
Թերթի տեղեկություններով` անցած շաբաթ ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանը, որդու միջոցով, Արաբական Միացյալ էմիրությունների մայրաքաղաք Դուբայում բնակարան է ձեռք բերել, որն արժե 200 հազար ԱՄՆ դոլար:
Ընդհանրապես, պետք է նշել, որ անցած տարվա մարտի 1-ից հետո Ներսիկ Նազարյանի գործերը լավ են գնում:
Նշենք, որ նա ակտիվորեն մասնակցում էր անցած տարվա մարտի 1-ին խաղաղ ցուցարարների գնդակահարության օպերացիայի կազմակերպմանը, ապա, ոտնահարելով ՀՀ Սահմանադրություն և օգտվելով իր կարգավիճակից, արգելում էր մարդկանց խաղաղ երթերը Երևանում: Դրան զուգահեռ, նա զարգացնում էր շինանյութերի վաճառքով զբաղվող «Իդեալ» խանութների ցանցը, որտեղ, ըստ թերթի հավաստի աղբյուրների, խոշոր փայ ունի:
Մոռացեք
«Մոռացեք սահմանների բացման մասին: Թուրքիան հարևան Հայաստանի հետ սահմաները չի բացելու, քանի դեռ Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձի և ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ որևէ լուծում չի գտնվել»:
Շաբաթ օրը Հաննովերում նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիփ Էրդողանը` Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Երեկ նմանատիպ հայտարարություն տարածել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն: Այստեղ նաև վստահություն է հայտնվում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին 1915-ի իրադարձությունների մասին խոսելիս, չի օգտագործի «ցեղասպանություն» ձևակերպումը: «Մենք հավատում ենք», որ Օբաման չի ցանկանում կորցնել Թուրքիան: Մենք Թուրքիայի համար ոչ մի բացասական բան չենք սպասում»,-նշվում է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել