HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Տավուշում խաղողագործության ապագան մշուշոտ է

Տավուշի մարզում 2004 թ. կար 1329 հա խաղողի այգի: Մարզային զարգացման ծրագրով նախատեսված էր 2005-2007 թթ.-ի ընթացքում յուրաքանչյուր տարի մարզում հիմնել 200 հա խաղողի այգի: Սակայն այժմ Տավուշում շուրջ 1300 հա խաղողի այգի կա: Մինչդեռ 20 տարի առաջ` 1988 թ., միայն Նոյեմբերյանի տարածաշրջանում խաղողի այգիները զբաղեցնում էին 1090 հա:

Տավուշի մարզպետարանը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել մարզում խաղողի ու պտղատու այգիների նորոգման եւ նոր այգիներ հիմնելու ծրագիր: Սակայն մարզի խաղողագործները այգիների աճեցրած բերքն իրացնելիս բազում դժվարություններ են կրում եւ ցանկանում են այգիները փոխարինել այլ մշակաբույսերով: Դեբեդի հովտի Պտղավան համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանը պատմում է, որ անցյալ տարի իր համագյուղացիները դժվարություններ ունեցան Երեւանի շամպայն գինիների գործարանի` Դեբեդավան գյուղի խաղողի մթերման կետ բերքը հանձնելիս: Այստեղ անհարկի ձգձգել են խաղողի ընդունումը` գյուղացիներին առաջարկելով մի 5 օրից խաղողը բերել: Մինչդեռ հասունացած խաղողը չի կարող սպասել, շաքարայնությունն ընկնում է: Պտղավանցիներից քչերն են խաղողը հանձնել Դեբեդավանում, հիմնականում, շուրջ 120 կմ կտրելով, բերքը հանձնել են Երեւանի կոնյակի գործարանի Բերդի խաղողի ընդունման կետ, մի մասն էլ` 80 կմ հեռավորության վրա գտնվող Իջեւանի գինու գործարան: Երեւանի շամպայն գինիների գործարանն ուշացրել է ընդունված բերքի դիմաց վճարումները: Եթե Դեբեդավան գյուղի բնակիչները հանձնած խաղողի գումարը ստացել են 2008 թ. դեկտեմբերին, ապա Բերդավան գյուղի խաղողագործների մի մասն իր բերքի գումարը ստացել է այս տարվա հունվար-փետրվար ամիսներին: Իսկ այդ գումարները գյուղացիներին օդի պես անհրաժեշտ էին ընտանեկան հոգսերը հոգալու, բանկերից վերցրած վարկերը մարելու համար: Ապրիլի 6-ին Տավուշի մարզխորհրդի նիստում գյուղատնտեսական խնդիրների քննարկման ժամանակ Պտղավանի համայնքապետն իր մտահոգությունն է հայտնել, որ գյուղացիները խուսափելով խաղող աճեցնելու եւ բերքն իրացնելու դժվարություններից` ցանկանում են խաղողի այգիները փոխարինել նվազ աշխատանք պահանջող մշակաբույսերով` ծխախոտով եւ հացահատիկով: Մինչ մարզխորհրդի նիստում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքապետերին հորդորում էր համագյուղացիներին ետ պահել խաղողի այգիները քանդելուց, ուսումնասիրել նոր այգիներ հիմնելու հնարավորությունները, Բերդավան գյուղում խաղողի այգիներն արդեն քանդում են: «Գյուղացիներից 5 հա այգին քանդելու վերաբերյալ դիմում եմ ստացել, 2 հա-ն արդեն քանդել են»,- հայտնեց Բերդավանի համայնքապետ Արարատ Գաբրիելյանը: Համայնքապետը շատ անհանգստացած է այս խնդրով: Նա հորդորել է չքանդել 3 հա խաղողի այգին, համոզել է դիմանալ մինչ աշուն: Մտահոգվելու պատճառներն, իրոք, լուրջ են: Պրն Գաբրիելյանի վկայությամբ` Բերդավանի գինու գործարանն արդեն երկու տարի խաղող չի ընդունում: Գործարանի սեփականատերերը Բագրատաշենում շուրջ 5 հա խաղողի այգի ունեն եւ այդ այգու բերքով բավարարվում են: Բերդավանցիները 90 հա խաղողի բերքի մի մասը 30 կմ հեռավորությամբ գտնվող Դեբեդավանում են հանձնել, մի մասը` շուրջ 110 կմ հեռավորությամբ Բերդ քաղաքում գտնվող Երեւանի կոնյակի գործարանի խաղողի ընդունման կետում, մնացածն էլ` շուրջ 65 կմ հեռավորությամբ գտնվող Իջեւանի գինու գործարանին: Բերդավանի համայնքապետը մտահոգ է նաեւ այն հանգամանքով, որ գյուղի այգիների մի զգալի մասի խաղողը սեւ է, մինչդեռ մթերման կետերում սեւ խաղող չեն ընդունում: «22 % շաքարայնությամբ խաղողն էլ 17-18 %-ի գնով են ընդունում»,- տարակուսում է Արարատ Գաբրիելյանը: Բերքի իրացման հիմնահարցը Բերդավան համայնքի ղեկավարին հարկադրել է Բերդ քաղաք հասնել, հանդիպել Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) տնօրենի հետ, նրան առաջարկել Նոյեմբերյանի տարածաշրջանում էլ խաղողի ընդունման կետ բացել: Պտղավանի համայնքապետ Ռաֆիկ Օհանյանն էլ կարծում է, որ խաղողագործությունը Նոյեմբերյանի տարածաշրջանում, հատկապես Դեբեդի հովտում, այլընտրանք չունի: Դրա համար այստեղ ամեն ինչ առկա է` բարկ արեւ, բերրի հողեր, ոռոգման ինքնահոս ջուր: Նա եւս կողմնակից է, որ Նոյեմբերյանի տարածքում ԵԿԳ-ը խաղողի ընդունման կետ բացի, սակայն կարծում է, որ կոմունիկացիոն առումով հարմար է, որ այն գործի Պտղավանում, որին հարակից են Արճիսի, Հաղթանակի, Լճկաձորի, Բագրատաշենի խաղողի այգիները: Պտղավան համայնքի ղեկավարը պատրաստակամ է այս նպատակով շինություն տրամադրել: Բերդավան եւ Պտղավան համայնքների ղեկավարներն այս հարցում շահագրգիռ են, քանզի ԵԿԳ-ն Բերդի տարածաշրջանի խաղողագործների հետ լավ է համագործակցում` բուժանյութեր, սրսկիչներ է տրամադրում: Դեբեդավան գյուղի բնակիչներն անհանգստացած են, որ այս տարի Երեւանի շամպայն գինիների գործարանը խաղող չի ընդունի, քանզի չի կարողացել իրացնել նախորդ տարիների բերքից ստացված արտադրանքը: Փորձեցինք այս լուրը ճշտել Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրինությունից: Գործադիր տնօրեն Ֆիամետա Հակոբյանը մի քանի օր բացակայում էր ձեռնարկությունից: Գործարանի առաքման բաժնի պետ Հասմիկ Աղամյանը զարմացած էր իմ հարցադրումներից, նրա ասելով` 2009 թ. Դեբեդավանում հումք չընդունելու վերաբերյալ նույնիսկ խոսակցություն չի եղել, որ իրենց արտադրանքը լավ իրացվում է արտասահմանում, այս տարի էլ Դեբեդավանի խաղողի մթերման կետը բնականոն գործելու է: Նրա ենթադրությամբ գյուղացիների անհանգստության պատճառն այն է, որ ամեն տարի այս շրջանում գործարանը խաղողագործների հետ բերքն ընդունելու վերաբերյալ պայմանագրերն արդեն կնքում էր, կանխավճարները` հանձնում, ինչն այս տարի չի արվել: Սպասվում է, որ ապրիլի վերջին Նոյեմբերյանի տարածաշրջան է ժամանելու ԵԿԳ-ի ներկայացուցիչը, որի հետ կքննարկվի Նոյեմբերյանի տարածաշրջանում գործարանին պատկանող խաղողի ընդունման կետ բացելու խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter