ՀՔԾ-ի պետն Արմեն Հարությունյանին ըստ էության չի պատասխանել
Ապրիլի 14-ին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել էր հատուկ քննչական ծառայության պետին և հայտնել տեղեկություններ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից կատարված հակաիրավական արարքների վերաբերյալ, որոնք դրսևորվել էին անձանց բաժին բերման ենթարկելուց հետո նրանց ծեծելով, անօգնական վիճակում թողնելով, ազատությունից ապօրինի զրկելով:
Գրությամբ նաև հայտնվել էր, որ նրանց նկատմամբ դրսևորվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
ՄԻ պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Արմեն Հարությունյանի գրությանն ի պատասխան` ՀՔԾ-ի պետն ապրիլի 18-ի գրությամբ հայտնել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված անձանց, մասնավորապես` Արսեն Մ.-ի և մյուսների կողմից Երևանի Բաղրամյան պողոտայում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ապրիլի 10-ին քրեական գործ է հարուցվել և քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՊՆ քննչական վարչություն:
«Միաժամանակ ՊՆ քննչական վարչություն է ուղարկվել Ձեր գրությունը և տեսասկավառակը` բերված փաստերը քննությամբ ստուգելու համար»,- նշել է ՀՔԾ-ի պետը:
Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կրկին պաշտոնական գրությամբ դիմել է ՀՔԾ-ի պետին` հայտնելով որ ... «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հակաիրավական արարքների վերաբերյալ տեղեկությունների քննարկման առարկա դարձնելը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը: Փաստորեն, մեր առաջարկին առ այն, որ հայտնաբերվեն հակաիրավական արարք կատարած ոստիկանության աշխատակիցները և ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության, Դուք Ձեր գրությամբ չեք անդրադարձել և մեր գրությանը ըստ էության չեք պատասխանել»:
Վերոգրյալից ելնելով` պաշտպանը ՀՔԾ-ի պետին կրկին անգամ առաջարկել է պարզելու հակաիրավական արարք կատարած անձանց և նրանց ենթարկել օրենքով նախատեսված պատասխանատվության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել