HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վ. Աթանեսյան. «Մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Թուրքիան չի կարող չեզոք միջնորդ լինել»

atanesyan

«Վերջին շրջանում տարածաշրջանում իրոք ստեղծվել է սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ: Մի կողմից դա պայմանավորված է անցյալ տարվա օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններով, մյուս կողմից այդ իրադարձություններից Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում նկատվող ավելի խորը փոխընբռմամբ:

Ռուս-թուրքական հարաբերություններում ակնհայտ ջերմացում է երեւում, ինչը տրանսֆորմացվում է նաեւ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, որը միշտ էլ պոտենցիալ վտանգ է ներկայացրել, նկատի ունեմ Ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման հեռանկարի առումով»,- այսօր ԼՂՀ քաղաքական ուժերի համատեղ հայտարարության հրապարակման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասել է  ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա միաժամանակ նկատել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը Հարավային Կովկասի խնդիրները փորձում են կարգավորել ըստ իրենց նպատակահարմարության:

«Այս իմաստով հայ-թուրքական բանակցությունների ներկա ձախողվածությունը գուցե շանս է ստեղծում, որպեսզի  ԼՂՀ քաղաքակական ուժերը մեկ անգամ եւս վերահաստատեն իրենց միասնականությունը` արտաքին քաղաքական հարցերում, մեկ անգամ եւս հիշեցնեն միջազգային հանրությանը, միջնորդներին, որ մեզ համար անընդունելի է ղարաբաղյան խնդրի կարգավորումը` ըստ Հարավային Կովկասը ազդեցության գոտիների բաժանելու դոկտրինայի, եւ մենք չենք հանդուրժելու խնդրի կարգավորման այնպիսի տարբերակի մատուցումը, որը չի ենթադրում մեր ժողովրդի ինքնիշխանության`նրա համար ընդունելի սահմաններում իր պետական անկախությունը ազգային անվտանգության համակարգով զարգացնելու նպատակը»: Հետքի հարցին, թե Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացման պարագայում, ինչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա եւ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը բավարար է ռեալ գործելու համար, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց, որ եթե այսօր հայկական դիվանագիտությանը հաջողվի հասնել նրան, որ Թուրքիան չմիջամտի ղարաբաղյան կարգավորման  բանակցային գործընթացին այն չափով, որքանով որ ինքը ձգտում է, դա կլինի մեծ հաջողություն: Նա նկատեց, որ Թուրքիան շատ ճկուն քաղաքականություն վարեց եւ չպաշտպանեց իր ռազմավարական դաշնակցին` Վրաստանին, ինչը տրամաբանորեն պիտի աներ, որովհետեւ իր կոմունիկացիաները անցնում են Վրաստանով: Պատգամավորի անձնական համոզմամբ` Թուրքիան այդ քայլին գնաց միայն մեկ պատճառով` Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության, ինչին ակտիվորեն ձգտում է:

«Եւ Թուրքիան եւ Ադրբեջանը գայթակղություն ունեն, որ եթե Ռուսաստանը որոշի, որ Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից, ապա Հայաստանը չի կարող ընդդիմանալ: Այսօր հայկական դիվանագիտության խնդիրը այդ գայթակղությունը չեզոքացնելն է»,-ավելացրել է պատգամավորը: Նա կարեւոր է համարել նաեւ բացի Ռուսաստանից տարածաշրջանով հետաքրքրված երկրների առկայությունը` մատնանշելով Իրանը:

Վ.Աթանեսյանի կարծիքով, Իրանն ունի ավելի մեծ հետաքրքրություն, քան Ռուսաստանը: «Եւ ինչու՞ դա չզուգակցվի»,-հարցնում է պատգամավորը:

«Ես չեմ կարծում, որ Թուրքիան կարողանալու է իրացնել իր դիվանագիտական հետաքրքրությունը, որովհետեւ եթե այս պահին սույն րոպեական շահը նրան մերձեցնում է Ռուսաստանին, ապա արմատական հետաքրքրություններ ունեցող եւ Եվրամիությունը, եւ Միացյալ նախանգները, որոնք Թուրքիայի վրա ավելի մեծ ազդեցության լծակներ ունեն, թույլ չեն տալու, որպեսզի Թուրքիան փորձի ավելի խորամուխ լինել: Բայց որպեսզի նրանք թույլ չտան, մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Թուրքիան չի կարող չեզոք միջնորդ լինել, քանի որ նախ` նա ցեղասպանություն է իրականացրել, եւ ամենաէականը` նա է հիմնադրել Ադրբեջան պետությունը»,-եզրափակել է Վ.Աթանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter