HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիությունից երկքաղաքացիություն, եւ... հակառակը

Սամվել Մուրադյանը Ախալքալաքի շրջանի գյուղերից է: Երեք օր շարունակ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում նա փորձում էր պարզել, թե ինչ ընթացքի մեջ է իր` ՀՀ քաղաքացիություն եւ անձնագիր ստանալու հարցը: Փաստաթղթերը հանձնել է, հիմա սպասում է պատասխանին:

Սամվելը պատմում է, որ արդեն 3 տարի է` չի գնում արտագնա աշխատանքների եւ դժվարությամբ է կարողանում հոգալ ընտանիքի կարիքները: Սամվելը կրթությամբ ճարտարագետ է, գյուղում իր մասնագիտությամբ աշխատանք չկա, այլ աշխատանք էլ չի կարողանում գտնել. «Ի՞նչ աշխատանք, վրացերեն չգիտեմ»,- ասում է նա: Հիմա սպասում է Հայաստանի քաղաքացի դառնալուն, որպեսզի նորից կարողանա մեկնել Ռուսաստան: «Այնտեղ են ընկերներս, ինձ համար գործ միշտ կա, միշտ նորմալ գումարով էի վերադառնում: Մեծ ընտանիք ունեմ, երեք երեխա, ծնողներս եւ քույրս, դժվար է ապրել գյուղում` միայն գյուղատնտեսությամբ զբաղվելով: Ես միշտ գնում էի խոպան` 7-8 ամիս աշխատում ու նորից ձմեռը վերադառնում»,- պատմում է Սամվելը: Մեր հարցին ՀՀ քաղաքացիությո՞ւն, թե՞ երկքաղաքացիություն է ստանալու, Սամվելը պատասխանեց. «Հա, ասում են երկքաղաքացիություն չի լինում, քանի որ մեխանիկորեն մեզ դուրս են գրում, բայց ինձ համար արդեն տարբերություն չկա, երբ երեխադ ասում է` ոտքերս մրսում են, որովհետեւ ձմեռվա տաք կոշիկ չունի, քաղաքացիությունն արդեն աչքիդ չի երեւում»,- մի փոքր նյարդայնացած շարունակում է Սամվելը: Երկքաղաքացիության ինստիտուտի ներդրում ենթադրող օրենսդրական փաթեթը 66 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ արդյունքներով ՀՀ ԱԺ-ն ընդունեց 2007 թ. փետրվարի 26-ին: Մարտի 6-ին այն ստորագրեց երկրի նախագահը: «Երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն»,- այսպես է սահմանված երկքաղաքացիություն հասկացությունը Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի պրիմ 1 կետում: Երկքաղաքացիության ընդունման հարցում, սակայն, ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ` կապված առանձին երկրների օրենսդրությունների հետ: Կան երկրներ, որոնց օրենսդրությունը բացարձակորեն արգելում է երկքաղաքացիությունը: Այդպես է նաեւ Վրաստանում: «Վրաստանի Սահմանադրությամբ այլ երկրի քաղաքացիություն ընդունելն ինքնաբերաբար հանգեցնում է Վրաստանի քաղաքացիությունը կորցնելուն: Ոչ մի նշանակություն չունի, թե որ երկրի քաղաքացիությունն ես ընդունում: Բացառություն է կազմում Վրաստանի նախագահի հրամանագրով երկրի առաջ ունեցած առանձնակի ծառայությունների համար կամ երկրի պետական շահերից ելնելով այլ երկրի քաղաքացուն Վրաստանի քաղաքացիություն շնորհելը», - ասել է Վրաստանի Արդարադատության նախարարության Քաղաքացիության եւ գաղթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Պաատա Պապուաշվիլին Հայաստանում երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու թերթին տված հարցազրույցում: Վրացական օրենսդրության համաձայն` տվյալ դեպքում Հայաստանի քաղաքացիություն ընդունած Վրաստանի քաղաքացին ինքնաբերաբար կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը, դառնում է ՀՀ քաղաքացի եւ Վրաստանի տարածքում բնակվելու կամ որեւէ գործունեությամբ զբաղվելու համար պարտավոր է Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունից ստանալ Վրաստանի տարածքում բնակվելու թույլտվություն: Նրան վերապահվում են այն իրավունքները, որոնք Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված են օտարերկրացիների համար: Իսկ դառնալով այլ երկրի քաղաքացի եւ զրկվելով Վրաստանի քաղաքացիությունից` տվյալ անձն ազատվում է նաեւ Վրաստանում պարտադիր զինծառայություն անցնելու պարտավորությունից: Արմինե Պետրոսյանը մարտի վերջերին ստացավ երկքաղաքացիություն: Նա նույնպես Ջավախքից է: «Ես ուզում էի հայրիկիս մոտ մեկնել, նա Ռուսաստանում է, իմ վրացական անձնագրով հնարավորություն չունեի մեկնել երբ ուզենայի, ինչքան ժամանակով ուզենայի, այնքան էլ մնայի նրա մոտ, ստիպված փաստաթղթերս հանձնեցի, որ ստանամ հայկական անձնագիր,- ասում է Արմինեն:- Երբ փաստաթղթերս հանձնում էի, ինձ ասացին, որ դիմումիս մեջ հստակ գրեմ, որ ես համաձայն եմ նույնիսկ հրաժարվել իմ նախկին քաղաքացիությունից եւ տեղյակ եմ, որ եթե ընդունեմ ՀՀ քաղաքացիություն, ապա կզրկվեմ վրացականից, եւ ես դա հստակ նշեցի»: Արմինեն ասում է, որ մեկամսյա ժամկետում պատրաստվում է տեղյակ պահել վրացական կողմին, որ ինքը ստացել է ՀՀ քաղաքացիություն, որպեսզի Վրաստանում անօրինական չհամարեն իր նոր քաղաքացիությունը: Իսկ մեր հարցին, թե ինչու վրացական օրենսդրությամբ սահմանված կարգով չի ցանկացել դուրս գրվել Վրաստանից, հրաժարվել քաղաքացիությունից, այնուհետեւ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, պատասխանեց. «Իմ բարեկամներն այդպես վարվեցին, բայց 6 ամսից ավելի տեւեց, մինչեւ նրանց դուրս գրեցին, այդ ընթացքում մի 5-6 անգամ էլ գնացին Թիֆլիս, գումարներ ծախսեցին: Նրանք չգիտեին, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո մեխանիկորեն դուրս կգան այնտեղից, իսկ ես իմացա, դրա համար էլ այլեւս չդիմեցի վրացական համապատասխան մարմիններին»: «Վրաստանի Սահմանադրությունը ոչ միայն չի ընդունում, այլեւ արգելում է երկքաղաքացիությունը, կարեւոր չէ` քաղաքացին ի՞նքն է դիմել իշխանություններին քաղաքացիությունից դուրս գալու խնդրանքով, թե՞ իշխանություններն իրենք են դա պարզել»,- «Վրաստան» թերթին տված հարցազրույցում հավելել է Վրաստանի գործող Սահմանադրության հեղինակ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, իրավաբան Վախթանգ Խմալաձեն: Վրաստանի քաղաքացիությունից զրկվելով` քաղաքացին այլեւս զրկվում է նաեւ ընտրություններին մասնակցելու, ընտրական մարմիններում իր թեկնածությունն առաջադրելու, ընտրվելու, քաղաքական հայտարարություններով հանդես գալու, հանրային ծառայություններում աշխատելու, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում օրենքով սահմանված ժամկետից ավելի գտնվելու իրավունքից: Սակայն չի ազատվում օրենքով սահմանված հարկերի վճարումից: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը` բացառությամբ որոշ սահմանափակումների. ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում: Մենք գրավոր հարցումով դիմել էինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն, եւ ստացած պատասխանի համաձայն` 2008 թ.-ին Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներ են դարձել 1396 անձինք, 10-ի վերաբերյալ դիմումները մերժվել են, 158 անձինք հրաժարվել են իրենց երկրի քաղաքացիությունից եւ ընդունել ՀՀ քաղաքացիություն: 2009 թ.-ի առաջին երեք ամիսների ընթացքում արդեն երկքաղաքացիություն է ստացել 934 անձ: Մեր գրավոր հարցին` ո՞ր երկրից քանի քաղաքացիներ են դիմել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը չի պատասխանել: Նույն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայադ Շիրինյանի խոսքերով` նրանք երկրներից դիմողների քանակի մասին տվյալներ չեն հաղորդում: Մինչդեռ 2008 թ.-ի դեկտեմբերի 13-ին Panorama.am-ին նույն վարչությունը տեղեկացրել էր, որ երկքաղաքացիություն ստանալու համար ամենաշատը դիմել են Վրաստանից (804 անձ): Ռուսաստանից դիմել է 156 մարդ, իսկ Ուզբեկստանից` 29: Երկքաղաքացիություն ստանալու համար 20-ական քաղաքացիներ դիմել են Թուրքմենստանից, Իրաքից, Իրանից եւ Սիրիայից: 12 դիմում գրանցվել է ԱՄՆ-ից: 1-ական քաղաքացի դիմել է Գերմանիայից, Կանադայից, Բրազիլիայից, Լիտվայից, 2 քաղաքացիներ` Թուրքիայից: «Հայաստանում «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումը մահապատիժ է դարձել ջավախահայերի համար, քանի որ Ջավախքից հայերը զանգվածաբար գալիս են այստեղ, քաղաքացիություն են ստանում, որից հետո նրանց հանում են Վրաստանում ունեցած գրանցումից»,- փետրվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը: Հ. Հովհաննիսյանի խոսքերով, ջավախահայերի` ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանում խստացումներ մտցվեցին Վրաստանի քաղաքացիների համար եւ Ռուսաստանից «կտրեցին նրանց ոտքը», վրացահայերն անհրաժեշտաբար Ռուսաստան մեկնելու եւ այնտեղ աշխատելու համար սկսեցին ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր: «Ջավախքցիներիս ուրիշ ելք չի մնում, քան ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Արդեն երեք տարի է` սպասում ենք, որ վիզաները կարգավորվեն, կարողանանք նորմալ գնալ-գալ, բայց մի օր բացում են, երկրորդ օրը` նորից փակում, իսկ եթե բացում են` 3 ամսով են տալիս, մինչեւ գնում ես, մի ամիս աշխատում, նորից պիտի վերադառնաս, աշխատածդ գումարը տալիս ես ճանապարհներին, օգուտդ իգնչ»,-հարցնում է Սամվել Մուրադյանը: ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք էր համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծել, այնուհետեւ բանակցել երկրների հետ: «Այդ առումով նախ Սահմանադրությունից հանվեց երկքաղաքացիությունն արգելող նորմը, ապա ընդունվեց «Երկքաղաքացիության մասին օրենքը»: Հիմա արդեն մենք կարող ենք դիվանագիտական ասպեկտով աշխատել մեզ հետաքրքիր պետությունների հետ, որպեսզի նրանց հետ ունենանք երկքաղաքացիությունը փոխադարձ ճանաչող պայմանագրեր: Ենթադրում եմ, որ առաջին հերթին կլինեն հայաշատ երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Վրաստանը, Ֆրանսիան, Լիբանանը, Սիրիան: Երկքաղաքացիությունը մեզ հետաքրքրում է, քանի որ դա սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցներին հնարավորություն է տալիս լինելու նաեւ ՀՀ քաղաքացիներ, կապվելու Հայաստանի հետ եւ նպաստ բերելու հայրենիքի զարգացման գործում», - ասում է Շիրակ Թորոսյանը: Թե ե՞րբ են սկսվելու այդ բանակցությունները, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար, պատգամավորը դժվարացավ պատասխանել:

Հոդվածը պատրաստվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter