
Հայոց աշխարհի աստվածընտրյալ ժողովուրդը, ինչպես հայտնի է, հավատում է ամենատարբեր բաների. Քրիստոսից մինչև մագնիսական ապարանջաններ ու կենարար ջուր: Բայց ամենից շատ հավատում է, որ կգա բարի արքա Լևոն VII-ն ու կառաջնորդի իրեն դեպի շողշողուն բարձունքներ:
Հավատքի պաշտամունքին ընդունված է զոհեր մատուցել: Ացտեկները, օրինակ, արևածագին սպասելիս երեխաներ էին զոհաբերում, և արևը ծագում էր: Նեոբոլշևիկները 2008թ-ի մարտի 1-2-ին իրենց առաջնորդին զոհաբերեցին ամբողջ 10 հոգու: Բայց այն ժամանակ նրանց բախտն ավելի քիչ բերեց, քան ացտեկներինը. Լուսավոր ապագան այդպես էլ չեկավ:
Հիմա էլ ահավասիկ պատրաստվում են երկրորդ զոհաբերությանը: Չափազանց արժեքավոր փորձ են կուտակել տղերքը: Այ կտեսնեք, պետք կգա մայիսի 31-ին` Երևանի քաղաքապետի ընտրություններում: Մանավանդ, որ հաջողության հասնելու նեոբոլշևիկների հնարավորություններն այս անգամ ավելի մեծ են. լոկ այն հանգամանքը, որ նա քաղաքական դիակ է արդեն իսկ էական առավելություններ է պարգևում մրցակիցների համեմատ:
Քանզի լավագույն իշխանությունը, անշուշտ, մեռած իշխանությունն է: Ոչ մի կոռուպցիա հաստատ չի կարող լինել, սխալները գործնականում հավասարվում են զրոյի: Ոչ ոք չի կշտամբում այդպիսի տիրակալին, և առավել ևս` ոչ ոք հաստատ չի փորձի զբաղեցնել նրա տեղը: Քանզի նա դագաղում է, իսկ ո՞վ կուզենա ժամանակից շուտ այնտեղ մտնել: Բացի այդ, նման տիրակալի կարելի է վերագրել ցանկացած մեղք. նա քննադատությունից չի վախենա:
Դատելով ամենից` Տեր-Պետրոսյանի մարտավարությունը վերջին տարվա ընթացքում առանձնապես չի փոխվել. կազմաքանդել: Ճիշտ է` ինքն անձամբ այդ մասին հիմա հրապարակավ չի խոսում, բայց նրա փոխարեն այսօր դա անում են ուրիշները: Մի՞ թե պարտադիր է, որ դա ասի անձամբ Տեր-Պետրոսյանը: Հիշենք ֆրանսիական ասացվածքը. Շուն ունեցողը կարիք չունի հաչելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել