HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունը հրապարակում է վկաների ցուցմունքները

20_04-genprocԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Զանգվածային անկարգության կազմակերպման» համար մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Ապացույցների հետազոտումը դատարանը սկսել է վկաների հարցաքննությունից: Նախօրեի դրությամբ հարցաքննվել է 10 վկա: Գլխավոր դատախազությունը հրապարակել է հատվածներ դատարանում հարցաքննված վկաների ցուցմունքներից: Ըստ գլխավոր դատախազության մամլո ծառայության` ստորեւ ներկայացվող մեջբերումները կատարվում են այն վկաների ցուցմունքներից, որոնք ամբողջությամբ պնդվել են դատարանում: «Տիգրան Հակոբյանը, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի խորհրդի անդամ է, իսկ 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչական խումբը, դատարանում պնդել է նախաքննության ընթացքում՝ 2008 թ. ապրիլի 5-ին եւ 6-ին  տված իր ցուցմունքները: Իսկ հարցաքննության ժամանակ ի թիվս այս հարցերի` Տ. Հակոբյանն անդրադարձել է 2008 թ. փետրվարի 20-29-ը՝ Երեւանի «Ազատության» հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքների կազմակերպման աշխատանքներին եւ կիրառված քարոզչական հնարքներին: Այսպես, Տ. Հակոբյանը, ըստ էության, հերքել է հանրահավաքների «ինքնաբուխ» կազմակերպվելու հանգամանքը՝ փաստելով, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրահավաքները կազմակերպվել են Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից: « ...Փետրվարի 20-ից մինչեւ  փետրվարի 29-ը Օպերայի հրապարակում  անդադար հանրահավաքներ էին անցկացվում, որոնք կազմակերպվում էին Լ. Տեր-Պետրոսյանի  կողմնակիցների կողմից: Թե ինչո՞ւ քաղաքապետարանը չէր իրազեկվում հանրահավաքների մասին, ես չգիտեմ: Այդ հանրահավաքները եւ նստացույցները կրում էին անընդհատ բնույթ, ես պարբերաբար որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ հաճախ գալիս էի հրապարակ, նաեւ այդ ժամանակահատվածում ինձ վրա վերցրել էի Ռուսաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքը»,- անցյալ տարվա ապրիլի 5-ի հարցաքննության ժամանակ փաստել է Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչական խմբի ղեկավարը: Նույնը նա պնդել է նաեւ ապրիլի 6-ին տեղի ունեցած հարցաքննության ժամանակ՝ նշելով. «…Ինչ վերաբերվում է նրան, թե ով է կազմակերպել փետրվարի 19-ից հետո հանրահավաքները, ապա դա արել է նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը եւ քաղաքական խորհուրդը»: Իսկ Կենտրոնական շտաբի անդամներին Տ. Հակոբյանը հայտնել էր ապրիլի 5-ի հարցաքննության ժամանակ: Նրանք են՝ Ա. Արզումանյան, Ա. Զուրաբյան, Մ. Պետրոսյանը, Դ. Մաթեւոսյանը, Ն. Փաշինյանը, Ա.Սարգսյանը, Գ. Հարությունյանը, Լ. Զուրաբյանը: Տ. Հակոբյանի վկայություններ է տվել նաեւ կիրառված քարոզչական հնարքների մասին:  «… Մասնագիտացված կազմակերպության կողմից անցկացված exit-pool-ի տվյալներով (կազմակերպության անվանումը չեմ հիշում) հանրապետության ամբողջ տարածքով Ս.Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի ձայները գրեթե հավասար էին (երկուսն էլ չէին անցնում 40%): Թե ով էր զբաղեցնում առաջին տեղը, հստակ չեմ հիշում: Ամեն դեպքում երկուսն էլ չէին հաղթում 1-ին փուլով եւ անցնում էին երկրորդ փուլ»,- նախորդ տարվա ապրիլի 6-ի հարցաքննության ժամանակ նշել է Տ. Հակոբյանը՝ այդպիսով փաստելով, որ ընտրություններում թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ ընդդիմությունը հայտարարություններ է հնչեցրել ոչ թե քվեարկության արդյունքներն արտացոլող արձանագրությունների թվային տվյալներն ամփոփելով, այլ հիմնվելով սոցիոլոգիական հարցումների վրա: Իսկ թե ինչու է Ա. Արզումանյանը հայտարարել, թե Լ. Տեր-Պետրոսյանը հաղթել է առաջին փուլում 60-ից ավել տոկոս ձայներով՝ հարցին ի պատասխան  քարոզչական խմբի ղեկավարն ասել է. «Չեմ կարող ասել: Միգուցե Ա. Արզումանյանն այլ տեղեկություններ կամ հարցման տվյալներ ուներ, կարող է եւ դա քարոզչական հնարք էր…»: Ապա նաեւ ավելացրել. «… Դա նորմալ քարոզչական էլեմենտ է, որն օգտագործվում է ցանկացած երկրում ընտրությունների ժամանակ: Ի վերջո, պետք է նաեւ ընդունել, որ հանրահավաքային ելույթներն ունեն իրենց տրամաբանությունը՝ զանգվածներ գրավելու խնդիր»: Նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները պնդել է նաեւ վկա «Այգսերվիս» ՍՊԸ-ի վարորդ Յուրա Պողոսյանը ՝ հավաստելով, որ ցուցմունքները գրել է անձամբ եւ ճիշտ: Նախաքննության ընթացքում Յու. Պողոսյանը ցուցմունքներ է տվել ինչպես Ա. Արզումանյանի կազմակերպչական որոշ աշխատանքների,  այնպես էլ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ որոշ բանախոսների հնչեցրած ելույթների մասին: «… Հանրահավաքների ժամանակ ելույթ ունեցողների արտահայտությունները կամ առաջարկությունները երբեմն անհիմն մեղադրանքներն ինձ տեղ էին տալիս մտածելու, որ մենք դեռ շատ ժամանակ ունենք, որպեսզի հասնենք եվրոպական մակարդակի.....: …Լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը` բարիկադներ կառուցել, դիմադրել ոստիկաններին, զինվել փայտերով և ամեն գնով չհեռանալ մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի գալը, ես զգացի, որ կարող է շատ վատ բան ստացվի: Շանթի ելույթը, որ պետք է կանգնենք մինչև Լևոնի գալը, մտածելու տեղիք տվեց: Այդ ելույթներից ելնելով` երիտասարդները ոգևորվեցին և իրենց շատ վատ էին պահում: Ես նույնիսկ նրանց զգուշացրեցի այգու ճաղերը կոտրելու համար, նրանք ինձ առհամարական պատասխան տվեցին: Տեսնելով այդ անկառավարելի ամբոխին և զգալով նրանց ոգևորությունը, ձեռքների փայտերը, ձողերը` ես մտավախություն ունեցա, որ դա ոչ մի լավ բանի չի բերի: Ինչպես նաեւ չցանկանալով այդ ամենին մասնակից լինել` ես ժամը 18:30-ին թողել եւ հեռացել եմ հրապարակից»,- նկարագրելով մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած իրադարձությունները` 2008 թ. մարտի 15-ի հարցաքննության ժամանակ հայտնել է Յ. Պողոսյանը, իսկ ապրիլի 1-ին տեղի ունեցած լրացուցիչ հարցաքննության ժամանակ ավելացրել. «… Մարտի 1-ին իմ ներկայությամբ հարթակից ելույթ են ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ Շանթ Հարությունյանը, որոնք հարթակից կոչ արեցին բարիկադներ կառուցել եւ զինվել ինչով կարող են, որպիսի դիմադրեն իրավապահներին: Մի խումբ երիտասարդներ` մոտ 30-40 հոգի, սկսեցին կոտրել այգու ձուլված ճաղերը…»: Յուրի Պողոսյանը 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ կատարել է Շենգավիթ համայնքում Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ենթաշտաբերից մեկի ղեկավարի վարորդի պարտականությունները: Իսկ ղեկավարը եղել է նույն  «Այգսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Վոլոդյա Հովհաննիսյանը: Վկան ցուցմունքներ է տվել նաեւ 2008 թ. փետրվարի 20-ից 29-ը Երեւանի Ազատության հարապարակում տեղի ունեցած հանրահավաքների կազմակերպական որոշ աշխատանքների, մասնավորապես հանրահավաքների մասնակիցներին տաքացնելու համար նախատեսված վառարանները հրապարակ տեղափոխելու եւ տեղադրելու վերաբերյալ: Վառարանները Վ. Հովհաննիսյանի ցուցումով «Ազատության» հրապարակ է տեղափոխել Յ. Պողոսյանը՝  դրանք վերցնելով «Այգ» խանութից: Իսկ տեղադրման կոնկրետ վայրը՝  Ալեքսանդր Արզումանյանի ցուցումով ճշտել Նիկոլ Փաշինյանի հետ: Նշված վառարանների անհրաժեշտության եւ դրանք «Ազատության» հրապարակ տեղափոխելու հանգամանքն Ա. Արզումանյանի կողմից կարեւորվելը փաստվում է նաեւ գաղտնալսումներով, որոնց հավաստիությունը հաստատել է նաեւ Յ. Պողոսյանը: 2008 թ. օգոստոսի 9-ին Յ. Պողոսյանի համար վերծանվել է նրա եւ Ա. Արզումանյանի միջեւ 21.02.08թ.՝ ժամը 20:23-ին տեղի ունեցած եւ գաղտնալսված հեռախոսազրույցը: Եվ վկան հավաստել է նման խոսակցություն Ա. Արզումանյանի հետ ունենալու հանգամանքը: Առաջիկայում կանդրադառնանք նաեւ դատարանում հարցաքննված մյուս վկաների ցուցմունքներին»,- փոխանցում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter