HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուսուցչուհին մտածում է, որ տնակ ոչ մեկը հարս չի գա

20_04-v_mikaelyanԱյսօր շատ կանայք են միայնակ մնացել, պատճառը ոչ թե տղամարդկանց պակասն է, այլ ամուսինների արտագնա աշխատանքի մեկնելն ու չվերադառնալը: Այդ կարգավիճակում հայտնված կանանցից մեկն էլ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Վարդ Միքայելյանն է: «Ամուսինս 1994 թվականին մեկնել է Ռուսաստան ու չի վերադարձել: Ճիշտ է, նրա տեղը գիտենք, բայց ոչ մի հարցով մեզ չի օգնում: Միայն մենք ենք նրան զանգում, նա շատ հազվադեպ է մեզ զանգում ու հետաքրքրվում մեր գոյությամբ: Չգիտեմ` երեւի այնտեղ արդեն ընտանիք ունի: 15 տարի է իմ երեխաներին մենակ եմ մեծացնում: Գյուղի դպրոցում հանրահաշվի ուսուցչուհի եմ: Չեմ ասում` ուսուցչի աշխատավարձը ցածր է, բայց առանց որեւէ մեկի օգնության, միայնակ 2 ուսանող պահելը շատ դժվար է: Մեծ տղաս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանում է սովորում, իսկ աղջիկս` «Հայբուսակում»: 20_04-v_mikaelyan-1Փոքր տղաս էլ դպրոցում լավ է սովորել, սակայն գումար չլինելու պատճառով նրան չկարողացա ուսումի տալ ու խղճիս վրա ծանր է նստել: Մեր ժամանակ ուսանողական հանրակացարաններ, ճաշարաններ կային, որոնք շատ մատչելի էին, իսկ հիմա նման բաներ չկան ու ուսանող պահելը շատ դժվար է դարձել, մանավանդ, որ աղջիկս վարձով է ապրում Երեւանում»,- իր ընտանիքն այսպես ներկայացրեց Վարդ Միքայելյանը: Հանրահաշվի ուսուցչուհին «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրենց ընտանիքի համար ապրելը շատ դժվար է, եւ բացի իր աշխատավարձից` այլ եկամուտ չունեն: «Ստիպված դպրոցից վազքով տուն էի գալիս, որ գնայի գյուղի փռում հաց թխեի, որ կարողանայի կենցաղային նվազագույն ծախսերը հոգալ: Արդեն մի քանի օր է` փուռը փակվել է, չգիտենք, թե ոնց ենք ապրելու չոր աշխատավարձով: Մի 2000 դոլարի չափով էլ բանկում վարկ ունենք: Իմ աշխատավարձով ապրում ենք, ուսանող եմ պահում ու քիչ-քիչ էլ վարկի գումարն եմ փակում: Արդեն պատկերացնում եք, չէ՞, թե այդ չնչին գումարով ինչպես ենք ապրում»,- պատմեց տիկին Վարդը: Վարդ Միքայելյանն իր 3 երեխաների հետ ապրում է փայտաշեն տնակում: Տնակը 200 դոլարով մի քանի տարի առաջ է գնել, բայց հողը, որի վրա տեղադրված է տնակը, իրենց չի պատկանում: «Դոմիկը ժամանակավոր տեղադրվել է գյուղի բուժկետին պատկանող հողամասի վրա: Այս գյուղում ոչ մի սեփականություն չունենք, նույնիսկ հողամաս: Ես ամուսնացել էի հարեւան Տանձուտ գյուղում, բայց որ ամուսինս մեզանից հեռացավ, երեխեքիս հավաքեցի եկա իմ հայրենի գյուղը ու այստեղ էլ ապրում ենք: Տանձուտ գյուղում 7 հազար մետր հողամաս ունենք, բայց չենք մշակում, քանի որ ի վիճակի չեմ ամեն օր մի քանի կիլոմետր ոտքով կտրել գնալ հարեւան գյուղ»,- հավելեց տիկին Վարդը: Ընտանիքի մայրն արդեն մտածում է այն դժվարությունների մասին, որոնք 1-2 տարուց ունենալու են իր երեխաները: Բանն այն է, որ երեխաներն արդեն հասուն են եւ շուտով ամուսնանալու ժամանակն է: Տիկին Վարդը ոչ միայն մտավախություն ունի, որ տնակում ոչ մի աղջիկ հարս չի գա, քանի որ ապրելու համար ոչ մի կոմունալ հարմարություն չունեն: «Աղջկաս ամուսնացնելուն մի քիչ թեթեւ եմ նայում, քանի որ ամուսնանալու է գնա ուրիշի տուն, բայց տնակում տղա ամուսնացնելը դժվար կլինի: Դա է պատճառը, որ մեծ տղայիս խորհուրդ տվեցի ռազմական ինստիտուտում սովորել, քանի որ ավարտելուց հետո աշխատանքով կապահովեն, ինչքան գիտեմ` բնակարան էլ են տալիս»,- ավելացրեց Վարդը: Նա նաեւ դժգոհություն հայտնեց այսօրվա կառավարության վարած քաղաքականությունից, ըստ որի` մանկավարժներին տրվող բոլոր արտոնությունները վերացվեցին: «Առաջ մանկավարժը շատ արտոնություններ ուներ. թե կոմունալ ծախսերի, թե էլեկտրաէներգիայի վարձավճարների հարցում որոշակի զիջումներ էին անում, իսկ հիմա ոչ մի արտոնություններ չունենք: Ճիշտ է, մեր աշխատավարձն ավելացրին, բայց ապրանքների գներն էլ կտրուկ բարձրացան եւ աշխատավարձի բարձրացումն արդեն իր նպատակին չծառայեց: Այս պայմաններում մանկավարժը չի կարող նորմալ աշխատել ու իր գիտելիքները փոխանցել աշակերտներին: Եթե ես դպրոցի մանկավարժ եմ ու դպրոցից վազքով գալիս եմ, որ հողի աշխատանք էլ անեմ եւ ընտանեկան ծախսերս հոգալու համար այդտեղից էլ գումար աշխատեմ, դա արդեն չի լինում նորմալ մանկավարժական աշխատանք: Մանկավարժը նվազագույնը պիտի մի 500 դոլարի չափով աշխատավարձ ստանա, որ կարողանան նրանից պահանջել լավ աշխատանք: Հիմիկվա աշակերտներն էլ չեն սիրում սովորել, որպեսզի նրանց կապես գիր ու գրականության հետ, աշխատել շատ է պետք, իսկ դրա համար էլ մանկավարժին պետությունը շատ գումար պիտի տա»,- եզրափակեց Վարդ Միքայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter