«Երկրի օրը Հայաստանում»` մինչեւ մայիսի 2-ը
Վաղվանից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ կիրականացնի բնապահպանական միջոցառումների շարք` նվիրված Երկրի օրվան: «Երկրի օրը Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, կմեկնարկի «Կանաչ սերունդ» քարոզարշավով»,- տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:
Քարոզարշավի մեկնարկը կտրվի այսօր` ՎիվաՍել-ՄՏՍ-ի` մարզերում և Երևանում տեղակայված սպասարկման կենտրոններում երեխաների ցուցահանդեսով: Համահայկական նկարչական մրցույթի մասնակից երեխաների նկարները բնության պահպանության կոչեր են, որոնք ընկերության սպասարկման կենտրոններում կլինեն Երկրի օրվա տոնակատարության ողջ ընթացքում` բոլորին ևս մեկ անգամ հիշեցնելու բնության ու իրենց շրջապատող աշխարհի հանդեպ հոգատար վերաբերմունք ունենալու անհրաժեշտության մասին:
Միջոցառումների մեկնարկի ընթացքում, ինչպես նաև ամեն տարի որպես Երկրի օր պաշտոնապես նշվող` ապրիլի 22-ին Երևանի փողոցներում կշրջեն «Պահպանիր բնությունը» կարգախոսով անձրևանոցներ հագած պատանիներ, որոնք ծաղկի սերմեր կբաժանեն անցորդներին` նրանց էլ դարձնելով Երկրի օրվա անմիջական մասնակից:
Երկրի օրվա պաշտոնական մեկնարկից հետո Հայաստանի տարբեր մարզերում կիրականցվեն ծառատունկեր ու աղբահավաքներ: Բոլորին է տրված հնարավորություն իրենց ներդրումը ունենալ ծառատունկին` ուղարկելով sms 3008 կարճ համարին, նվիրաբերելով ծառ «Կանաչ սերունդ» Հայաստան նախագծին:
Մայիսի 2-ին Երևանում տեղի կունենա ամենածավալուն եզրափակիչ միջոցառումը, որը, կխորհրդանշի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից տարածքում Խաղաղության այգու ստեղծումը:
1970թ.-ից սկսած Երկրի օրն ամեն տարի տոնվում է ողջ աշխարհում: 1 միլիարդից ավելի մարդ է մասնակցում Երկրի օրվան նվիրված միջոցառումներին` դարձնելով այն ամենամեծ համաշխարհային տոներից մեկը: «Earth Day Network» հասարակական կազմակերպությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, 17000 գործընկեր ունի աշխարհի 174 երկրում: 2008 թ. Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Երկրի օր «Earth Day Network»-ի համաշխարհային ցանցի ներկայացուցիչն է Հարավային Կովկասում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել