Անգործության համար համայնքապետերին պատժե՞լ, թե՞ ընդգրկել նպաստառուների ցանկում
Գեղարքունքի մարզի 12 համայնքների` Սոթք, Նորակերտ, Փ. Մասրիկ, Փամբակ, Մաքենիս, Նորաբակ, Ախպրաձոր, Գեղամասար, Ազատ, Ջիլ, Վահան, Ջաղացաձոր, բանկային հաշիվները արգելանքի տակ են գտնվում: Ապրիլի 14-ին տեղի ունեցած Գեղարքունիքի մարզխորհրդի նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը 2008 թ. տարեկան եւ 2009 թ.
առաջին եռամսյակի համայնքների բյուջեների կատարման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ եւս 5 համայնքների հաշիվներ բոլորովին վերջերս մարզպետի անմիջական միջնորդությունների արդյունքում են արգելանքից հանվել: Սակայն, դա վերջնական չի կարող համարվել, քանի որ, ինչպես նշվեց, ապրիլի 1-ի դրությամբ մարզի 49 համայնքապետարաններ ոչ միայն ծառայություններ չեն մատուցում բնակչությանը, այլեւ չեն կարողանում վճարել աշխատակազմի եւ դրանց ենթակա հիմնարկների աշխատողների աշխատավարձն ու պարտադիր սոցիալական ապահովագրական վճարները: Տարիներ շարունակ կուտակելով խոշոր գումարների պարտքեր` նրանց հաշվարկային հաշիվները պարբերաբար հայտնվում են արգելանքի տակ: Նշվեց նաեւ, որ այդ համայնքները պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ պետք է կազմեին եւ հաստատեին պարտքերի մարման ժամանակացույց, ինչը վերջնական ավարտին չեն հասցրել: Մարզի գերակշիռ մաս կազմող համայնքները բավարար չափով չեն ապահովել հարկային եկամուտների հավաքագրումը, որի հետեւանքով շուրջ 31 համայնքներում աշխատավարձի եւ պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասով նոր պարտքեր են գոյացել` ընդհանուր գումարով 33 մլն 250 հազար դրամի: 2009 թ. առաջին եռամսյակի հարկերի հավաքագրման ցուցանիշը հույս չի ներշնչում, որ նրանք կարող են դուրս գալ այդ վիճակից: Օրինակ բերվեց Գեղամասար համայնքը, որը գույքահարկի հոդվածով ընդամենը 4600 դրամի մուտք է ունեցել առաջին եռամսյակում: Դարանակ, Ծափաթաղ, Կութ, Վանեւան, Սեմյոնովկա, Գետիկ, Վահան, Ջիլ, Բերդկունք, Արծվանիստ, Ծովասար, Վաղաշեն համայնքների հարկերի հավաքագրման միջին ցուցանիշը 1.1-7 % է կազմել: Ֆինանսական վարչության պետն այդ համայնքների ղեկավարներին, ցուցաբերած անգործության համար աշխատավարձ հաշվարկելու փոխարեն, առաջարկեց հաշվառվել սոցապ տարածքային կենտրոններում` գործազրկության նպաստ ստանալու համար: Համայնքապետերի անգործության դրսեւորումներից է ոչ միայն հարկերի անբավարար հավաքագրումը, այլեւ այն, որ 30 համայնքներ պետական եկամուտների տարածքային ծառայություններից հողի հարկի բազաները դեռեւս համայնքային բազա չեն տեղափոխել: Փաստ է, որ այդ համայնքները չեն կարող հողի հարկ հավաքագրել կամ այն ճշգրիտ չի կարող լինել: Անգործության եւս մեկ փայլուն ապացույց է այն, որ համայնքապետերը չեն շտապում մարզպետարան ներկայացնել այն գյուղացիների անվանացանկը, որոնք կարող են Կառավարությունից սուբսիդիա ստանալ իրենց ցանքատարածքների համար, այն դեպքում, երբ դրան հաշված օրեր են մնացել: Մարզպետարանի զեկույցի համաձայն` 19 համայնքներ դեռեւս մարզպետարան չեն ներկայացրել 2009 թ. 1-ին եռամսյակի հաշվետվությունները: Համայնքային բյուջեների կատարման վերաբերյալ 2009 թ. 1-ին եռամսյակի հաշվետվությունները պարբերաբար ուշացումով, երբեմն էլ չեն ներկայացնում մի շարք համայնքներ: Նշվեց, որ չնայած դրան, մարզի բոլոր համայնքները ժամանակին եւ համամասնորեն պետական բյուջեից ստացել են համահարթեցման դոտացիաները: Սակայն նկատենք, որ եթե համայնքապետարանների հաշիվները կալանքի տակ են, դոտացիաներն ուղղվում են պարտքերի մարմանը, իսկ եթե կալանքի տակ չեն` աշխատակազմը կարող է ստանալ իր աշխատավարձը ու շարունակել անգործություն դրսեւորել: Նման համայնքապետերին հազիվ թե մտահոգի տարածքային կառավարման նախարարի այն սպառնալիքը, որ ներդրումներ չեն կատարվի այն համայնքներում, որտեղ սեփական եկամուտների տոկոսը շատ ցածր է: «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն անցնող տարում մարզի 12 համայնքներում դիտարկել էր ՏԻՄ-ի գործունեությունը, որի արդյունքները նույնպես ներկայացվեցին մարզխորհրդի նիստում: Կազմակերպությունն արձանագրել է, որ դիտարկված 12 ՏԻՄ-երը չեն հրապարակել համայնքի 2007 եւ 2008 թթ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, 2008 թ. համայնքի բյուջեի նախագիծը, 2008 թ. տարեկան բյուջեն, նաեւ բյուջեի եռամսյա եւ կիսամյակային կատարման մասին տեղեկությունները: «Այն հարցին, թե բնակիչը ինչպես կարող է համայնքապետարանում ծանոթանալ համայնքի բյուջեին, հաճախ ՏԻՄ ներկայացուցիչներն անկեղծորեն զարմանում են` համայնքի բնակչին ինչո՞ւ պետք է հետաքրքրի բյուջեն, երբ դա հաշվապահական փաստաթուղթ է: Սակայն բյուջեի նախագծի, կատարողականների բաց, հրապարակային, հասկանալի, հանրամատչելի հրապարակումները միայն կարող են մեծացնել համայնքի հարկատուների պատասխանատվության չափը: Միայն թափանցիկության պարագայում յուրաքանչյուր, նաեւ համայնքի չհետաքրքրված բնակչին հասկանալի կլինի, թե ինչով են զբաղված, ինչ աշխատանք են կատարում իրենց համայնքապետարանում աշխատանք ունեցող ու վարձատրվող մարդիկ»,- ասվում է Կենտրոնի զեկույցում: Հայտնի է, որ այս տարի Գեղարքունիքի բնակչությունը չի կարողանում իրացնել հազարավոր տոննաների կարտոֆիլի բերքը եւ, բնականաբար, ֆինանսական դժվարին վիճակում հայտնված բնակչությունից, առանց հարկերի վճարման կարեւորությունը բացատրելու, շատ դժվար պետք է լինի հարկեր գանձելը: Հրապարակելու դեպքում շատ ավելի դժվար կլինի հավաքագրումը, որովհետեւ համայնքի բնակիչները կարող են տեսնել, որ համայնքապետը բյուջե մուտքագրված գումարը միայն աշխատավարձի, հեռախոսավարձի ու գործուղման ծախսերի է բավականացրել, իսկ իրենք նրա անգործության պատճառով չկարողացան ստանալ անգամ կառավարության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը: Բյուջետային գործընթացների հրապարակայնության պահանջն ամրագրված է նաեւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով:
Բյուջետային գործընթացների հրապարակայնության ապահովման միջոցառումների բացակայությունը փաստում է այն իրողությունը, որ ՏԻՄ ներկայացուցիչները լավատեղյակ չեն օրենսդրության պահանջներին, ինչն ունի իր պատճառները` - իրավական ակտերը, պաշտոնական տեղեկագրերն անմատչելի են հիմնականում բարձր գների պատճառով, - համայնքներում չկան իրավաբանական կրթություն ունեցող մասնագետներ, - օրենսդրության մեջ հաճախակի կատարվող փոփոխություները եւ լրացումները հասանելի չեն նրանց, - օրենսդրության ոչ բոլոր դրույթներն են համապատասխանում մեր իրականությանը, առկա ռեսուրսներին եւ իրողություններին, - չկա կանոնավոր արտաքին եւ ներքին վերահսկում: ՏԻՄ մասին ՀՀ օրենքը համայնքի ավագանուն պարտավորեցնում է` «պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին»:
Սակայն ավագանու անդամները հանդիպումներ ասելով հասկանում են` հանդիպել փողոցում, աշխատավայրում, խանութում, ուրախության կամ տխրության արարողությունների ժամանակ եւ այլն: Կազմակերպությունը դիտարկման եզրահանգումների մեջ նշում է, որ համայնքի բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ չեն ունենում նաեւ համայնքների ղեկավարները:
Գյուղական համայնքներում նշում են, որ նման հանդիպումների կարիքը չկա, քանի որ մարդիկ ցանկացած ժամանակ դիմում են իրենց: «Մինչդեռ, նման հանդիպումներով է բարձրանալու համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների պատասխանատվության ընկալումն ու չափը»,- նշում են մոնիտորինգի հեղինակները:
Շուշանիկ Մակարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել