HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ վարձակալած հողերը պետական գրանցում չեն ստանում

Լուսինե Թոփլաղացյան

Վարդենիկում 206 պայմանագրից պետական գրանցում են ստացել միայն 2-ը

Նախորդ տարի Գեղարքունիքի մարզի ամենամեծ գյուղական համայնքում` Վարդենիկում, համայնքային սեփականության հողերից վարձակալության են տրվել 321 հա գյուղատնտեսական նշանակության եւ 1,315 հա արտադրական նշանակության հողեր:

Հողերի վարձակալության մրցույթի հաղթողները 206 ֆիզիկական անձինք են: Գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալել են 204, իսկ արտադրական նշանակության հողերը` 2 անձ: Վարդենիկի համայնքապետարանի գրավոր տեղեկացմամբ` կնքվել է 206 պայմանագիր, որոնցից պետական գրանցում են ստացել միայն 2-ը` արտադրական նշանակության հողերի համար: Թե ինչու Վարդենիկի 204 հողօգտագործողներ, մրցույթում հաղթելուց հետո, չեն իրականացրել հողերի պետական գրանցում, համայնքի բնակիչների բացատրությունը մեկն է` չեն դիմել, քանի որ ի վիճակի չեն եղել իրականացնել համապատասխան վճարումներ: Իսկ թե որքան են կազմում ենթադրվող վճարումները` մարդիկ հստակ չգիտեն: Սակայն համոզված են, որ վճարումները բաղկացած են երկու` պաշտոնական եւ ոչ պաշտոնական մասերից: Եթե համոզված լինեին, որ վճարելու են հստակ սահմանված վճարներ, ապա ժամանակին կիրականացնեին պահանջվող գործարքները: Համայնքի բնակիչ Զավեն Ափրոյանը նշում է, որ իրենց հայտնի չէ «ֆիքսված, հաստատուն գումար», որի պատճառով էլ խուսափում են պետական գրանցումից:

Սուբսիդավորումից օգտվելու են միայն պետական գրանցում ստացած հողամասերի վարձակալները

Այս տարի եւս Վարդենիկի համայնքապետարանը հայտարարել է գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության մրցույթ: Մրցույթի հայտարարությունը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2009 թ. մարտի 7-ի համարում: Մրցութային հանձնաժողովի 05.03.2009 թ. նիստի արձանագրության մեջ նշվել է նաեւ հայտարարության տեքստը համայնքում` բնակչության համար տեսանելի վայրերում փակցնելու պահանջը: Ինչպես տեղեկացանք համայնքի բնակիչներից, հայտարարության տեքստը հրապարակվել է նաեւ տեղական «Զանգակ» հեռուստատեսությամբ: Սակայն նախատեսված օրը` ապրիլի 6-ին, մրցույթ տեղի չի ունեցել հայտեր չլինելու պատճառով: ՀՀ Հողային օրենսգրքի պահանջով` տեղի է ունեցել կրկնամրցույթ, որի հայտարարությունը մեր այցելության ժամանակ փակցված էր համայնքապետարանում: Համայնքի ղեկավարի տեղակալ Ազիզ Պետրոսյանը հայտնեց, որ 10.04.2009 թ. ժամը 18:00-ի դրությամբ մրցութային հանձնաժողովը ստացել է 4 հայտ` 7-ական հա հողերի վարձակալության համար: Այս անգամ հայտերի առկայությունը բացատրվում է Գեղարքունիքի մարզում ընթացող գյուղատնտեuությամբ զբաղվող տնտեuվարողներին uուբuիդիաներ հատկացնելու հնարավորությամբ: 1 հա մշակովի հողատարածքի հաշվով uուբuիդավորման գումարը կազմում է 35000 դրամ, որը հնարավորություն ունեն ստանալու հայտ ներկայացրած այն տնտեսվարողները, որոնց մշակած հողատարածքները պետական գրանցում ունեն: Սուբuիդավորման oբյեկտ չեն համարվում տնամերձ հողատարածքները, ինչպեu նաեւ 7 հեկտարից ավելի` որպեu uեփականություն տնoրինվող եւ վարձակալված մշակովի հողատարածքները: Համայնքի բնակիչ Սմբատ Հովեյանը նշում է, որ անցած տարվա գներով` 1 հա հացահատիկ ստանալու համար տրամադրվող սուբսիդիան կազմում է իրենց ծախսելիք գումարի 1/3 մասը: Մարդիկ ի վիճակի չեն ցանել, ձեռնտու չէ: Սուբսիդիա ստանալու համար էլ հողերի պետական գրանցում է պետք, սակայն համայնքի հողօգտագործողները վախենում են պետական գրանցման հետ կապված գործարքներն իրականացնելուց: Համայնքի հողաշինարար Մանվել Մելքոնյանն էլ նշում է, որ արդարացի կլիներ, եթե սուբսիդիայի տրամադրման համար հիմք ծառայեր համայնքի ղեկավարի եւ հողօգտագործողի միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը: Այլապես պետական գրանցում ստացած հողատարածքները շատ փոքր թիվ կկազմեն հանրապետության ընդհանուր հողային հաշվեկշռում: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ապրիլի 14-ի դրությամբ սուբսիդավորման հայտեր են ներկայացրել մարզի 12 գյուղական համայնքներ, մինչդեռ մի քանի օր է մնացել հայտերի ներկայացման վերջնաժամկետին: Քանի որ ներկայումս մարզում առկա է շուրջ 80 հազար տոննա ապրանքային եւ սերմացու կարտոֆիլ, որը չի սպառվել, հետեւապես պետական աջակցությունը տրվելու է միայն հացազգի մշակաբույսերի ցանքի ավելացման նպատակով` ցանքին հաջորդող մոնիտորինգից հետո: Սակայն նկատենք, որ սուբսիդավորման հարցում համայնքների ու հողագործների պասիվությունը պայմանավորված է նաեւ հողամասերի պետական գրանցման ընթացակարգերի դժվարություններով ու վճարների չափերով:

Ի՞նչ արժե վարձակալած հողերի պետական գրանցումը

Պետական գրանցում իրականացնելու համար հողի վարձակալներն առաջին հերթին պետք է դիմեն նոտարական գրասենյակներ` իրենց եւ համայնքապետարանի միջեւ կնքված պայմանագրերը վավերացնելու համար, ապա սահմանված ժամկետում պետք է դիմեն անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում` պետական գրանցման համար: Համայնքային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերի նոտարական վավերացման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է պետական տուրք` բազային տուրքի հիuուն տոկոuի չափով, այսինքն` 500 դրամ: Սակայն պետք է վճարել նաեւ նոտարի մատուցած ծառայությունների դիմաց: ՀՀ Կառավարության 25.04.2002 թ. N 919-Ն որոշմամբ սահմանվել են նոտարի կողմից մատուցվող վճարովի այլ ծառայությունների համար uակագները, որը թույլ է տալիս նոտարներին իրենց ծառայությունների համար սահմանել, ասենք, 500-5000 կամ 5000-20000 դրամ վճար: Այս «ճկուն» որոշումը, որ կոռուպցիան խրախուսելու եւ խթանելու առումով մեր Կառավարության գլուխգործոցը կարելի է համարել, նոտարներին հնարավորություն է ընձեռում անհասկանալի գումարներ գանձել քաղաքացիներից: Ծառայությունների համար վճարների չափերը սահմանում են նոտարները: Այսինքն` վճարների չափերը կախված են նոտարների` սեփական աշխատանքի ինքնագնահատականից, որը, մեծ հաշվով, սուբյեկտիվ է: Վերոհիշյալ որոշման 9-րդ կետով նոտարներն իրավունք են ստացել «առանձնապեu բարդ գործարքներ վավերացնելու ժամանակ ներկայացված փաuտաթղթերի ուuումնաuիրման եւ պարզաբանումների համար» քաղաքացիներից գումար պահանջել 5-20 հազար դրամի սահմաններում: Որոշումը նաեւ 3 ենթակետերով հստակեցնում է, թե ինչ է առանձնապեu բարդ գործարքը: Դա այն գործարքն է, որի վավերացումը նոտարը հետաձգում է` - փաuտաթղթերը նոտարի կողմից փորձաքննության ուղարկելու դեպքում, - ներկայացված փաuտաթղթերը նոտարի կողմից մանրամաuն ուuումնաuիրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում, - նոտարական գործողության կատարման համար նոտարի կողմից կազմակերպություններից համապատաuխան տեղեկությունների կամ փաuտաթղթերի uտացման անհրաժեշտության դեպքում: Նշված 3 կետերը հիշեցնում են հեքիաթային այն պարկը, ուր հեշտությամբ տեղավորում են ամբողջական թագավորություններն անգամ: Հետեւապես, ինչ դժվարություն կարող է լինել հմուտ իրավաբանի կողմից «առանձնապես բարդ գործարքի» ընթացակարգով առաջնորդվելը եւ դիմող քաղաքացուն գործարքի բարդության մեջ համոզելը, եթե հանկարծ դիմող քաղաքացին խնդրում է բացատրել գանձվող վճարի չափը: «Գյուղատնտեuական նշանակության հողամաuերի վերաբերյալ պայմանագրերի վավերացման ժամանակ ներկայացված փաuտաթղթերի ուuումնաuիրման եւ պարզաբանումների համար» նոտարը կարող է գանձել 500-1000 դրամ ծառայության վճար, հետեւապես սրան պետք է գումարվի վերը հիշատակված 500 դրամ պետական տուրքը: Այսպիսով, նոտարական վավերացման համար կպահանջվի ընդամենը 1000-1500 դրամ գումարը, ինչը մատչելի է, սակայն ի՞նչ իմանաս` նոտարը գործարքը կհամարի՞ առանձնապես բարդ, թե` ոչ: Եթե այո, ապա պետք է պատրաստ լինել վճարելու եւս 5-20 հազար դրամ: Նոտարական վավերացում ստացած գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը հետայդու քաղաքացին պետք է ներկայացնի Անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում: Ճշտելու համար, թե ինչպիսի վճարումներ պետք է կատարվեն այստեղ, դիմեցինք Անշարժ գույքի կադաստրի Մարտունու տարածքային ստորաբաժանում: Գրանցման բաժնի պետը (նա ներկայացավ Կարապետյան ազգանունով) մատնացույց արեց միջանցքում փակցված գները, իսկ պաշտոնական պատասխանի համար պաշտոնական գրավոր հարցում պահանջեց: Այստեղ ստիպված ենք նկատել, թե որքան դժվար է յուրաքանչյուր քաղաքացու համար սպառիչ ու հասկանալի տեղեկատվություն ստանալը: Եթե լրագրողի համար է տեղեկատվություն ստանալը խնդիր, ապա ի՞նչ անի քաղաքացին, ով ձեռքի տակ չունի համապատասխան իրավական ակտեր, բավարար գիտելիքներ, սակայն միջանցքում փակցված մի քանի թղթից պետք է կռահի, թե ինչ գումար ինքը պետք է վճարի: Ընդ որում, փակցված թղթերը ներկայացնում են մի քանի իրավական ակտեր, որոնք հասկանալու համար անհրաժեշտ են ոչ միայն իրավաբանական, այլեւ ոլորտային գիտելիքներ: Փորձենք օգնել անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում դիմած քաղաքացուն` օգտվելով միջանցքում փակցված համապատասխան իրավական ակտերից: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` «պետական եւ համայնքային uեփականություն համարվող գյուղատնտեuական նշանակության հողերի վարձակալության եւ ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու» համար պետք է գանձվի 1000 դրամ պետական տուրք եւ եւս 500 դրամ վճար գյուղատնտեuական նշանակության հողամաuերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար` սահմանված ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 12.02.2002 թվականի գ 89-Կ հրամանով: Նույն հրամանով նաեւ սահմանվել է գյուղատնտեuական նշանակության հողերի չափագրման յուրաքանչյուր 1000 քմ-ի համար 100 դրամ, եթե հողերն առաջին անգամ են պետական գրանցում ստանում: Սակայն նկատենք, որ համայնքապետարանները մրցույթի են ներկայացնում արդեն իսկ չափագրված գյուղատնտեսական նշանակության հողեր, հետեւապես այս կետով հաշվարկներ չենք կատարում: Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների, գյուղատնտեuական նշանակության մեկ միավոր հողամասի պետական գրանցման համար Անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում հարկ կլինի վճարել ընդամենը 1500 կամ 750 դրամ, քանի որ վերոհիշյալ գ 89-Կ հրամանով սահմանվում է նաեւ uահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում» uահմանված վճարների գանձում` դրանց 50 %-ի չափով: Վերջին հաշվով, Գեղարքունիքի մարզում, որը Կառավարությունը 100 %-ով սուբսիդավորման մեջ է ընդգրկել, թե որքա՞նը կարող են օգտվել սուբսիդավորումից, դժվար է ասել, քանի որ չգիտենք փաստացի մշակվող ցանքատարածքների եւ պետական գրանցում ստացածների իրական թիվը: Սակայն ելնելով այն իրողությունից, որ պահանջված մեծ գումարների պատճառով մշակվող հողատարածքները պետական գրանցում չեն ստացել, հազիվ թե սուբսիդավորման ծրագիրը գյուղացիների համար հացահատիկային ցանքատարածքներն ավելացնելու խթան հանդիսանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter