմ գնում ու տուն վերադառնում, բայց շատերն էլ այդ մեքենաներով աշխատանքի են գնում, ո՞նց պետք է անեն»,-վրդովված հարցնում է թոշակառու ուղեւորը:

Կենտրոնական փողոցներով ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղային տաքսիներն այնքան էլ նախանձելի վիճակում չեն` իրենց  «ընկերների» համեմատ. այստեղ նույնպես հաճախակի կարելի է հանդիպել անսարք, կեղտոտ մեքենաների եւ ոչ պատշաճ պահվածքով վարորդների: Այս խնդրի մասին մի քանի անգամ խոսել է նաեւ հանրապետության նախագահը` տարբեր միջոցառումների ժամանակ, շեշտել, որ համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվել, սակայն քաղաքապետարանն այդ ուղղությամբ էական քայլեր չի կատարել:

Երթուղային տաքսիների վարորդները եւ երթուղագծերն ապահովող ընկերությունների ներկայացուցիչներն այդ խնդիրների առկայությունը բացատրում են ուղեւորափոխադրման ցածր սակագնով (ուղեւորավարձը կազմում է 50 դրամ), ինչը ըստ նրանց, բերում է ոչ շահավետ գործունեության: Ի դեպ, մոտ 10 օր առաջ երթուղիներից մեկում փորձել են ուղեւորավարձն «ինքնագլուխ» բարձրացնել, սակայն դա իսկույն կանխվել է: Մայրաքաղաքում ուղեւորափոխադրում իրականացնում է 6 ընկերություն: Նրանք տարիներ առաջ հաղթել են մրցույթում եւ հաջորդ տարի ավարտվում է նրանց գործունեության ժամկետը:

Վերջին ամիսներին իրականացված բարեփոխումների արդյունքում փոփոխություններ են արձանագրվել միջշրջանային ուղեւորափոխադրումների ոլորտում, իսկ ներքաղաքայինում` ոչ: Գուցե հենց դա է պատճառը, որ քաղաքապետն իր հաշվետվության մեջ փորձել է շրջանցել այդ ոլորտի խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter