Ադանայի կոտորածը` ականատեսների հուշերում
Յոթը աղջիկ փախան, գնացին, վա’յ աման,
Երեքին զարկին, չորսին բռնեցին, ա’խ աման:
Պստիկ Տիգրանուհին տունը այրեցին, վա’յ աման,
Անոր պես հարուստը մոլլային տվին, ա’խ աման:
Երեք խոջաներ գետինը փորեցին, վա’յ աման
Երիտասարդ հայ տղուն ողջ-ողջ թաղեցին, ա’խ աման:
Անոր քույրիկը տարին խաչեցին, վա’յ աման,
Խաչեն վար արին, ծովը նետեցին, ա’խ աման:
Դպրոցը մտան, վարժուհուն բռնեցին, վա’յ աման,
Բերանը բացեցին, լեզուն կտրեցին, ա’խ աման….
Ահա այսպես է արտացոլվում Ադանայի կոտորածը ժողովրդական բանահյուսության մեջ: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի անդամ Վերժինե Սվազլյանը հիսուն տարուց ավելի է` զբաղվում է Ադանայի կոտորածի շուրջ հյուսված բանահյուսության հավաքագրմամբ: 1909 թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների հարյուրամյա տարելիցին նվիրված գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Վ. Սվազլյանը ներկայացավ «Ադանայի կոտորածը և ժողովրդի պատմական հիշողությունը» զեկույցով: Երեկ մեկնարկած գիտաժողովը տևեց երկու օր: Այսօր`գիտաժողովի երկրորդ օրը, ներկայացվեց յոթ զեկույց: Տիկին Սվազլյանը նախ անձնական նախաձեռնությամբ, ապա` 1996թ.-ից, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ հավաքագրում է այդ նյութերը: Նրա խոսքով` ժողովրդական բանավոր նյութերն ականատես-վերապրողների անմիջական տպավորությունների վերհուշն են, նրանց խոհերն ու մտորումները:
«1908թ. Թուրքիան Սահմանադրություն ընդունեց, որի կարգախոսն էր. «Ազատություն, արդարություն, հավասարություն, կեցցե ժողովուրդը»: Երկրում ցնծություն էր տիրում, քանի որ հայերին պիտի կատարյալ ազատություն տրվեր: Սակայն սահմանադրական կարգերից դժգոհ թուրք հետադիմական ուժերն սկսեցին հայտարարել, իբրև հայերը ցանկանում են իշխանությունը թուրքերից խլել ու հայկական թագավորությունը վերականգնել, և վերսկսվեցին հալածանքները հայերի նկատմամբ»,- իր զեկույցում նշեց տիկին Սվազլյանը: Եվ ահա թե ինչպիսի թուրքալեզու երգ է հյուսվել այդ իրադարձությունների կապակցությամբ.
Տիրակալը նստած գահից է դիտում,
Գահի տակից արյուն է հոսում,
Կացինով խփված դիակները լցված են ամենուրեք,
Ողբալի վիճակի մեջ ընկան հայերը:
Տիրակալը նստած գահից է դիտում,
Հայերի արյունը հեղեղի պես է հոսում,
Ազատություն ուզողները ձորերում են նեխվում,
Ողբալի վիճակի հասան հայերը:
Ադանայի կոտորածներից մազապուրծ եղած անձանց հուշերից տիկին Սվազլյանին հաջողվել է գրի առնել ու անհետ կորստից փրկել նաև ժողովրդական այլ երգեր: Ադանայի կոտորածը նկարագրող երգերը վերածվել են սգո երգերի`
Կոտորածն անգութ, Հայերը թող լան,
Անապատ դարձավ շքեղ Ադանան:
Կրակն ու սուրը և անխիղճ թալան
Ռուբինյանց տունը ախ արին վերան:
Րոպե մը չանցած ու անզեն հայեր,
Ինկան սուրին տակ` խուժանին առջև:
Ժամեր, դպրոցներ բոցի մեջ կորան
Բյուրավոր հայեր անխնա մեռան….
Մուսալեռցի Տոնիկ Տոնիկյանը` ծնված 1898թ., տիկին Սվազլյանի հետ կիսվել է իր հուշերով: «1909 թ. Ադանայի կոտորածը սկսվեց, թուրքերը հարձակվեցան հայերուն տների վրա, սկսեցին թալանել, սպանել, մորթել, բռնաբարել… ինչ մտքովդ անցնում է, սկսեցին անել: Մուսալեռան հայերս զգուշացանք ու գիշերները պահակներ դրինք: Շուտով, սակայն, ստիպված էինք փախչել…»:
Մեզ հետ զրույցում Վերժինե Սվազլյանը նշեց, որ 51 տարվա ընթացքում գրի է առել պատմական Հայաստանի հայության ավանդության նշխարները, կոտորածից մազապուրծ եղածների պատմական հիշողությունները, վկայությունները ցեղասպանության վերաբերյալ: «Նրանք ցեղասպանությունից մազապուրծ էին և տակավին կրում էին իրենց մեջ այդ պատմական հիշողությունը: Նյութեր հավաքել եմ նաև դրսում` Հունաստանում, Ֆրանսիայում, Սիրիայում, հատկապես` Թուրքիայում: Ամենուրեք փնտրել եմ վերապրողներին, որպեսզի գրանցեմ նրանց հիշողությունները: Որտեղից հնարավոր է եղել, հավաքել եմ այդ նյութերը»,- ասաց նա` հավելելով, որ իր հավաքագրած 700 միավոր վկայությունները թարգմանել է տվել: Դրանք շուտով լույս կտեսնեն ԱՄՆ-ում` անգլերեն, և հավանաբար Թուրքիայում` թուրքերեն:
Ուշագրավ էր նաև Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տեր Գևորգ աբեղա Սարոյանի զեկույցը`«Հայ Առաքելական եկեղեցու կորուստները հայոց ցեղասպանության տարիներին (Ադանայի օրինակով)» թեմայով: Վերջինս իր զեկույցում նշեց, որ մինչ Ցեղասպանությունը Կիլիկիայի հայ բնակչությունը բաժանված էր կրոնադավանական երեք մեծ խմբի` իրենց ճյուղավորումներով` առաքելականների, հայ կաթոլիկների ու հայ ավետարանականների:
Պատմությունը ցույց է տալիս, որ հայ հոգևորականները միշտ եղել են ժողովրդի կողքին, կիսել նրա ուրախությունն ու վիշտը: Նույն իրավիճակն էր նաև կոտորածի տարիներին: Համաձայն պահպանված վիճակագրության` ջարդից առաջ Ադանան ունեցել է 18 մզկիթ և 8 եկեղեցի: Կոտորածների ժամանակ ավիրվել են եկեղեցիների մեծ մասն ու կոտորվել բազմաթիվ հոգևորականներ: Ամերիկացի պատմաբան Ջոզեֆ Գրինը այսպես է ներկայացրել Ադանայի կոտորածը: «Կոստանդնուպոլսի խռովության առաջին իսկ օրը Ադանա քաղաքի ու նահանգի մուսուլմանական բնակչությունը, որին հրահրում էին Կոստանդնուպոլսից, հարձակվեց իր քրիստոնյա հպատակների վրա ու մի քանի օրվա ընթացքում կողոպտեց ու սպանեց 20 000 հայ, ավիրեց բազմաթիվ քրիստոնեական գյուղեր, եկեղեցիներ, դպրոցներ, սպանեց մեծ թվով վարդապետների»:
Կոտորածի տարիներին եկեղեցիները դարձել են նաև ժողովրդի ապաստարաններ: Ահա թե ինչ է պատմել Ադանայի Սուրբ Ստեփանոս եկեղեցում ապաստան գտածներից մեկը 1909թ. ապրիլի լույս 13-ի գիշերվա մասին: «Ժողովուրդն ամբողջապես ծնկի իջած, լաց ու կոծերով, աղեկտուր տեր ողորմյա էր կանչում, իսկ դրսում եկեղեցու առաջնորդարանը կրակ էր առել: Եկեղեցու բակ ելնելն անկարելի դարձավ, տաճարի ներսում սոսկալի տաք, խեղդող ծուխ լցվեց: Ջերմության սաստկությունից գմբեթը, պատերն ու մարմարյա սյուները ճայթեցին: Կանայք արյուն-արցունքներով «գթացեք մեզ» կկանչեին: Ճշմարիտ դժոխքի էր վերածվել Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Սակայն ոչ եկեղեցում փակվածների աղաչանք-պաղատանքները, ոչ դառնալի լացն ու կոծը չէին կարող փրկել ճակատագրից լքվածներին»:
Տեր Գևորգն իր զեկույցում նշեց նաև, որ ականատեսների վկայությամբ կանգուն էր մնացել միայն մայր եկեղեցին, սակայն պղծվել էին բոլոր եկեղեցիները, ամեն սրբություն ոտնատակ էր արվել: «Առհասարակ ցեղասպանության տարիներին թշնամին, որն ուզում էր ոչնչացնել հայ ժողովրդին, իր հարվածը նախ ուղղեց հայ մտավորականության ու հոգևորականության վրա: Մինչև Եղեռնն էլ հայկական բոլոր եկեղեցիներն ու վանքերը ամենախիստ հսկողության տակ են պահվել օսմանյան կառավարության կողմից»,- ասաց Տեր Գևորգը:
Ըստ վիճակագրության` 1912 թ. Արևմտյան Հայաստանում հայ եկեղեցիների ու վանքերի ընդհանուր թիվն ավելի քան 2 200 է եղել, ամեն գյուղ ունեցել է իր ժամն ու քահանան: Եղեռնի տարիներին դրանցից շուրջ 2 150-ը կողոպտվել, թալանվել ու հրկիզվել են, իսկ 4000 հոգևորականներ նահատակվել են ժողովրդի հետ միասին: Ներկայումս պատմական Հայաստանի տարածքում գտնվող շատ հայկական եկեղեցիններ վերածվել են մզկիթների, անգամ` բանտերի կամ ախոռների:
Նատաշա Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել