
Մինչ Հայաստանում հատկապես իշխանական շրջանակներն ակտիվորեն քննարկում են հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը` դա ներկայացնելով որպես «դարակազմիկ» քայլ, վերջին օրերին բավական ինտենսիվ իրադարձություններ են տեղի ունենում` կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ:
Օրինակ` անցած շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Չի կարելի լինել ԼՂ կարգավիճակի միակողմանի լուծումը: Ադրբեջանը չի տեսնում և չի մասնակցի գործընթացներին, որոնք ենթադրում են ԼՂ-ի` Ադրբեջանից իրավաբանական անջատում: Մենք հասկանում ենք Հայաստանի և Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ ունենալու կարևորությունը հայկական կողմի համար: Այստեղ խնդիր չենք տեսնում: Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են այնպես լուծվել, որ անհանգստություն չառաջանա ոչ նրանց մոտ, ովքեր այսօր ապրում են ԼՂ-ում, ոչ էլ ադրբեջանիցիների մոտ, ովքեր վերադառնալու են ԼՂ` հիմնախնդրի կարգավորումից հետո»: Նա նաև ավելացրել է, թե ԼՂ կարգավիճակի հարցը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով: Սա հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ թերևս առաջին այսքան կոնկրետ հայտարարությունն է Ադրբեջանի կողմից: Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված Ալիևի «հասկացող լինելուց», կարելի է ենթադրել, թե նա հայկական կողմի ինչ զիջումների դիմաց է նման «մեծահոգություն» դրսևորում: Ընդ որում` Ալիևը նման հայտարարություն է անում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո:
«Պաշտոնական Բաքուն չի բացառում, որ մոտ ժամանակներս ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարող է կնքվել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթուղթ,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Նովրուս Մամեդովը` շեշտելով,-Ադրբեջանի նախագահի այցը Ռուսաստան, այնտեղ հաջող բանակցությունների անցկացումը, ԼՂ հակամարտության հետ կապված բազմակողմանի զրույցը կրկին թույլ են տալիս լավատեսորեն տրամադրվել այս խնդրին: Մեծ հավանականություն կա, որ այս տարի զգալի տեղաշարժեր կգրանցվեն»: Եթե այս հայտարարությունը ձևակերպենք ավելի պարզ լեզվով, ապա, դժբախտաբար, կստացվի հետևյալը. Մեդվեդևը Ալիևին խոստացել է «ամեն ինչ անել», որ Հայաստանը ստորագրի «ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթուղթը»: Ընդ որում` ընդամենը երկու օր հետո` ապրիլի 23-ին, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ եթե սրան ավելացնենք նաև այն, որ վաղը Երևան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել