
Երեկ ֆոնդային բորսայում իրականացվել է ուղիղ մեկ միլիոն դոլարի առք և վաճառք` 368.5 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368,5 դրամ:
«ՉԻ» - Փաստորեն, հայկական դրամը դարձյալ չի լողում. փչովի օղակի վրա պառկած` ոտներով չոփչոփիկ է անում:
Տեսեք, թե ինչ է ստացվում. Կենտրոնական բանկը դոլար է վաճառում 268.5 դրամով, ընդ որում` փոխանակման կետերում դոլարն ընդունվում է 376-ով և վաճառվում 379-ով, բայց, չգիտես ինչու, բանկերն առանձնապես չեն շտապում «հարմար գնով» դոլար ձեռք բերել: Ավելի ճիշտ` շատ կցանկանային, բայց Կենտրոնական բանկը վաճառում է ուղիղ մեկ մլն դոլար, ոչ ավելի: Ճիշտ այնպես, ինչպես խորհրդային տարիներին կարագն էր վաճառվում կտրոններով` «մատչելի գներով», բայց սահմանափակ քանակությամբ: Տարբերությունն ընդամենն այն է, որ կարագի կտրոն հասնում էր բոլորին, իսկ «էժան դոլարը», փաստորեն, միայն ընտրյալների համար է: Շարքային քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են դոլար գնել զգալիորեն ավելի թանկ: Տեսնես` ինչո՞ւ է այդպես:
Անգրագիտության կանխավարկած
Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանական քարոզչական հիմնական հույսը, մեղմ ասած` ընտրողների անգրագիտությունն է: Չէ, հասկանալի է, որ միայն մտածելու ընդունակությունից զուրկ մարդիկ կգնան ու կամովին կընտրեն գործող իշխանություններին, բայց, ամեն դեպքում, համաձայնվեք` չի կարելի ընտրական տեխնոլոգիաների և քարոզչության հիմքում դնել միայն մարդկային ծանծաղամտությունը: Չնայած, մյուս կողմից էլ` այս մարտավարությունը նոր չէ: Նախագահական ընտրություններից առաջ իշխանական քարոզչամեքենան, ասենք, փողոցում խոսեցնում էր մի կնոջ, որը ճղճղալով պատմում էր, թե իր հագին կոմունիստներից մնացած պալտոն է, որովհետև ՀՀՇ-ն «սաղ ծախեց»: Կամ անթրաշ մի տղամարդ բողոքում էր, որ «մութ ու ցուրտ տարիներին» իր տղան խոպան գնաց, որովհետև Լևոնը հողը «տոկի էր տալիս» և այլն: Պարզ ասած` իշխանական քարոզչամեքնենան անխնա շահագործում էր մարդկանց բթամտությունը, ընդ որում` դա անում էր շատ պարզ հաշվարկով: Նպատակն այն էր, որ ցանկացած մտածող մարդ այդ ամենը լսելով` կմտածեր, թե «էս ժողովուրդն ապուշ ա» և չէր զարմանա, երբ վերջում պարզվեր, որ ընտրությունների արդյունքում իշխանության թեկնածուն է հաղթել: Այլ կերպ ասած` «էս ժողովուրդն ապուշ ա» միտքը քարոզելով` իշխանությունները, ըստ էության, մարդկանց հոգեբանորեն նախապատրաստում էին ընտրությունների կեղծված արդյունքներին:
Նույնն էլ հիմա է տեղի ունենում: Պարզապես քանի որ քարոզչությունը պաշտոնապես չի սկսվել, առայժմ դա արվում է «100 տոկոսանոց ցուցակների» միջոցով: Ինչ-որ մարդիկ մտնում են քաղաքացիների բնակարանները, դեմ տալիս ցուցակները, լրացնում անձնագրային տվյալները, Գագիկ Բեգլարյանին ընտրելու դեպքում ինչ-որ բաներ խոստանում և հեռանում: Հաշվարկն այն է, որ իր անուն-ազգանունն ու անձնագրային տվյալները ցուցակում լրացված տեսնելով` քաղաքացին կմտածի, որ ինքն արդեն քվեարկել է: (Չէ՞ որ ցուցակի վերևում Գագիկ Բեգլարյանի անունն է գրված) և ընտրությունների օրը կամ ընդհանրապես չի գնա ընտրատեղամաս կամ էլ կգնա և «կվերահաստատի» իր ընտրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել