HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

ԼՂ կարգավորումը՝ ադրբեջանա-թուրքական խաղերի աքցանում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Ազատություն» ռադիոկայանին այս ամսվա սկզբներին ասել էր, թե հնարավոր է համարում առաջիկա ամռանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրում։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան դրանից հետո հայտնել էր, թե նման փաստաթղթի ստորագրման մասին իրազեկված չէ, չնայած՝ «եթե հիմնարար սկզբունքները համաձայնեցվեն, դա հիմք կդառնա խաղաղ համաձայնագրի համար»։ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը գտնվում է այնպիսի հանգրվանում, որ տարածաշրջանում դերակատարություն ունեցող ուժային կենտրոնները ձգտում են այս ամառ հասնել բանակցող կողմերի միջեւ հիմնարար սկզբունքների շուրջ որեւէ փաստաթղթի ստորագրմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսի՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ իսկական մրցավազք է սկսվել այն հարցում, թե ում «նախագծով» ու հովանավորությամբ է կնքվելու այդ համաձայնագիրը։

Մրցավազք թուրքկան մոտիվներով

Ստամբուլյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Վաշինգտոնը, ի դեմս նախագահ Օբամայի, փորձում է հարավկովկասյան տարածաշրջանի եւ հատկապես ԼՂ կարգավորման գործընթացներում Թուրքիայի աստիճանական ակտիվացումը դուրս չթողնել իր ազդեցությունից։ Դա հիմնականում արվում է Մոսկվայի հետ հարավկովկասյան տարածաշրջանում ազդեցությունը կիսելուն ուղղված Թուրքիայի առաջարկած անվտանգության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծումը կասեցնելու համար, ինչը հղի է տարածաշրջանից ԱՄՆ-ի վերջնական մեկուսացման վտանգով։ Դրա համար Վաշինգտոնը փորձում է Անկարայի նկատմամբ, իբրեւ ճնշման գործիք, օգտագործել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը։ Այն փաստը, որ Ստամբուլում Օբաման շեշտադրումները Ցեղասպանության ճանաչման հարթությունից տեղափոխեց Հայաստան-Թուրքիա սկսված երկխոսության եւ դրան որեւէ կերպ չխոչընդոտելու անհրաժեշտության հարթություն, թույլ է տալիս ենթադրել, որ Հարավային Կովկասում ազդեցությունը ԱՄՆ-ի սցենարով մեծացնելու հարցում Վաշինգտոնը եւ Անկարան որոշակիորեն «լեզու են գտել»։ Հակառակ դեպքում դժվար էր անգամ պատկերացնել, որ Ստամբուլում Բարաք Օբաման կարող էր բավականին կոշտ կերպով Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարներին «հրահանգել» արագացնել սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը։ Այս ազդակներն անմիջապես զգացին Կրեմլում։ Պատահական չէր, որ Ստամբուլյան այս հանդիպումների օրերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Իլհամ Ալիեւին Մոսկվա աշխատանքային այցի հրավիրեց, որից անմիջապես հետո Ալիեւը մեկնեց Մոսկվա։ Նույն այդ օրերին, տարօրինակ զուգադիպությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում փորձում էր ճշտել Ադրբեջանի պաշտոնական մոտեցումը մայիսի 7-ին Պրահայում երկու բանակցող կողմերի նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Մոսկվան, ըստ էության, չի ուզում ձեռքից բաց թողնել դեռ 2008-ի ուշ աշնանը Մայնդորֆյան հռչակագրով վավերացվող հակամարտության կարգավորման «կնքահայրը» լինելու իրավունքը։ Ալիեւի հետ պաշտոնական հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում Մեդվեդեւը հարկ է համարում իր թերահավատությունը հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման արդյունավետության վերաբերյալ` փոխարենը խոստանալով «խաղաղության իսկական դաս տալ» Արեւմուտքին Սանկտ-Պետերբուրգում հունիսին կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում պլանավորվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման միջոցով։ Ընդ որում` սանկտպետերբուրգյան հանդիպման առանձնահատկությունը լինելու է այն, որ կազմակերպվելու են ոչ թե երկկողմ բանակցություններ, այլ եռակողմ՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ։ Հարկ է նկատել, որ մայնդորֆյան ամրոցում ԼՂ կարգավորման վերաբերյալ հռչակագիրը հաջողվեց ստորագրել հենց այն բանի շնորհիվ, որ Սարգսյանն ու Ալիեւը բանակցում էին կրկին ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ։ Արդյո՞ք կարելի է ասել, որ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրման ժամկետն առաջիկա ամառը նշելով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը եւ պետքարտուղարի տեղակալի օգնական Բրայզան նկատի ունեին հենց սանկտպետերբուրգյան այս հանդիպումը։ Համենայնդեպս, Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի հակամարտության կարգավորման առաջին հիմնարար փաստաթղթի ստորագրումը տեղի ունենա իր ուղղակի միջնորդության կամ ավելի ճիշտ` հովանավորության ներքո։

Կարգավորման սկզբունքների դեֆորմացման տեխնոլոգիան

Իսկ որքանո՞վ է իրատեսական նման փաստաթղթի ստորագրումն առաջիկայում ընդհանրապես։ Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրեն ոչ հատուկ լավատեսությամբ հայտարարեց. «Մենք չենք կարող չնկատել, որ կա որոշակի առաջընթաց, ինչն էլ հույս է հաղորդում, որ շուտով ԼՂ հակամարտությունը բավականին արագ կհանգուցալուծվի։ Վերջին շրջանում կողմերի դիրքորոշումները որոշակիորեն մերձեցել են, համաձայնեցված են մի քանի հարցեր, որոնք թվում էին դժվար լուծելի, իսկ սա լավ հիմք է բանակցությունները շարունակելու համար»։ Ի՞նչ նկատի ունի Ալիեւը` խոսելով դժվար լուծելի համարվող «մի քանի հարցերի» համաձայնեցված լինելու մասին։ Բաքվում Մեթյու Բրայզան այդ օրերին հայտարարում էր. «Մենք պայմանավորվել ենք կենտրոնանալ հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտելու վրա, որոնք ԵԱՀԿ Մինսկի խումբը մշակել է հակամարտության կողմերի հետ համատեղ»։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե այդ դժվար լուծելի հարցերը համաձայնեցնելու, այլ դրանց շուրջ աշխատանքներն ավարտելու մեջ է։ Դա նշանակում է, որ հիմնական հարցերի շուրջ Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը՝ դեռեւս անհայտ լուծումների շրջանակներում։ Մեթյու Բրայզան Բաքվում նաեւ որոշակիորեն բացել է փակագծերը՝ ըստ էության ներկայացնելով կարգավորման սցենարը. «Մենք քննարկել ենք Մինսկի խմբում մեր համատեղ ջանքերը՝ «հիմնարար սկզբունքներում» մի քանի առանցքային տարաձայնությունների լուծման վերաբերյալ, որոնք կուրվագծեն ԼՂ խնդրի արդար ու հավասարակշռված լուծում։ Այն իր մեջ կներառի տարածքների ու փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի եւ այլ տարածքների բոլոր բնակիչների անվտանգության ապահովում, տրանզիտային ուղիների վերականգնում եւ միջազգային երաշխիքներ»։ Եթե ուշադրություն ենք դարձնում, այս սկզբունքներն ամբողջությամբ համապատասխանում են պաշտոնական Երեւանի առաջադրած կարգավորման սահմանային սկզբունքներին։ Ընդ որում` Բրայզայի այս հայտարարությունից պարզ է դառնում, որ ԼՂ հարակից շրջանների վերադարձման եւ դրանցից հայկական ուժերի դուրս բերման խնդիրն այլեւս օրակարգում չէ, այսինքն` հստակորեն լուծում են ստացել։ Սակայն նրա ներկայացրած սկզբունքները նույնքան ընդհանրական են, որքան եւ Հայաստանի դիրքորոշումը։ Ավելին, դրանց առանձին դրսեւորումները, կարգավորման մեխանիզմները դետալային մակարդակով բոլորովին այն չեն, ինչ ուզում է ստանալ հայկական կողմը։ Տարածքների եւ փախստականների վերադարձի մասին խոսելիս ընդհանրապես անտեսվում են ոչ միայն ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂԻՄ վարչական տարածքների մի մասը՝ ներառյալ Շահումյանի շրջանը, այլեւ այդ շրջաններից եւ Ադրբեջանի տարածքից բռնագաղթած հայ ազգաբնակչության ճակատագրի հարցը։ Այս սկզբունքն ավելի շատ վերաբերում է ԼՂ-ից եւ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի վարչական շրջաններից գաղթած ադրբեջանցիների վերադարձին, որը Բաքվի համար համարվում էր առանցքային պայմաններից մեկը։ Շատ ավելի խոցելի է բնակչության անվտանգության ապահովման սկզբունքի պրակտիկ կիրառումը, որն արդեն ուղղակիորեն առնչվում է ԼՂ-ի կարգավիճակին միջազգային երաշխիքներ տրամադրելուն։ Մարտի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցից հետո շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքներ» հասկացությունը՝ իբրեւ հավասարապես ճանաչման ենթակա սուբյեկտներ։ Մարտի 3-ին Երեւանում տված ասուլիսի ընթացքում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարեց. «Մենք վաղուց ենք ասել, որ ուշ թե շուտ, բոլոր համայնքները, որոնք ապրել են ԼՂ-ում, կընդգրկվեն բանակցային գործընթացում, եւ որքան շուտ` այնքան լավ»։ Այլ կերպ ասած՝ ԼՂՀ-ն, որպես կայացած իրավաքաղաքական, վարչական ինքնուրույն ու ինքնաբավ սուբյեկտ, հավասարեցվում է համայնքի կարգավիճակին։ Սա չափազանց վտանգավոր միտում է հատկապես այն առումով, որ նախ` վերջնականապես թաղվում է 1992 թ. անկախության հանրաքվեն` որպես ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի հիմնարար իրավական գործընթաց, երկրորդ՝ ավելի է անորոշանում, թե ինչ վարչական տարածքի շրջանակներում եւ որքան մարդ է ընդգրկելու հետագայում այն պլեբիսցիտը կամ հանրաքվեն, որի արդյունքները պետք է ճանաչվեն միջազգայնորեն, եւ ով ու ինչպես է կազմակերպելու այդ գործընթացը։ Չի բացառվում, որ ներկայումս կողմերի միջեւ բանակցությունների սեղանին ամենաչլուծվող հարցերից մեկը, եթե ոչ միակը, հենց սա է։

Թուրքիան՝ դե ֆակտո միջնորդ

Կա եւս մեկ լրջագույն խնդիր։ Խոսքը վերաբերում է «տրանզիտային ուղիների վերականգնմանը»։ Սա հենց այն խողովակն է, որի միջոցով Թուրքիան ներթափանցում է հակամարտության կարգավորման գործընթաց՝ հավակնելով ստանձնել միջնորդի դերակատարություն։ Տրանզիտային ուղիների վերականգնման սկզբունքը վերջին ամիսներին փաստացի լրջագույն դեֆորմացիայի է ենթարկվել՝ ընդգրկելով նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը սահմանների բացման, ապաշրջափակման, երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով, որի սկիզբը դրեց Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով։ Մտնելով Հայաստանի կողմից սկսած խաղի մեջ՝ Թուրքիան աստիճանաբար սկսեց ինքը խաղի կանոնները թելադրողի դեր ստանձնել, ինչի արդյունքում Երեւանին կանգնեցրեց հստակ դիլեմայի առաջ. թուրքական սահմանները Հայաստանի համար կարելի է բացել միայն ԼՂ հիմնահարցի կարգավորմանը զուգահեռ։ Ընդ որում, իբրեւ առավելագույն պահանջ, Անկարան պահանջում է հանձնել ոչ միայն ԼՂ հարակից «ադրբեջանական տարածքները», այլ ԼՂ-ն եւս։ Եվ հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այսպիսի կոշտ պայմաններին չհամաձայնելու դեպքում հայ-թուրքական երկխոսության ձախողման ողջ պատասխանատուն միջազգային հանրության ընկալումներում դառնում է Հայաստանը։ Պետք է նկատել, որ այս իրավիճակի թիկունքից զգացվում է Վաշինգտոնի շահագրգռվածությունը։ Նախ՝ Մեթյու Բրայզան է հայտարարում, թե՝ «Թուրքիան, ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանին ընդունեն որպես ուժեղ եւ հուսալի ռազմավարական գործընկեր։ Մենք հավատում ենք, որ Թուրքիան ԼՂ խնդրի կարգավորման հարցում օգնականի դեր է խաղում, քանի որ, ինչպես հայտնի է, Թուրքիան տարածաշրջանում դրական դեր է խաղում»։ Երկրորդ՝ այս քարոզչական ճնշմանը միանում է նաեւ Միջազգային ճգնաժամային խումբը, որը վերջերս Հայաստանի կառավարությանն առաջարկում էր. «Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների հիմքի վրա Ադրբեջանի հետ գնալ ԼՂ կարգավորմանը, սկսել Ադրբեջանի գրավյալ տարածքներից հետքաշումը եւ Ադրբեջանի հետ ձգտել խաղաղության՝ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր Թուրքիայի հետ ձգտել հարաբերությունների նորմալացման»։ Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը Հայաստանին պարտադրվում է որպես ԼՂ հիմնահարցի կարգավորման նախապայման։ Այդպիսով, փաստորեն, ԱՄՆ-ի միջոցով Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դե ֆակտո միջնորդի կարգավիճակ։ Դա առաջին հերթին անհրաժեշտ է ԼՂ իրավական կարգավիճակը որոշելու հարցում Հայաստանից լրացուցիչ զիջումներ ակնկալելու համար, որովհետեւ Թուրքիան բացահայտորեն է հայտարարում, որ ԼՂ-ն չի տեսնում Ադրբեջանի կազմից դուրս։ Ամենավտանգավորն այն է, որ Թուրքիայի այս նոր ակտիվացումը սկսում է օրինաչափ համարվել բոլորի կողմից։ Մոսկվայում, թերեւս, նկատի առնելով հենց թուրքական գործոնի մեծացումը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները նշել են, թե հակամարտության կարգավորման գործընթացում ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք հաշվի չառնել չի կարելի։ Մեդվեդեւն անգամ նշել է, թե՝ «հնարավոր է նոր գաղափարների առաջացում հակամարտության կարգավորման գործընթացում»։

Ադրբեջանի պրոռուսական արեւմտամետությունը

Ստացվել է այնպիսի իրադրություն, երբ Թուրքիայի ներգրավվումը պրոցեսում սկսել է բխել թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի շահերից։ Առաջինի դեպքում՝ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու համար, երկրորդի դեպքում՝ երրորդ կողմի ներգրավմամբ Հայաստանին զիջումների պարտադրելու միջոցով ԼՂ խնդիրը ռուսական սցենարով կարգավորելու, ավելի ճիշտ` դրա միջոցով Ռուսաստանի ազդեցությունը անվերապահ դարձնելու համար։ Եվ Թուրքիան հիանալի կերպով լուծում է իր խնդիրը՝ խաղալով երկու ուժային կենտրոնների շահերի վրա։ Ադրբեջանը, որին սպառնացող միակ վտանգը գալիս է ռուսական ազդեցության մեծացումից եւ ինքնուրույնության ունեցած մակարդակը կորցնելու հեռանկարից, իր հերթին փորձում է ստեղծված վիճակը ծառայեցնել իր նպատակին։ Թուրքիայի հետ սահմանի բացումը Ադրբեջանին եւ Վրաստանին զրկում է իրենց հիմնական տրանզիտային առավելությունից։ Դրա համար Բաքուն եւս փորձում է իր մասշտաբներին ու հնարավորություններին համապատասխան խաղալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավակնությունների վրա։ Մի կողմից նա Թբիլիսիին ստիպում է գործնական քայլեր սկսել «Սպիտակ հոսք» գաղամուղի եւ Վրաստանում գազի մեծ պահեստարան ստեղծելու շինարարության ուղղությամբ, մյուս կողմից Մոսկվայի հետ պայմանավորվում է բանակցություններ սկսել ադրբեջանական գազի ողջ ծավալը ռուսական «Գազպրոմին» շուկայական գներով վաճառելու շուրջ։ Կարելի է ասել, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ալիեւը չկարողացավ ԼՂ հարցում ադրբեջանական շահերին առավելություն տալու հարցում Մեդվեդեւից բավարար երաշխիքներ ստանալ։ Այն ընթացքում, երբ Ալիեւը բանակցում էր Մեդվեդեւի հետ, ՌԴ արտգործնախարար Լավրովը թերթերից մեկին տված հարցազրույցում ասում էր, թե «Հայաստանը մանրադրամ չէ» այլ խնդիրներ կարգավորելու համատեքստում։ Դա էր պատճառը, որ չնայած «Գազպրոմի» եւ Ադրբեջանի նավթային ընկերության միջեւ կնքված հուշագրին, Մոսկվայում Ալիեւը բավարարվեց հայտարարելով, թե իրենք ընդամենը պատրաստ են ռուսական կողմի հետ քննարկու սկսել գազի ամբողջական վաճառքի վերաբերյալ ստացված առաջարկության շուրջ։ Սակայն Ալիեւին հաջողվեց հաջողության հասնել մեկ այլ հարթությունում. Մեդվեդեւը մի քանի անգամ կրկնեց, թե իրենք Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու են ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Ավելին, կողմերը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ի հակակշիռ Հայաստանի, որին ՌԴ-ն պատրաստ է օգնել ընդամենը տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով 500 մլն դոլար վարկ տրամադրելու միջոցով։ Ապրիլի 23-ին ՌԴ նախագահի հրավերով աշխատանքային այցով Մոսկվա է մեկնում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա չափազանց դժվար խնդիրներ է փորձելու լուծել՝ դիմակայել ԼՂ հարցում Կրեմլի ճնշումներին, հակակշիռներ գտնել ադրբեջանական ու թուրքական դիվանագիտական խաղերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter